Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ Մինսկի գործունեության կարիք չի լինի համաձայնագրի ստորագրման պահից. փոխարտգործնախարար


Եթե Ադրբեջանը ցանկանում է վերջ դնել ԵԱՀԿ Մինսկի գոյությանը, ապա ամենատրամաբանական և լեգիտիմ կարճ ճանապարհը՝ Համաձայնագրի ստորագրումն է, նախօրեին Վիեննայում հայտարարել է փոխարտգործնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը՝ Հայաստանի խնդրանքով հրավիրված ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստի ժամանակ։

Աբիսողոմոնյանը շեշտել է՝ Մինսկի գործընթացի կառույցների հետագա գործունեության կարիք չի լինի այն պահից, երբ Խաղաղության համաձայնագիրը ստորագրվի՝ պաշտոնական և ինստիտուցիոնալ կերպով արձանագրելով հակամարտության ավարտը: Հակառակ դեպքում, ըստ փոխարտգործնապարարի, դա կնշանակի սայլը ձիուց առաջ դնել:

Անդրադառնալով Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Բաքվի մյուս պահանջին՝ Աբիսողոմոնյանը նախ վկայակոչել է Սահմանադրական դատարանի 2024-ի սեպտեմբերի 26-ի որոշումը, ապա շեշտել՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը չի պարունակում որևէ դրույթ, որը կարող է ենթադրել տարածքային պահանջ որևէ երրորդ երկրի նկատմամբ։

Միևնույն ժամանակ փոխարտգործնախարարը նկատել է՝ իրականում, մտահոգություն է առաջացնում հենց Ադրբեջանի սահմանադրությունը, քանի որ այն պարունակում է դրույթներ, որոնք ենթադրում են տարածքային հավակնություններ Հայաստանի նկատմամբ։

«Ադրբեջանի սահմանադրության նախաբանում հղում է արվում Սահմանադրական ակտին, որտեղ կա անկախության հռչակագրին, որտեղ նշվում է, որ Ադրբեջանի առաջին հանրապետությունն ընդգրկում է Արևելյան և Հարավային Անդրկովկասը։ 1919թ. նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունը Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, որում ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքի շուրջ 60 տոկոսը ներառված էր Ադրբեջանի կազմում։ Այսպիսով, Ադրբեջանի սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ», - հայտարարել է Աբիսողոմոնյանը։

Իսկ թե ինչու Երևանը չի բարձրացնում Ադրբեջանի սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության հարցը, փոխարտգործնախարարը պարզաբանել է՝ Խաղաղության համաձայնագրում ներառված է հոդված, ըստ որի, կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը՝ Համաձայնագրի չկատարումը արդարացնելու նպատակով։

«Մեկ այլ հոդված սահմանում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, չունեն տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ և պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ չներկայացնել։ Ավելին, թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը նախկին խորհրդային հանրապետությունների սահմանների շրջանակներում», - շեշտել է Աբիսողոմոնյանը։

Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող» Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, վերջին օրերին էլ Հայաստանին մեղադրում հրադադարը խախտելու համար։

Երևանը հերքում է մեղադրանքներն ու հայտարարում՝ իրադրությունն էսկալացնելու խնդիր և նպատակ չունի և շարունակում է գործել խաղաղության օրակարգի սկզբունքներով՝ Բաքվին կոչ անելով խորհրդակցություններ սկսել հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղի և ժամկետների վերաբերյալ։

«Մենք գնում ենք խաղաղության, ոչ թե պատերազմի»

Փոխարտգործնախարարը հիշեցրել է՝ Հայաստանի ինքնիշխան տարածքից ավելի քան 200 քառակուսի կիլոմետր գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի տակ՝ ընդգծելով՝ Հայաստանը բարձրագույն մակարդակով աներկբա հայտարարել է, որ չի ձգտում այս հարցը լուծել ռազմական ճանապարհով։

«Սահմանազատման ընթացիկ գործընթացը, ինչպես նաև Խաղաղության համաձայնագրի վերջնականացված տեքստը պարունակում են բոլոր անհրաժեշտ մեխանիզմներն այս հարցի խաղաղ և իրավական ճանապարհով հասցեագրման համար։ Այսպիսով, Հայաստանը լիովին հավատարիմ է խաղաղության օրակարգին և շարունակում է գործել այդ սկզբունքների համաձայն», - ասել է Ռոբերտ Աբիսողոմոնյանը՝ վերահաստատելով՝ հայկական կողմը պատրաստ է ստորագրել Խաղաղության համաձայնագիրը և առաջարկում է ադրբեջանական կողմին սկսել խորհրդակցություններ փաստաթղթի ստորագրման ժամկետների և վայրի շուրջ։

«Մենք գնում ենք խաղաղության, ոչ թե պատերազմի», - եզրափակել է փոխարտգործնախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG