Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի առաջարկին Բաքվից չեն արձագանքել։
Խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին Երևանի և Բաքվի հայտարարություններից օրեր անց Խանդանյանն Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեյիդովին առաջարկեց հանձնաժողովների համատեղ հանդիպում անցկացնել՝ կարծիքներ փոխանակելու խաղաղության համաձայնագրի նախագծի և դրա վավերացման գործընթացի շուրջ։
Խանդանյանը նաև ընդգծել էր, որ այսպիսի նախաձեռնությունը կարող է լրացնել Բաքվի և Երևանի կողմից ձեռնարկվող վստահության ամրապնդման միջոցառումները, նպաստել տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։
«Հուսով եմ, որ Միլի Մեջլիսի իմ պաշտոնակիցը դրական կարձագանքի, և կկարողանանք համաձայնեցնել հանդիպման օրը, վայրը և այլ անհրաժեշտ մանրամասները», - նշել էր պատգամավորը՝ որպես առաջին հանդիպման վայր առաջարկել դիտարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին գտնվող չեզոք տեղանք։
Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող» Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, ԵՄ դիտորդների դուրսբերում, վերջին օրերին էլ Հայաստանին մեղադրում հրադադարը խախտելու համար։
Երևանը հերքում է մեղադրանքներն ու հայտարարում՝ իրադրությունն էսկալացնելու խնդիր և նպատակ չունի և շարունակում է գործել խաղաղության օրակարգի սկզբունքներով՝ Բաքվին կոչ անելով խորհրդակցություններ սկսել հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղի և ժամկետների վերաբերյալ։ Անպատասխան թողնելով այս առաջարկը Բաքուն կրկին իր պայմաններն է պնդում՝ կոչ անելով Երևանին՝ արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը՝ սպառնալով՝ «այդ հնարավորությունը հավերժ չի լինելու»։