Մատչելիության հղումներ

Կես միլիոն դոլար պետությանը՝ պաշտոնանկ արված գեներալից


5 անշարժ գույքերի՝ ապօրինի ճանաչված մասերը, այդ թվում՝ բնակարաններ Հյուսիսային պողոտայում և Արաբկիրում, ավտոկայանատեղիներ, մեկ տասնյակից ավելի բանկային ավանդներ և պարտատոմսեր, «ՏոյոտաՌԱՎ 4» մակնիշի ավտոմեքենա, մոտ 75 միլիոնի դրամական միջոցներ. այս ամենը որպես ապօրինի գույք դատախազությունը պահանջել է գեներալ լեյտենանտ, պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանից։

2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո պաշտոնանկ արված գեներալը օրերս հաշտության համաձայնություն է կնքել և պատրաստ է պետությանը վերադարձնել կես միլիոն դոլար։

Միրզաբեկյանի փաստաբան Արման Թամրազյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ այս համաձայնությունը չի նշանակում, որ Միրզաբեկյանն ընդունում է, որ 500 հազար դոլարից ավելի ապօրինի գույք է կուտակել, պարզապես դրանց օրինականությունը փաստաթղթերով հնարավոր չէ ապացուցել։

Գլխավոր դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը Միրզաբեկյանի՝ ավելի քան 15 տարվա ընթացքում ձեռքբերած գույքն է ուսումնասիրել՝ սկսելով 2005 թվականից։

«Եթե 91 թվականից ցանկացածիս վերաբերյալ էլ ուսումնասիրություն անեն, չեմ կարծում, թե ինչ-որ մեկը փաստաթղթեր կունենա իր գումարի օրինականության վերաբերյալ։ Ամեն մարդ մի ծավալի, չափի գումար, բնականաբար, չի կարա փաստաթղթով դրա օրինականությունն ապացուցի», - ասաց փաստաբանը:

Որտեղի՞ց բարձրաստիճան զինվորականին այդպիսի գումարներ

Դատախազությունը բարձրաձայնում է Պաշտպանության նախկին փոխնախարարի կողմից ավելի քան 650 հազար դոլարի ապօրինի գույքի մասին։ Որտեղի՞ց բարձրաստիճան զինվորականին այդպիսի գումարներ։

«Էն ժամանակ անձը զբաղվել է գյուղատնտեսությամբ, գյուղատնտեսությունից եկամուտներ է ունեցել, դրանց վերաբերյալ փաստաթղթեր կան, նաև նրա ընտանիքի անդամները ձեռնարկատիրական գործունեությամբ են զբաղվել, գումարներ են ստացել: Մեկ այլ հարց է, թե այդ գումարների օրինականությունը փաստաթղթով կարաս ապացուցես, թե՝ չէ», - նշեց Արամ Թամրազյանը:

Մինչդեռ դատախազ Գևորգ Քոչարյանը դեռ անցած տարեվերջին մեկնարկած դատական նիստում պնդում էր՝ Ալիկ Միրզաբեկյանը զբաղեցրել է զինվորական պաշտոններ, ընտանիքի անդամները չեն աշխատել կամ աշխատել են այնպիսի պաշտոններում, որոնք ապօրինի եկամուտներ գեներացնելու իրական հնարավորություն չեն ընձեռել։ Ուստի ընտանիքի անդամների անվամբ կատարված գործարքների իրական շահառու է դիտվում հենց Միրզաբեկյանը։

«Ուսումնասիրությամբ պարզված մի շարք հանգամանքներ ողջամտորեն վկայում են այն մասին, որ ընտանիքի անդամների անվամբ կատարված գործարքների իրական շահառուն հանդիսացել է Ալիկ Միրզաբեկյանը», - հայտարարել է Քոչարյանը:

Գեներալ -լեյտենանտ Միրզաբեկյանը 90-ականներին զբաղեցրել է ՊՆ սպառազինության վարչության պետի պաշտոնը։ 2001 - ին արդեն փոխնախարար էր, իսկ 2007 - ից 2016 թվականները, գրեթե 10 տարի, Պաշտպանության նախարարի տեղակալ էր և միաժամանակ Նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ։ 2016 -ի ապրիլյան քառօրյա պատերազմից օրեր անց, սակայն նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ևս 2 գեներալների հետ միասին, Ալիկ Միրզաբեկյանն ազատվեց փոխնախարարի պաշտոնից։

Պաշտոնանկության հետ կապված որևէ մեկնաբանություն այն ժամանակ չհնչեց, պարզ չէր, արդյոք Սերժ Սարգսյանի որոշումը կապ ուներ քառօրյա պատերազմում հայկական կողմի կորուստների հետ։ Մամուլն ամեն դեպքում այդ օրերին գրում էր, որ Միրզաբեկյանը ներգրավված է եղել կոռուպցիոն գործարքներում։

«Ժողովուրդ» օրաթերթը Միրզաբեկյանի պաշտոնանկությունից հետո գրել էր՝ «գխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այս ազատման գլխավոր «մեղավորներից» մեկն է, ով անձամբ է Սերժ Սարգսյանին զեկուցել կոռուպցիոն այն սխեմայի մասին, որով Միրզաբեկյանն իր ընտանիքի անդամի կողմից հիմնադրած ընկերությունից նախարարության համար գնումներ է կատարել

Սեյրան Օհանյանը պնդում է՝ իր նախկին տեղակալը «անհաշտ պայքար էր մղում կոռուպցիայի դեմ»

Սեյրան Օհայան
Սեյրան Օհայան

2016 -ին, երբ գեներալ Միրզաբեկյանը պաշտոնանկ արվեց, պաշտպանության նախարար էր Սեյրան Օհանյանը, ով այսօր խորհրդարանի ամենամեծ՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավարն է։ Չնայած այն փաստին, որ գեներալ Միրզաբեկյանը համաձայնել է 500 հազար դոլար վերադարձնել պետությանը, Սեյրան Օհանյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ իր նախկին տեղակալը «անհաշտ պայքար էր մղում կոռուպիցայի դեմ»։

«Ես իրեն ճանաչել եմ որպես պարտաճանաչ զնվորականի, գործչի, իր ղեկավարության ժամանակ մենք բավականին բարելավել ենք գնումների գործընթացը։ Ինքն էլ անհաշտ պայքար է մղել այդ բոլոր անօրինականությունների դեմ, նաև կոռուպցիայի դեմ», - ասաց Օհանյանը։

«Ազատության» հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս կարող է նա հիմա 500 մլն փոխանցել պետությանը, Սեյրան Օհանյանը պատասխանեց. - «Չգիտեմ էդ ինչ գործ է, տեղյակ չեմ»:

Պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանի և նրա հետ փոխկապակցված անձանց հայցի ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 650 հազար դոլար։ Բայց հաշվի առնելով հաշտության համաձայնությունը, ըստ օրենքի՝ Միրզաբեկյանը պետությանը կփոխանցի դրա 79 տոկոսը՝ 500 հազար դոլար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG