Մատչելիության հղումներ

«Խաղաղությունը կարող է վտանգվել Ադրբեջանի պատճառով»․ Միրզոյան


Թեև Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի նախագիծը (նախաբան և 17 հոդված), բայց Ադրբեջանը հանդես է գալիս նախապայմաններով և դրական չի պատասխանում Երևանի մյուս առաջարկներին, որոնք կարող էին բերել իրական և երկարատև խաղաղություն Հարավային Կովկասում, Բրազիլիայում հրապարակվող «Correio Braziliense»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող» Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, վերջին օրերին էլ Հայաստանին մեղադրում հրադադարը խախտելու համար։

Երևանը հերքում է մեղադրանքներն ու հայտարարում՝ իրադրությունն էսկալացնելու խնդիր և նպատակ չունի և շարունակում է գործել խաղաղության օրակարգի սկզբունքներով՝ Բաքվին կոչ անելով խորհրդակցություններ սկսել հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղի և ժամկետների վերաբերյալ։


Արտգործնախարարը նաև հիշեցրել է Երևանի առաջարկները՝ երկկողմանի մեխանիզմի ստեղծում՝ սպառազինությունների վերահսկողության և վերիֆիկացիայի համար, սահմանային միջադեպերի երկկողմ վերիֆիկացիայի մեխանիզմի ստեղծում, հաղորդակցության, տրանսպորտային և ենթակառուցվածքային կապերի բացում՝ շեշտելով՝ Բաքուն անպատասխան է թողել նաև այս առաջարկները։


Հարցին, թե խաղաղության պայմանագիրը վտանգի տա՞կ է, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է․ - «Ես կարող եմ վստահեցնել ողջ աշխարհին և Ադրբեջանին, որ Հայաստանը լիովին հավատարիմ է խաղաղության օրակարգին։ Մենք ո՛չ մտադրություն ունենք, ո՛չ պատճառ, ո՛չ էլ դրդապատճառ՝ նոր պատերազմ մեկնարկելու կամ իրավիճակը սրելու համար։ Կա դրական լուր՝ բանակցությունների ավարտը և խաղաղության պայմանագրի նախագծի պատրաստ լինելը։ Սակայն, կա նաև մտահոգիչ լուր. այո՛, խաղաղությունը, ելնելով այն ամենից, ինչ մենք լսում ենք ադրբեջանական կողմից, կարող է վտանգվել Ադրբեջանի պատճառով»։

Երևանը կառուցողական երկխոսություն ունի Անկարայի հետ

«Մենք շատ կառուցողական երկխոսություն ունենք Թուրքիայի հետ», - ասել է Միրզոյանը՝ նշելով, որ այս երկխոսության շրջանակում ո՛չ հայկական, ո՛չ էլ թուրքական կողմը նախապայմաններ չեն ներկայացրել։

«Մենք հրապարակայնորեն հայտարարել ենք, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հիմնական նպատակն է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացումը։ Այդ սահմանը 34 տարի առաջ փակվել է թուրքական կողմից։ Մենք որոշակի առաջընթաց ենք արձանագրել, մասնավորապես հանվել է օդային բեռնափոխադրումների արգելքն, իրականացվել են ուղիղ չվերթներ, ինչպես նաև վստահության ամրապնդման մի շարք այլ միջոցառումներ։ Մենք համաձայնության ենք եկել, որ առաջին փուլում սահմանը կարող է բացվել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր կրող հայ և թուրք քաղաքացիների համար։ Այս համաձայնությունը, սակայն, դեռևս չի իրականացվել», - ասել է արտգործնախարարը՝ միևնույն ժամանակ նկատելով՝ թեև նախապայման չկա, սակայն Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները փաստացի կապում է Ադրբեջանի կարգավորման հետ։

«Սակայն մենք հավատում ենք, որ եթե նախ բացվեր Հայաստանի և Թուրքիայի սահմանը, դա կարող էր շատ դրական ազդեցություն ունենալ նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վրա», - նշել է Միրզոյանը և որպես Թուրքիայի հետ ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածություն նշել երկկողմանի հիմունքներով սահմանի ենթակառուցվածքային աշխատանքների մեկնարկը, հայ և թուրք փորձագետների կողմից Գյումրի-Կարս երկաթուղու վիճակի ուսումնասիրության գործընթացը։

«Մենք նաև համոզված ենք, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը կախված է հումանիտար հարցերից, այդ թվում՝ անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների զոհերի ճակատագրի բացահայտումից։ Միևնույն ժամանակ, դեռևս կան հայ գերիներ Բաքվում, որոնք անցնում են բեմականացված դատական գործընթացների միջով։ Մենք հավատում ենք, որ նրանց անհապաղ ազատ արձակումը կարող է նպաստել հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև կայուն խաղաղության հաստատմանը», - եզրափակել է Միրզոյանը։

Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, նրանցից 16-ի նկատմամբ այս պահին դատավարություններ են ընթանում՝ ծանրագույն, ընդհուպ ցմահ ազատզրկում նախատեսող մեղադրանքներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG