Մատչելիության հղումներ

Դատախազությունը պահանջում է Վարդան Ղուկասյանից բռնագանձել տասնյակ անշարժ գույքեր, մեքենա, մոտ 223 մլն դրամ


Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան, արխիվ
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան, արխիվ

Գլխավոր դատախազությունը պահանջում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից և նրա հարազատներից բռնագանձել 17 անշարժ գույք, մեկ ավտոմեքենա, մոտ 4.5 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, 218 մլն 335 հազար դրամ էլ՝ որպես ապօրինի եկամուտ: Հակակոռուպցիոն դատարանը Դատախազության այս հայցադիմումն ընդունել է վարույթ։

Ինքը՝ Ղուկասյանը, չի ընդունում, որ ապօրինի ծագման գույք ու դրամական միջոցներ ունի: «Միանշանակ՝ չեմ ընդունում», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց նա:

63-ամյա Ղուկասյանը, որ 13 տարի ղեկավարել է Հայաստանի ամենաաղքատ քաղաքներից մեկը, հետո էլ եղել նույն համայնքից ընտրված ԱԺ պատգամավոր, պնդում է՝ արդար քրտինքով է վաստակել մոտ կես միլիոն դոլարն ու երկու տասնյակի հասնող անշարժ գույքը։ Հաջողության գաղտնիքը շատ հեշտ է բացատրում՝ 1980-ականներին եղել է խանութի վարիչ, 200-300 գլուխ մայրացու խոզեր է պահել, 300-500 գլուխ խոշոր, 3000 գլուխ էլ` մանր եղջերավոր անասուն։ Առաջին կոոպերատիվներից մեկն է հիմնել, պանրի արտադրությամբ զբաղվել, «ԶԻԼ» ու «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենաներով էլ Ռուսաստան արտահանում կազմակերպել։ Թե ինչու է այդ հաջողակ բիզնեսը թողել՝ քաղաքապետությանն անցել, չի հստակեցնում։

«Ջիպ»-երն ունեցել եմ, երկուհարկանի տներն ունեցել եմ, ներքևի հացի գործարաններն ունեցել եմ, շուկան ունեցել եմ, էլ ինչ ասես, դուրս ու ներսը, ես նոր ե՞մ փող ունեցե։ Այսինքն ես, իրանց պես, պատահական, մի հատ զուգարան դրանք չեն սարքե, դրանք պատահական հելել են, մեկ էլ բիրդան աղա են էղե: Էդ մեր ունեցածը ի՞նչ էր իմ ասածների դեմը: Թող գնան օֆշորներում, օֆշորներում իրանց միլիարդների մասին մտածեն, ամբողջ երկիրը սեփականաշնորհել են, ամբողջ երկրի ընդերքը», - հայտարարեց Գյումրիի նախկին քաղաքապետը:

Մոտ երկու տարի է Հակակոռուպցիան դատարանում Ղուկասյանի դեմ մեկ այլ գործ է քննվում՝ մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի, նաև՝ փողերի լվացման համար։ Այս գործով մեղադրյալներ են նաև Ղուկասյանի հարազատները։ Որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ըստ մեղադրականի, օժանդակել է, որ քաղաքապետ հոր իշխանավարման օրոք Գյումրիի կենտրոնում գտնվող դատարանի նախկին շենքն իրենց ընտանիքի սեփականությունը դառնա, եղբայրը՝ Գևորգ Ղուկասյանն էլ օգնել է հանցավոր ճանապարհով իրենցը դարձած Գյումրիի կենտրոնական զբոսայգու օրինականացմանը։

Համայնքի ավագանին էլ, իր հերթին, վերջերս պահանջեց նախկին քաղաքապետից համայնքին վերադարձնել 23 անուն գույք՝ Դատախազության գրության հիման վրա։ Վարդան Ղուկասյանը ավագանու պահանջը ոչ միայն անհիմն, այլև ամոթալի է որակում:

«Որ ըտեղ որ նստած են, էդ հսկայական շենքը, գոնե ամոթ զգան, գոնե ամաչեն, էդ չորս բոլորը հրապարակի՝ Վարդանանց հրապարակով, Ավարայրի արձանախմբով, Ամենափրկիչ եկեղեցով, քաղաքապետարանի շենքով, այրանս գնով, էդ ինչ որ հանձնարարական են տալիս՝ դրանք, այրանս գնով էս քաղաքը կառուցել են, էսօր էլ էկել են ընձի տենց բաներ են ասում», - հայտարարեց նախկին քաղաքապետը:

Թե երբ կսկսվի գույքի վերադարձի գործով քննությունը, առայժմ հստակ չէ։ Ավելի վաղ Ղուկասյանի շահերի պաշտպան Արամայիս Հայրապետյանն «Ազատության» հետ զրույցում պնդել էր, որ մինչև 12 տարի ազատազրկում նախատեսող փողերի լվացման մեղադրանքն ապօրինի է, վաղեմության ժամկետն էլ անցել է։

XS
SM
MD
LG