«Օտարերկրյա գործակալների մասին» վիճահարույց օրենքը Վրաստանում պաշտոնապես ուժի մեջ մտնելուց ժամեր անց Մոսկվան հայտարարեց՝ պատրաստ է Թբիլիսիի հետ երկխոսության՝ թեկուզ խորհրդարանի մակարդակով։
Վրացական խորհրդարանն էր, իշխող մեծամասնության ջանքերով, անցած ամիսներին անտեսելով շաբաթներ տևած բողոքի ակցիաներն ու արևմտյան գործընկերների նախազգուշացումներն, ընդունել աղմկահարույց օրենքը, որը շատերը համեմատում են հենց ռուսաստանյան տխրահռչակ օրենքի հետ։ Այդ օրենսդրության օգնությամբ Կրեմլը բանտարկեց տասնյակ լրագրողների, իրավապաշտպանների, փակելով երկրով մեկ բազմաթիվ անկախ կազմակերպություններ։
Սահմանափակումներ ենթադրող օրենքի ընդունումից հետո Եվրամիության անդամակցության հեռանկարի վտանգի բախված Թբիլիսիին դիմելով Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն այսօր հայտարարեց՝ ռուսական կողմը պատրաստ է շփումներ սկսել Վրաստանի հետ՝ չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը։ Վրաստանի կառավարությունից առայժմ չեն արձագանքել հարևան երկրի պատրաստակամությանը։
Մատվիենկոն համոզմունք է հայտնել, թե Վրաստանի ժողովուրդը «բարեկամաբար» է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ
«Շփումներ դեռևս չկան, հասկանալի է՝ ոչ մեր մեղքով։ Վրաստանում բարդ քաղաքական գործընթացներ են ընթանում, շատ բան է վերաիմաստավորվում. հոկտեմբերին Վրաստանում ընտրություններ են լինելու, և, իհարկե, դրանք կորոշեն զարգացման տնտեսական, սոցիալական և քաղաքական ուղեգիծը», - ռուսաստանյան պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ հայտարարել է Մատվիենկոն՝ համոզմունք հայտնելով, թե Վրաստանի ժողովուրդը «բարեկամաբար» է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ։
Վրաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ մինչդեռ շաբաթներ շարունակ Թբիլիսիի փողոցներում «ոչ ռուսական օրենքին» էին վանկարկում և պնդում, որ իշխանությունը օտարերկրյա գործակալների մասին օրենքն ընդունում է Մոսկվային հաճոյանալու համար, հետագայում էլ՝ Պուտինի ռեպրեսիվ վարչակազմի օրինակով անկախ ձայները լռեցնել ու ճնշել։
Այսօրվանից ուժի մեջ մտած օրենքը պարտավորեցնում է այն բոլոր հասարակական կազմակերպություններին ու լրատվամիջոցներին, որոնց ֆինանսավորման ավելի քան 20 տոկոսն օտարերկրյա ծագում ունի, տարեկան հայտարարագիր ներկայացնել, հակառակ դեպքում օրենքով սահմանել մոտ 10 հազար ամերիկյան դոլարին համարժեք տուգանք։
Թե՛ վրաց ընդդիմությունը, թե՛ Թբիլիսիի միջազգային գործընկերները մտավախություն ունեն, որ այդ օրենքի կիրառումը ժողովրդավարական օրակարգ որդեգրած երկրում կհանգեցնի ազատությունների սահմանափակման։
Ի պատասխան Բրյուսելը սառեցրեց Եվրամությանը Վրաստանի անդամակցության գործընթացը, կասեցրեց Վրաստանի պաշտպանության նախարարության համար նախատեսված 30 միլիոն եվրոյի հատկացումը։ Թբիլիսիի մյուս առաջատար գործընկերը՝ Միացյալ Նահանգներն էլ չեղարկեց վրաց-ամերիկյան ամենամյա զորավարժությունները, վիզային սահմանափակումներ կիրառեց տասնյակ վրաց պաշտոնյաների նկատմամբ։
«Ամերիկյան կողմն ուշի-ուշով հետևում է Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին»
Ամերիկացի մի խումբ սենատորներ պնդում են՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները ջերմացնող «Վրացական երազանքի» իշխանության նկատմամբ ավելի շատ սահմանափակումներ պետք է կիրառվեն՝ համառորեն պահանջելով Բայդենի վարչակազմից անձամբ թիրախավորել իշխող ուժի պատվավոր ներկայացուցիչ Բիձինա Իվանիշվիլիին։
Նման պահանջ հնչեց նաև նախօրեին՝ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Հելսինկյան կոմիտեի անդամների կողմից։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենն արձագանքելով օրենսդիրների կոչերին՝ հայտարարեց, որ հարցը քննարկման փուլում է։
«Հարցնում եք պատժամիջոցների մասին՝ մենք ակտիվորեն քննարկում ենք մեր ունեցած բոլոր հնարավորությունները», - հայտարարեց Օ՛Բրայենը՝ չշտապելով, սակայն, հստակեցնել Վրաստանի իշխանությունների վերջին ամիսներին ամենաշատը հուզող հարցը՝ արդյոք Վաշինգտոնը պատրաստվում է սև ցուցակում ներառել միլիարդներ կուտակած, երկրի ստվերային ղեկավարը համարվող Իվանիշվիլիին։
Պետքարտուղարությունից փոխարենը վերստին հայտարարում են՝ մտահոգությունները պահպանվում են, ամերիկյան իշխանությունները շարունակում են ուշի-ուշով հետևել Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին:
«Մտավախությունները, որոնք ունեինք այս օրենքի հետ կապված մնում են շատ իրական և շատ լուրջ... Անկեղծ ասած, այս օրենքը կարծես թե վերցված լինի Կրեմլի խաղի կանոնների ձեռնարկից, որի թիրախը մարդասիրական և ոչ կառավարական կազմակերպությունները, իրավապաշտպաններն ու լրագրողներն են։ Մենք, անշուշտ, ուշադիր հետևելու ենք դրան», - շեշտել է պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։