Մատչելիության հղումներ

Հարավային Կովկասում ցանկացած էսկալացիա անընդունելի է․ ԱՄՆ պետդեպ


 ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո, արխիվ

Հարավային Կովկասում ցանկացած էսկալացիա անընդունելի է, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտը՝ նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել և այս հարցում համակարծիք են եղել։

Ըստ ամերիկյան կողմի՝ Մարկո Ռուբիոն և Նիկոլ Փաշինյանը որպես ռազմավարական գործընկերներ քննարկել են ընդհանուր շահերը։

Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը և ընդգծել կայուն խաղաղության կարևորությունը՝ տարածաշրջանային հակամարտությունների շրջափուլը կոտրելու և Հարավային Կովկասում անվտանգություն բերելու համար։

Նախօրեին հայկական կողմը հաղորդեց, որ հեռախոսազրույցի ընթացքում վարչապետը պետքարտուղարին է ներկայացրել բանակցային գործընթացները, որոնց արդյունքում համաձայնեցվեց Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախագիծը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ համաձայնագրի նախագիծը սպասում է ստորագրման։

Հայաստանի վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը պայմանավորվել են շարունակել Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի շփումները։

Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող» Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, վերջին օրերին էլ Հայաստանին մեղադրում հրադադարը խախտելու համար։

Երևանը հերքում է մեղադրանքներն ու հայտարարում՝ իրադրությունն էսկալացնելու խնդիր և նպատակ չունի և շարունակում է գործել խաղաղության օրակարգի սկզբունքներով՝ Բաքվին կոչ անելով խորհրդակցություններ սկսել հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղի և ժամկետների վերաբերյալ։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG