Մեկ տարվա ընթացքում պետությանը վերադարձվել է ավելի քան 30 միլիոն դոլար արժողությամբ գույք և դրամական միջոց. սա դատախազության պաշտոնական տվյալն է: Դատարանները վճռել են, որ դրանց արդեն նախկին տերերն այդ գույքերին ու փողերին կամ տիրացել են անօրինական ճանապարհով, կամ էլ չեն կարողացել հիմնավորել, թե ինչպես են ձեռք բերել այդ ունեցվածքը՝ ինչ փողով են գնել կամ էլ նվեր ու ժառանգություն ստացել:
«2023-24 թվականների ընթացքում վերադարձված գույքերի շուկայական արժեքի և դրամական միջոցների հանրագումարը մոտ 30 միլիոն դոլար է: Մասնավորապես, պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում 2023-24 թվականների ընթացքում ութ գույքի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքը»,- Կառավարության վերջին նիստում հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ հիշեցնելով, որ 2023-ի ապրիլից սկսած Դատախազությունը նաև համայնքային շահերի պաշտպանության իր լիազորությունն է վերսկսել իրականացնել.:
Վարդապետյանի խոսքով, հիշյալ ութ գույքերի շարքում են մայրաքաղաքի Աբովյան փողոցում գտնվող հայտնի ԱՕԿՍ-ի շենքը, Ծաղկաձորի հատուկ պահպանվող տարածքները, Արարատի մարզի «Երասխ-2» զորամասը:
Գլխավոր դատախազը խոսեց նաև համայնքներին վերադարձված գույքերից, կանաչ գոտիներից.- «Գավառի մանկատանը պատկանող զբոսայգին վերադարձվել է կրկին համայնքին»:
Վարդապետյանի ներկայացրած 30 միլիոն դոլարից ավելի քան 10 միլիոնը վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքին, նախկին տերերը դատարաններում չեն կարողացել ապացուցել, որ օրինական ճանապարհով են ձեռք բերել դրանք:
Աննա Վարդապետյանն իր հաշվետվության մեջ նաև ընդգծեց պետության օգտին կայացված, բայց դեռևս ուժի մեջ չմտած վճիռների մասին. կողմերը դրանք վիճարկել են վերադաս ատյաններ. - «Եվս չորս լոտ գտնվում է բողոքարկման գործընթացում, կողմն է բողոքարկել, մենք ընդամենը կսպասենք, մինչև դատական ակտը մտնի օրինական ուժի մեջ»:
Գլխավոր դատախազի ծավալուն այս հաշվետվությունը հետևում է վարչապետի հայտարարությանը այն մասին, թե հատիկ առ հատիկ հետ են բերելու թալանը:
«Մենք էդ պատասխանատվությունը շարունակում ենք կրել և ինչ որ ասել ենք, անելու ենք, այդ թվում՝ ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմով», - ասել էր Նիկոլ Փաշինյանը:
Իրավապաշտպանները, սակայն, շարունակում են քննադատել Փաշինյանի թիմին խոստումները չկատարելու համար: Զարուհի Հովհաննիսյանը հենց պաշտոնական վիճակագրությունն է վկայակոչում: Ըստ Գլխավոր դատախազության կայքէջի՝ 2018-2022 թվականներին վերականգնված դրամական միջոցների ծավալը հիմնականում չի գերազանցել պետությանը պատճառված վնասի անգամ 1 տոկոսը: Եվ միայն 2023 թվականին մի փոքր աճ է արձանագրվել՝ վերականգնված վնասը կազմում է պատճառված վնասի ավելի քան 5 տոկոսը:
«Նախ, կարծում եմ՝ բավականաչափ ժամանակ է տրվել, որպեսզի այն ապօրինությունները, որոնք կարող էին բացահայտվել, քողարկվեն, մյուս կողմից, կարծում եմ նաև՝ որոշակի պայմանավորվածություններ կան՝ ձեռք չտալու այն անձանց, ովքեր խաղաղ փոխանցել են նաև իշխանությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում մեկ խնդիր էլ կա. այդ օրենքը 2022-ի սկզբից Սահմանադրական դատարանում վիճարկում են ընդդիմադիր պատգամավորները։ Պնդում են՝ այն հակասահմանադրական է։ Բայց քննությունը երկու տարի է կասեցված է։ Բարձր դատարանի պատասխանը նույնն է՝ չնայած կասեցմանը, գործընթացը սառեցված չէ, մեծածավալ ուսումնասիրություններ են կատարում: Մասնագետները պնդում են, որ եթե Բարձր դատարանն այս օրենքը հակասահմանադրական ճանաչի, ապա պետությանն անցած գույքերը պետք է վերադարձվեն արդեն նախկին տերերին։