Մատչելիության հղումներ

Փաշինյան. «Իրական Հայաստանը Խաղաղության մեր օրակարգի հայեցակարգային, գաղափարական հիմքն է»


Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի

«2024 թվականն ահա պատմություն է այլևս: Բայց այդ պատմությունն առանձնանում է իր էությամբ ու բովանդակությամբ: 2024 թվականին ձևավորվեց և այսօր, հիմա յուրաքանչյուրիդ առաջ է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ամանորյա ուղերձում:

«Սա շրջադարձային կետ է մեր պատմության համար, որովհետև այդ գաղափարախոսությամբ առաջարկվում է այլ դիտանկյունից նայել ոչ այնքան և ոչ միայն մեր անցած ճանապարհին, այլև մեր ապագային: Առաջին հերթին՝ մեր ապագային», - ասաց վարչապետը:

«Իրական Հայաստանի գաղափարախոսությունն առաջարկում է այլ դիտանկյունից նայել մեր պետությանը, նրա գործառնական նշանակությանը, մեր ներքին և արտաքին հարաբերություններին, մեր տարածաշրջանին ու աշխարհին, առաջարկում է, որ այլ դիտանկյունից նայենք ինքներս մեզ, որպես հավաքական ամբողջություն, և մեզնից յուրաքանչյուրն ինքն իրեն, իր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության հետ իր հարաբերություններին:

Իրական Հայաստանը Խաղաղության մեր օրակարգի հայեցակարգային, գաղափարական հիմքն է ու հիմնավորումը, և ուղիղ եմ ուզում ասել, առանց Իրական Հայաստանի գաղափարախոսության Խաղաղության օրակարգի իրագործումն անհնար է:

Այսօր շատերն են հանդես գալիս հասկանալի հարցադրումով. իսկ որքանո՞վ է իրագործելի և իրատեսական Իրական Հայաստանի գաղափարախոսությունն ու դրա վրա հիմնված Խաղաղության օրակարգը:

2018 թվականի մարտի 31-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշմամբ և այլ գործընկերների հետ խորհրդակցելով, ձեզ ներկայացրի Հայաստանում ժողովրդի իշխանություն հաստատելու` իշխանության փոփոխություն, ի վերջո Հեղափոխություն իրականացնելու ծրագիրն ու հայեցակարգը, և այդ հայեցակարգի ներկայացման պահին հայաստանցիների ճնշող մեծամասնությունը դա որքան էլ ցանկալի, նույնքան անիրատեսական էր համարում, ըստ էության անհնար:

Բայց Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա Հեղափոխությունը տեղի ունեցավ՝ համարձակության, հետևողականության, շրջահայացության, նախապես որդեգրված հստակ ռազմավարության ու մարտավարության, բայց նաև ճկունության և ստեղծագործականության, ինչպես նաև բոլորիդ աջակցության շնորհիվ:

Խաղաղության օրակարգի պարագայում իրավիճակը, իհարկե, նույնը չէ, որովհետև դրա իրագործումը կախված է ոչ միայն մեր ժողովրդից ու Կառավարությունից:

Բայց երկու իրավիճակները նման են այնքանով, որ ես առաջարկում եմ քննարկել և կենտրոնանալ մե՛ր և ոչ թե ուրիշների անելիքների և ասելիքների վրա, և սա հաջողության եթե ոչ երաշխիք, առնվազն էական պայման է», - հայտարարեց Փաշինյանը:

«Սահմանազատման գործընթացը հաջողության պատմություն է»

«Այդպես մենք վարվեցինք 2024 թվականի ապրիլ-մայիսին, երբ նախ Ազգային ժողովի ամբիոնից ներկայացրի Իրական Հայաստանի հայեցակարգը, և մեր Կառավարությունը խորհրդարանական մեծամասնության և ժողովրդի աջակցությամբ կարողացավ բավարար կամք և վճռականություն ցուցաբերել Բերքաբեր-Կիրանց-Ոսկեպար հատվածում սահմանազատման, իմ գնահատմամբ, ճակատագրական գործընթացը մեկնարկելու համար:

Սիրելի՛ ժողովուրդ, սահմանազատման գործընթացը, ի հեճուկս բոլոր քննադատությունների, հաջողության պատմություն է, մեր պետության, անկախության, անվտանգության ու բարեկեցության կարևորագույն անկյունաքար: Գնացեք և սեփական աչքերով տեսեք սահմանազատված Կիրանցը, և ձեզ համար պարզ կլինի, թե ինչ նկատի ունենք անկախություն, անվտանգություն ասելով, ինչ նկատի ունենք Իրական Հայաստան և Խաղաղության օրակարգ ասելով», - ասաց պետության ղեկավարը;

«Իրական Հայաստանը՝ 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի Հանրապետությունը, պետք է առաջնորդող գաղափարախոսություն դառնա ոչ միայն Կառավարության ու խորհրդարանական մեծամասնության, այլև Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար, և այդ գաղափարախոսության առանցքային ընկալումն այն է, որ պետությունն իր քաղաքացիների անվտանգությունը,
բարեկեցությունը, երջանկությունն ապահովելու, ինքնությունը պահպանելու և զարգացնելու գործիք է և ուրիշ ոչինչ», - վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը:

Նշելով, որ սա իր 7-րդ ամանորյա ուղերձն է, Փաշինյանն ընդգծեց, որ այդ բոլոր ուղերձների հիմքում «դրված է եղել ռազմավարական մի նպատակ. գտնել ճանապարհն ու բանաձևը մեր պետության ու պետականության, անկախության և ինքնիշխանության ոչ միայն զարգացման, այլև հարատևության համար»: «Եվ համոզված եմ, այսօր համոզված եմ՝ այդ բանաձևն ու գաղափարախոսությունը գտնված է, և դա Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է, որ մեզ հնարավորություն է տալիս առաջ գնալ, որ մեզ հնարավորություն է տալիս իրագործել պետականության, անկախության հարատևության օրակարգը, և այդ օրակարգի բարեհաջող իրագործումը կախված է նաև նրանից, թե մենք ինչքան և ինչպես կաշխատենք, թե մենք ինչքան և ինչպես կսովորենք պետություն ունենալ, հարատև պետություն ունենալ», - հայտարարեց պետության ղեկավարը:

«2024-ը վերջին 20 տարվա համեմատության մեջ ամենախաղաղ և ամենահանգիստ տարին է եղել մեր երկրի համար»

«2025 թվականը դիմավորում ենք էականորեն ավելի խաղաղ, էականորեն ավելի կայուն, էականորեն ավելի անվտանգ միջավայրում, էականորեն ավելի անկախ, էականորեն ավելի ինքնիշխան, էականորեն ավելի վստահ քան նախկինում, ահա այս ամենը Իրական Հայաստանի, աշխատանքի և կրթության, փոխվելու և վերափոխվելու ռազմավարության արդյունք է», - վստահեցրեց Փաշինյանը;

«2024 թվականը վերջին քսան տարվա համեմատության մեջ ամենախաղաղ և ամենահանգիստ տարին է եղել մեր երկրի համար, և այս փաստը, իրոք, պետք է խորությամբ ու լրջորեն վերլուծել: Այդ փաստի վրա հիմնվելով՝ պետք է ունենալ հաջորդ ավելի հանգիստ ու ավելի խաղաղ տարին, հետո երրորդ ավելի հանգիստ ու խաղաղ տարին, հետո հնգամյակը, հետո տասնամյակը, հետո հարյուրամյակը և այդպես շարունակ: Մենք գնում ենք այդ ճանապարհով, և սա է այն ճանապարհը, որով պիտի առաջնորդվենք և որով պիտի առաջնորդենք», - հայտարարեց Հայաստանի վարչապետը;

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG