Մատչելիության հղումներ

Փարաքարի փրայմըրիզին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում՝ նախկին համայնքապետը


Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու։ Նրանք են՝ Արփինե Առաքելյանը, քրեական պատմության մեջ հայտնվելուց հետո համայնքապետի պաշտոնից հրաժարված Լյուդվիգ Գյուլնազարյանը, Կարեն Երեմյանը, Մհեր Հարությունյանը, Արման Մնացականյանը, Գոռ Սարիբեկյանը:

Որոշումը կայացվել է այսօր «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստում, հայտնել է վարչապետը սոցիալական ցանցում։

Նախնական ընտրություններում ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն կնշանակվի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

Գյումրիից հետո Փարաքարը երկրորդն է, որտեղ փրայմըրիզով ղեկավար կնշանակի վարչապետ Փաշինյանը:

Լյուդվիգ Գյուլնազարյանի հրաժարականի հիմքում նոյեմբերի 18-ին Երևանում կատարված սպանությունն էր, որի ընթացքում ոտքից վիրավորվել էր նաև նա: Աղմկոտ վիճաբանության հետ ինքը կապ չունի, պնդել էր ՔՊ-ական նախկին համայնքապետը:

2021-ին կայացած համայնքապետի ընտրություններում վարչապետ Փաշինյանի թիմը Փարաքարում պարտվել էր։ Ամենաշատ ձայնը ստացել էր ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 10 մանդատ, սակայն 6 մանդատ ստացած «Քաղաքացիական պայմանագիր»-ը միացավ 5 մանդատ ունեցող «Դավիթ Մինասյան» դաշինքին ու որոշեցին հերթով կառավարել համայնքը։ Դավիթ Մինասյանը 2.5 տարի համայնքը ղեկավարեց, Լյուդվիգ Գյուլնազարյանը՝ 5 ամիս:

XS
SM
MD
LG