Վարչապետն Անկախության հռչակագրի նոր մեկնաբանությամբ այսօր խորհրդարանում ամփոփեց 2025 թվականի բյուջեի քննարկումը:
«Հայաստանի Անկախության հռչակագրի բովանդակությունն այն մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող գոյություն ունենալ», - հայտարարեց նա։
Մինչդեռ 2.5 ամիս առաջ հռչակագրի ընդունման շնորհավորական ուղերձում Փաշինյանն ինքն էր փաստաթղթի ընդունումը կարևորել հատկապես անկախության ու ինքնիշխանության տեսանկյունից։ Բայց, սա առաջին դեպքը չէ, որ 1990 թվականին ընդունված հռչակագիրը Նիկոլ Փաշինյանը յուրովի է մեկնաբանում: Տարեսկզբին էլ վարչապետը ցլի և կարմիր շորի օրինակով զգուշացնում էր, թե Սահմանադրությունից այն չհանելու դեպքում պատերազմ է լինելու:
Հայաստանի Անկախության հռչակագիրը խնդրահարույց է համարում նաև Բաքուն՝ պնդելով, թե Սահմանադրության նախաբանում հղումն այդ փաստաթղթին տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ և համառորեն պահանջում է այն հեռացնել մայր օրենքից:
Թեժ բանավեճ Նիկոլ Փաշինյանի և ընդդիմադիրների միջև
Իրական ու պատմական Հայաստանի օրակարգ, բանակ, տնտեսություն, քաղաքային խնդիրներ, պարգևավճարներ, կոռուպցիա․ երեք օր շարունակ այս մասին խորհրդարանում բյուջեի քննարկումների ժամանակ ընդդիմադիրների քննադատություններին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մեր հավաքական սոցիալ մտածողությունն էականորեն ապապետական է, մեր ենթագիտակցությունն է ապապետական»:
Հենց սա է, ըստ վարչապետի, այսօրվա խնդիրների հիմքում, նշեց՝ բյուջեի քննարկումն էլ դրա վկայությունն էր: Վարչապետին, օրինակ, վրդովվեցրել էր ընդդիմադիրների պնդումը, թե հերոսներ են ոչ թե հարկ վճարող քաղաքացիները, այլ սահմանին կանգնած զինվորները, որոնց իշխանությունը, ընդդիմադիրների գնահատմամբ, նսեմացնում է:
«Եթե խոսքը «Գինի լից» երգի կամավորի մասին է, այդ կամավորը գոյություն ունի պետության չգոյության պայմաններում», - ասաց վարչապետը, ինչին արձագանքեց «Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանը. - «Կանգնած այստեղ քամահրանքով, ծամածռվելով ասում եք՝ «էդ «Գինի լից»-ի կամավորին նկատի՞ ունեք»։ Չէ, այն մարդկանց նկատի ունեմ, որոնց ուղարկեցիք ռազմադաշտ, ուղարկեցիք սպանվելու՝ իմանալով, Ձեր բառերով, պատերազմի ելքը»։
Թեժ էր բանավեճը նաև պատմական ու իրական Հայաստանի շուրջ: Վարչապետ Փաշինյանը հայտարարեց՝ չի հասկանում՝ ինչո՞ւ են մարդիկ իրենց ծագման մասին խոսելիս հասնում Մուշ ու Սասուն. - «Ջահել տղա է, խոսում ես հետը, ասում է՝ ես սասունցի եմ։ Էն մեկն ասում է՝ ես մշեցի եմ։ Ես ուզում եմ հասկանալ՝ բա դիլիջանցին ո՞վ է այս երկրում, բա երևանցին ո՞վ է»։
«Հիշողություն, արմատ չունեցողին Այթմատովը կոչում էր «մանկուրտ», - իր հերթին, ասաց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Եզրափակիչ ելույթի մի հատված էլ վարչապետը նվիրեց թոշակներին, ասաց՝ ոչինչ չի փոխվի քանի դեռ թոշակառուների ու աշխատող քաղաքացիների թիվը Հայաստանում հավասար է:
Սակայն, այդպես էլ չպատասխանեց ընդդիմադիր Արթուր Խաչատրյանի մի շարք քննադատություններին: Պատգամավորն, օրինակ, հիշեցրեց՝ կառավարությունը 2021-26 թվականի ծրագրով տարեկան առնվազն 7 տոկոս տնտեսական աճ է խոստացել, բայց այս տարի կանխատեսվում է 5.8, իսկ 2025 -ին՝ 5.6 տոկոս աճ:
«Պա-պա-լա, ինքս մամբո»
Արթուր Խաչատրյանը նաև պնդեց՝ արտաքին քաղաքականությունն էլ հուսադրող չէ։
«Հայաստան» խմբակցությունը դեմ կքվեարկի բյուջեի նախագծին, իշխանական խմբակցությունը՝ կողմ: Ընդդիմադիր մյուս՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունն առհասարակ չմասնակցեց բյուջեի քննարկմանը: