Երևանը խիստ մտահոգված և անհանգստացած է Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով, այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անկախության օրվա առթիվ Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթիին հղած շնորհավորական ուղերձում։
Փաշինյանը նշել է, որ Երևանն անթույլատրելի է համարում խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը:
«Հայաստանի Հանրապետությունն աջակցում է Լիբանանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու սահմանների անձեռնմխելիությանը և գործուն մասնակցությամբ՝ հայկական խաղաղապահ զորախմբի միջոցով, իր ներդրումն է ունենում Լիբանանի անվտանգության ամրապնդման գործում», - հայտարարել է Հայաստանի վարչապետը։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:
Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 41 հազարը։
«Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։ Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները:
Գազայից բացի Իսրայելը նաև ավիահարվածներ է հասցնում Լիբանանի տարածքին՝ այստեղ էլ «Հեզբոլա» զինյալ խմբավորմանը ոչնչացնելու նպատակով։ Լիբանանի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ իսրայելական բանակի հարվածների հետևանքով ավելի քան 3 հազար 500 մարդ է սպանվել, ավելի քան 1 միլիոն մարդ տեղահանվել է։ Հայտնի չէ, թե սպանվածներից քանիսն են «Հեզբոլա»-ի մարտիկներ, իսկ քանիսը՝ խաղաղ բնակիչներ։
Իսրայելն, իր հերթին, պնդում է, որ «Հեզբոլա»-ի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 մարդ, տասնյակ հազարավոր մարդիկ տեղահանվել են իրենց տներից: