Մատչելիության հղումներ

Պետությունը պահանջում է վերադարձնել «Հայաստանի խուլերի միավորման»՝ Երևանի կենտրոնում գտնվող մասնաշենքը


Գլխավոր դատախազությունը դատարան է դիմել «Հայաստանի խուլերի միավորման» Երևանի կենտրոնում՝ Կողբացու 69 հասցեում գտնվող մասնաշենքը պետությանը վերադարձնելու պահանջով:

Իրավապահները հայցում պնդում են, թե միավորման՝ Հյուսիսային պողոտայի հարևանությամբ գտնվող 3608 քմ մակերեսով շենքն ու 1500 քմ հողակտորն ապօրինի են սեփականաշնորհվել։ Ըստ դատախազության՝ շինությունն ու հողակտորը պետական սեփականության մասին 1990 թվականի օրենքով պետականացվել է։ Դրանից հետո «Խուլերի միավորումն» առանց պետության որոշման չէր կարող դրանք սեփականաշնորհել։ Գերատեսչությունը պահանջը հիմնավորող նաև այլ օրենքի ու կառավարության որոշման է հղում արել։

«Փաստերի և իրավական նորմերի համադրված վերլուծությունից հետևում է, որ դեռևս խորհրդային տարիներին կառուցված Երևան քաղաքի Եզնիկ կողբացի 69 հասցեի անշարժ գույքի նկատմամբ ենթակա էր գրանցման Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը և դրա նկատմամբ չէր կարող գրանցվել ՀՀ տարածքում միայն 2003 թվականի նոյեմբերի 21-ին որպես իրավաբանական անձ պետական գրանցում ստացած (ստեղծված) «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ի սեփականության իրավունքը»,- «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում են գերատեսչությունից։

«Հայաստանի խուլերի միավորումից» դեռ չեն մեկնաբանում դատախազության հայցը։ Կազմակերպությունից հայտնում են, թե եռահարկ շենքը խուլ ու համար քաղաքացիներին է ծառայում։ Նրանց անվճար, այդ թվում՝ թարգմանչական, իրավաբանական ծառայություններ են մատուցում։ Շենքում նաև մասնավոր ընկերություններին են վարձակալությամբ տարածքներ տրվում։

Պետությունը պահանջում է նաև վերադարձել Գրողների, Նկարիչների միությունների, ԴՕՍԱԱՖ համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության, «Հայաստան» մարզական միությանը պատկանած «Սպարտակ» համալիրի տարածքն ու մյուս շենքերը:

Գրողների ու Նկարիչների միությունների դեմ հայցերն արդեն դատարանում են: Նրանք անհիմն են համարում դատախազության հայցերն ու պնդում, թե շենքերն օրենքով են սեփականաշնորհել:

«Հնարավոր չէ այդպիսի սցենար, որ նկարիչները զրկվեն իրենց տնից, հնարավոր է այնպիսի սցենար, որ ոչ միայն Նկարիչների միությունն, այլև բոլոր նմանատիպ կազմակերպությունները զրկվեն կամայական ձևով այդ շենքերը վաճառքի հանելու հնարավորությունից», - ամիսներ առաջ խորհրդարանում վարչապետը փաստացի հաստատել էր՝ միությունների շենքերը պետականացնելու որոշումը քաղաքական է:

Նիկոլ Փաշինյանը բերել էր «Հայաստան» մարզական միության օրինակը, որն իր անունով գրանցված գույքն ու տարածքները 5 մլրդ դրամով մասնավորին էր վաճառել։

«Մենք իրավական վերլուծություն արեցինք և տեսանք, որ կա մեծ պրոբլեմ: Ո՞րն է այդ պրոբլեմը, որ Խորհրդային միության ժամանակ միությունների, մարզական և ստեղծագործական միությունների գույքն ավտոմատ կերպով համարվել է ինչ-որ ընթացակարգերով այդ միությունների սեփականություն, մինչդեռ դա եղել է Հայկական Խորհրդային Սովետական Հանրապետության սեփականությունը», - հայտարարել էր վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG