Իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արման Եղոյանը խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը Հայաստանի համար արդեն իսկ դիվանագիտական ձեռքբերում է համարում:
Պայմանագրի համաձայնեցումից երկու շաբաթ անց հայկական կողմը Բաքվից դեռ ստորագրման համար տեղ ու ժամ է սպասում, ադրբեջանական կողմը կրկնում է նախապայմանները՝ անհապաղ փոխել Սահմանադրությունը, հրաժարվել Ադրբեջանին ուղղված տարածքային հավակնություններից և չխուսափել Մինսկի խմբի լուծարումից:
Իշխանական պատգամավորը Ադրբեջանի մոտեցումներն այս փուլում կառուցողական չի համարում: Եթե Բաքուն չի ընդունում Հայաստանի առաջարկն ու մոտ ապագահում չի ստորագրում պայմանագիրը, Հայաստանը պատրա՞ստ է նստել այդ նախապայմանների շուրջ բանակցությունների, Արման Եղոյանի խոսքով՝ Միսկի խմբի հարցում տաբուներ չկան, իսկ Սահմանադրության փոփոխության հարցը, ասում է, չպետք է դիտարկել Ադրբեջանի պահանջների համատեքստում:
«Դիցուք՝ վաղն ասի՝ ես պահանջում եմ, որ Հայաստանը Սևանա լճի մակարդակը բարձրացնի, որ Արաքս գետում ջրերը շատանան: Մենք ի՞նչ, պե՞տք է գնանք, ասենք՝ չէ, մենք Սևանա լճի ջրի մակարդակն իջեցնում ենք ձեր ինադու: Իհարկե, այդպիսի բան չենք ասելու, չէ՞: Այսինքն՝ մենք հարցը պետք է դիտարկենք ինքն իր մեջ, մեզ ինչ է պետք: Ընդհանրապես Սահմանադրության, սահմանադրական բարեփոխումների մասին վարչապետը խոսել է 2020թ. հունիսին՝ հաստատ պատերազմից առաջ», - ասաց Արման Եղոյանը:
Հայաստանի վարչապետն իսկապես Սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտություն տեսել է, բայց մինչև Ադրբեջանից այդ պահանջի ձևակերպումը կոնկրետ հռչակագրի փոփոխությանն հարցին չի անդրադարձել: Ադրբեջանը հենց Անկախության հռչակագիրն է պահանջում հանել Հայաստանի Սահմանադրությունից:
Ընդդիմադիր «Պատիվ ունեմից» Տիգրան Աբրահամյանը կարծում է՝ Սահմանադրության փոփոխության Հայաստանը Ադրբեջանի կամքով է գնում:
«Այս փուլում ևս Ադրբեջանը ձգձգելու է փաստաթղթի ստորագրման պրոցեսը և փորձելու է Հայաստանից ստանալ նոր զիջումներ», - նշեց նա:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքով՝ Բաքվին միայն միջազգային ճնշումը կարող է ստիպել Երևանի հետ փաստաթուղթ ստորագրել:
«Եթե առանց թղթի կտորի, առանց այդ բարաթի Հայաստանի այսօրվա իշխանությունները բոլոր երևակայելի և աներևակայելի զիջումների գնում են, ինչո՞ւ ինչ-որ թուղթ ստորագրեն», - հարցրեց նա:
Միջազգային հանրության արձագանքը բավարա՞ր է
Միջազգային հանրության արձագանքն իշխանությունը բավարար է համարո՞ւմ, թե՞ կարծում է, որ դրանք պետք է հասցեական լինեն՝ Ադրբեջանին ուղիղ կոչ անելով ստորագրել 3 տարի բանակցված փաստաթուղթը, Արման Եղոյանը պատասխանեց. «ԱՄՆ անվտանգության հարցերով խորհրդականի հայտարարությունը, որ ռազմագերիների հարցն էլ պետք է հասցեագրվի: Հասկանալի է, որ սա ուղղված էր Ադրբեջանին: ԵՄ մի շարք երկրներ էլի շատ հասցեական հայտարարություններ՝ մեկը շատ ուղղակի տեքստով, մեկը՝ որոշակի անուղղակիորեն ձևակերպմամբ, հասկացրել կամ ասել էին, որ գնդակն Ադրբեջանի դաշտում, բայց ես նաև կառաջարկեի չթերագնահատել ուղղակի ողջունող հայտարարությունները: Հայտարարությունները, այո, ընդհանուր առմամբ իրենց ծավալի մեջ մեզ բավարարում են, բայց եթե Ադրբեջանի այս մոտեցումները շարունակվեն, մենք նաև կակնկալեինք ահա այս մոտեցումների վերաբերյալ հավելյալ տեսակետներ»:
Ընդդիմադիր Տիգրան Աբրահամյանը միջազգային մեծ ճնշում չի տեսնում, վտանգավոր է համարում Ադրբեջանից հնչած հայտարարությունը, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման հնարավորությունը հավերժ չի լինելու:
Նա կոնկրետ սպառնալիք է տեսնում դրա տակ, իսկ սահմանին ադրբեջանական կրակոցները միջազգային տրամադրությունների ստուգում է համարում՝ արդյոք կարող է գնալ ավելի մեծ սադրանքների:
«Հիմա Ադրբեջանը սպառնում է, սրանք, ըստ էության, սպառնալիքի էլեմենտներ են առ այն, որ Հայաստանի կողմից իրենց պատկերացումների շրջանակների ժամկետում չիրականացնելու պարագայում Ադրբեջանը կարող է առոչինչ համարել բանակցային այն փաթեթը, որը մինչև այս բանակցել է»,- նկատեց նա:
Ի դեպ, երեկ Աղդամում Ադրբեջանի նախագահը հայ ժողովրդին դարձյալ թշնամի էր անվանել ու 15 րոպեանոց ելույթում ոչ մի անգամ չէր խոսել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարից: