«Մեր կյանքում առկա չփարատված մտահոգություններով ու հոգսերով հանդերձ՝ Նոր տարի մուտք ենք գործում լավատեսությամբ և բարի սպասումներով», - հայտարարեց Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսն իր ամանորյա ուղերձում:
«Ամանորը առիթ է ինքնաքննության, անդրադառնալու ազգային ու հայրենական մեր կյանքը հուզող խնդիրներին։ Ամանորը հրավեր է նորոգության, հրավեր ապագայի շուրջ մտորումների, կյանքն առավել ապահով, բարօր ու շեն դարձնելու նախաձեռնությունների», - նշեց Վեհափառը:
Ամենայն Հայոց կաթողիկոսը վստահ է, որ «սիրո, բարության ու արդարության ճանապարհով ընթանալով, կարող կլինենք դիմակայել ծանր, անգամ անելանելի թվացող իրավիճակներին»։ «Կարող կլինենք ուժ գտնել նեղությունները համատեղ ջանքերով հաղթահարելու, փորձությունները փորձառության վերածելու, ձախողումներն ու պարտությունները ձեռքբերումների վերափոխելու և մեր նոր օրը կառուցելու», - ասաց Վեհափառ հայրապետը՝ շարունակելով. - «Այս հաստատ համոզումով ենք պատմության ողջ ընթացքում մեր հարազատ բնօրրանում ապրել, մեր պետականությունը կերտել և օրհասական պահերին հանձնառու ոգով համախմբվել հանուն հայրենիքի հզորացման և ազգային տեսիլքների մարմնավորման։ Մաքառել ու տոկացել ենք առ Տերը հույսով և առաքյալի խոսքի նկատմամբ հավատով, թե՝ նեղություն ունենք, բայց ընկճված չենք, կարոտյալ ենք, բայց հուսահատ չենք, հալածված ենք, բայց լքված չենք, չարչարված ենք, բայց կործանված չենք»:
«Արդ, մեր կյանքում ծառացած դժվարությունների հանդիման հարկ է աննկուն մնալ և առկա մարտահրավերների ու պարտադրվող պահանջների հանգուցալուծումը չփնտրել հայրենավնաս զիջումների, մեր սրբություններից ու ավանդական արժեքներից հրաժարման միջոցով։ Աներեր մնանք մեր պատմությանն ու արժեհամակարգին հավատարմության մեջ, անխաթար պահպանենք մեր ինքնությունը, ինչը կարևոր է նոր սերնդի ոգու և գիտակցության կերտման, նաև աշխարհում մեր պետության և ժողովրդի հեղինակության ամրապնդման, ազգային իրավունքների պաշտպանության համար», - հայտարարեց Գարեգին երկրորդ կաթողիկոսը:
«Հավատում ենք, որ մեր պատմությունը զարդարվելու է նոր վերելքով։ Լուսավոր գալիքի մեր ձգտումներում զինվենք հույսով և հավատով, Աստծուն ապավինած իրագործենք յուրաքանչյուրս մեր առաքելությունը՝ ի սեր անձնական ու հավաքական մեր կյանքի բարօրության։ Նորոգված կյանքով կարող պիտի լինենք կերտել նոր իրականություն, որտեղ գերակա կլինեն ուղղամտությունն ու համերաշխությունը, օրինահարգությունն ու հայրենանվիրումը, նոր իրականություն, որտեղ յուրաքանչյուր հանձնառություն միտված կլինի մեր պետության հզորացմանը, ազգի անվտանգ ու արժանապատիվ կյանքի ապահովմանը, արցախահայության անօտարելի իրավունքների պաշտպանությանը։ Այս տեսլականով վերափոխենք մեր կյանքի ընթացքը և միշտ քայլենք սիրո և միաբանության կենարար ճանապարհով», - նշեց Վեհափառը:
«Սիրելի հավատավոր ժողովուրդ, տարեմուտի սեմին աղոթենք առ Աստված մեր հայրենիքի, հայոց բանակի, հայրենի հողից ու տնից բռնությամբ զրկված արցախցիների, նահատակված զավակների կորուստը սգացող, գերեվարված և անհայտ կորած սիրելիների ցավով ապրող ընտանիքների, հիվանդների ու զրկանքների մեջ գտնվողների համար։ Աղոթենք նաև աշխարհասփյուռ մեր քույրերի ու եղբայրների համար, ովքեր կրում են պատերազմների կործանարար հետևանքները։ Հայցենք խաղաղություն համայն աշխարհին, մեր հայրենիքին ու ժողովրդին։ Թող Տերը օգնական ու զորակից լինի ազգիս հայոց՝ շնորհելով լուսառատ նոր հորիզոններ», - ասաց Ամենայն Հայոց կաթողիկոսը;
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն օրեր առաջ հայտարարեց, որ նպատակահարմար չի նկատում Հանրային հեռուստաընկերության եթերով Ամենայն Հայոց հայրապետի ամանորյա ուղերձի հեռարձակումը, որ Հանրայինը նախատեսում էր դեկտեմբերի 31-ին ժամը 21:55-ին։
Հայ Առաքելական եկեղեցու և Հայաստանի գործող իշխանության միջև տարաձայնությունների ֆոնին Հանրային հեռուստաընկերությունն ի տարբերություն նախորդ տարիների 2023 թվականի դեկտեմբերի 31-ին կեսգիշերից առաջ նույնպես չէր հեռարձակել Վեհափառի ամանորյա ուղերձը:
Տասնամյակներ շարունակ Ամանորի գիշերը երկրի ղեկավարի ելույթին նախորդում էր Ամենայն Հայոց կաթողիկոսինը: