Մատչելիության հղումներ

Փարաքարում նախնական ընտրությունների վերջին օրն է. ընտրողներից ոչ բոլորն էին ծանոթ թեկնածուներին


Փարաքարում ընթացող փրայմըրիզը՝ համայնքի ղեկավարի նախնական ընտրությունը, մոտենում է ավարտին։ Երրորդ՝ վերջին օրը, իշխանական շրջիկ խմբերը դեռ քվեատուփերով շրջում են փողոցներով ու վերջին քվեներն են հավաքում։ Իշխող ուժի վարչության հաստատած 6 թեկնածուներին մոտ 20 հազար ընտրող ունեցող խոշորացված համայնքում, սակայն, ոչ բոլորն են ծանոթ։

Բնակիչներից ոմանք էլ հասցրին տեղում ծանոթանալ թեկնածուներին։

Գյումրիից հետո Երևանին մոտ խոշորացված այս համայնքը երկրորդն է, որտեղ ժամանակավոր ղեկավար կնշանակվի բնակիչների քվեարկությամբ։ Նախկին համայնքապետի հրաժարականից հետո իշխանությունը որոշեց այստեղ էլ փրայմըրիզ անցկացնել։ Լյուդվիգ Գյուլնազարյանը, որ այժմ թեկնածուներից մեկն է, սպանության աղմկոտ դեպքից հետո էր հրաժարական ներկայացրել։ Ավելի ուշ պնդել էր, թե դեպքի հետ ինքը կապ չունի, չնայած դեպքի օրը ոտքից վիրավորվել էր։ Քրեական այս պատմությունը, սակայն, խոչընդոտ չէր, որ Լյուդվիգ Գյուլնազարյանը առաջադրվի ու թեկնածուներից մեկը լինի։

6 թեկնածուներից մեկն է միայն, որ իշխող ուժի անդամ չէ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ Գոռ Սարիբեկյանը իշխանության համախոհ է։

Մինչ փրայմըրիզը թեկնածուները մեկ շաբաթ են ունեցել 9 գյուղ ընդգրկող Փարաքար խոշորացված համայնքում քարոզարշավի համար։ Լռության օր չկա այս ընտրություններում։

Իշխող ուժում ընտրություններից մարդկանց մասնակցությունն ակտիվ են համարում։

Փարաքարի փրայմըրիզի արդյունքները, ըստ Արթուր Հովհաննիսյանի, հայտնի կդառնան այսօր՝ մինչ կեսգիշեր, ձայների հաշվարկը կհեռարձակվի ուղիղ եթերում։ Նախնական ընտրություններին հաղթած թեկնածուն էլ կգլխավորի իշխող թիմի նախընտրական ցուցակը մարտին կայանալիք արտահերթ ընտրություններում։ ՔՊ-ին այստեղ 2021-ի ընտրություններում չէր հաջողվել իշխանություն ստանալ, բայց կոալիցիա կազմելու արդյունքում կարողացան դաշնակցի հետ հերթով կառավարել համայնքը։

Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռեպորտաժում.

XS
SM
MD
LG