Մատչելիության հղումներ

Լիբանանի երկնքում այսօր հրթիռներ չկան


Լիբանան - Հարավային Սիդոն քաղաքի բնակիչները վերադառնում են իրենց տները, 27-ը նոյեմբերի, 2024թ.
Լիբանան - Հարավային Սիդոն քաղաքի բնակիչները վերադառնում են իրենց տները, 27-ը նոյեմբերի, 2024թ.

14 ամիս անց Լիբանանի երկնքում այսօր հրթիռներ չկան․ Իսրայելն ու իրանամետ «Հեզբոլա»-ն երեկ համաձայնեցին հրադադար հաստատելու ԱՄՆ առաջարկին, կրակն արդեն դադարել է, հրադադարի լուրից հետո Լիբանանում գիշերվանից տոնախմբություն է սկսվել:

Իրենց բնակավայրերը լքած մարդիկ արդեն շտապում են տուն վերադառնալ, փողոցներում խցանումներ են․

«Մեր ուրախությունը շատ մեծ է, իհարկե, չենք կարող մոռանալ մեր զոհերին, արյունը դեռ չի չորացել, այդ արյան շնորհիվ կարող ենք մեր գյուղերը վերադառնալ...»:

«Մենք ուրախ ենք, որովհետև կվերադառնանք մեր տներ...»:

Հրադադարի համաձայնությունն ուժի մեջ է մտել տեղական ժամանակով առավոտյան 4-ին, լրատվամիջոցները գրում են, որ մինչ վերջին պահը իսրայելական հարվածները չեն դադարել։

Կրակոցների ձայներ այսօր էլ լսվել են, բայց ոչ թե որևէ մեկի ուղղությամբ, այլ դեպի երկինք՝ ի նշան հրադադարի:

2023-ի հոկտեմբերից Գազայում սկսված պատերազմին զուգահեռ «Հեզբոլա»-ի հետ Իսրայելի հակամարտությունը նույնպես սրվեց, միմյանց ուղղությամբ հարվածներն այս ամբողջ ընթացքում չէին դադարում։ Երկու ամիս առաջ Իսրայելը Լիբանանում զանգվածային օդային հարձակում սկսեց, պարբերաբար թիրախավորում էր մայրաքաղաք Բեյրութը, սրան էլ հաջորդեց սահմանամերձ հատվածներում Իսրայելի ցամաքային գործողությունը։ Այս ընթացքում Լիբանանում ավելի քան 3 հազար մարդ սպանվեց, նրանցից շատերը` խաղաղ բնակիչներ։

Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությամբ 60 օրով հրադադար է հաստատվում, այդ ընթացքում «Հեզբոլա»-ն պետք է դադարեցնի Լիբանանի հարավում իր ռազմական ներկայությունը, իսրայելական ուժերն էլ պետք է դուրս գան երկրից: Ըստ լրատվամիջոցների բազմաթիվ հրապարակումների՝ կետերից մեկն էլ միջազգային կոմիտեի ձևավորումն է, որն էլ պետք է վերահսկի հրադադարն ու դեռևս 2006-ին ընդունված, բայց այդպես էլ ամբողջությամբ չներդրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը։

Այս ամենի իրագործումը, սակայն, մի մեծ հարցական է, գրում են հեղինակավոր լրատվամիջոցները, բազմաթիվ փորձագետներ հրադադարը փխրուն համաձայնություն են համարում:

«Այսօր լավ լուրեր ունեմ Մերձավոր Արևելքից, խոսել եմ Իսրայելի ու Լիբանանի վարչապետերի հետ։ Ուրախ եմ տեղեկացնել, որ կառավարությունները համաձայնել են վերջ դնել Իսրայելի ու «Հեզբոլա»-ի կործանարար հակամարտությանը». - հրադադար հաստատելու մասին առաջինը պաշտոնապես ԱՄՆ նախագահը տեղեկացրեց: Սպիտակ տանը ելույթ ունենալով՝ Ջո Բայդենը հայտարարեց, որ ԱՄՆ հեռացող վարչակազմը կփորձի կանգնեցնել պատերազմը նաև Գազայում։

Հրադադարի համաձայնությունը ողջունել է նաև Իրանը՝ կոչ անելով ճնշում գործադրել Իսրայելի վրա Գազայում պատերազմը կանգնեցնելու համար։

Փորձագետների գնահատմամբ, այդուհանդերձ, Լիբանանում հրադադարը դժվար թե որևէ կերպ ազդի Գազայում շարունակվող պատերազմի վրա։ Իր ուղերձում Իսրայելի վարչապետը հրադադարի պատճառների մասին խոսելիս նաև զինված ուժերի շունչ քաշելու ու համալրվելու անհրաժեշտությունը մատնանշեց՝ հայտարարելով , թե մեծացնելու են ճնշումը «Համաս»-ի վրա:

«Պատերազմի երկրորդ օրից «Համաս»-ը հույս էր դրել «Հեզբոլա»-ի վրա, որ նրանք իր կողմից կկռվեն: Այժմ, երբ «Հեզբոլա»-ն դաշտից դուրս է, նրանք մենակ են մնացել։ Կմեծացնենք ճնշումը «Համաս»-ի վրա, ինչը կօգնի մեր սուրբ առաքելությանը, մեր գերիների ազատ արձակմանը», - հայտարարեց Բենյամին Նեթանյահուն:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG