Մատչելիության հղումներ

Երևանից Բաքվին կոչ են անում պայմանագրի ստորագրման շանսը բաց չթողնելու համար տեղն ու վայրը համաձայնեցնել


Մինչ Ադրբեջանից պահանջում են փոխել Սահմանադրությունը՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումն արագացնելու համար, Երևանից պատասխանում են՝ փաստաթղթի ստորագրման համար որևէ խոչընդոտ չկա: Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն այսօր կրկին պնդեց՝ հայկական կողմը պատրաստ է այն ստորագրման:

Վահան Կոստանյան
Վահան Կոստանյան

«Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք բանակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման տեղի ու ժամկետների վերաբերյալ, ու այս պահին սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին», - նշեց Կոստանյանը:

Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր ստորագրելու հայկական կողմի պատրաստակամությանն ի պատասխան Բաքուն այս ընթացքում պնդել է՝ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը և լուծարի ԵԱՀԿ Մինսկի խումբը: Երեկ էլ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն է կոչ արել Երևանին արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրումը՝ նշելով, թե «այդ հնարավորությունը հավերժ չի լինելու, և այն բաց թողնելը սխալ կլինի»։ Բայց նախքան այդ ադրբեջանցի դիվանագետը նորից շեշտել է՝ Սահմանադրությունը պետք է փոխվի, սահմանից օտարերկրյա ուժերը պետք է հեռանան:

Սարգիս Խանդանյան
Սարգիս Խանդանյան

Հայաստանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ստորագրման շանսը բաց չթողնելու համար այսօր այլ առաջարկ արեց. - «Խաղաղության պայմանագրի ստորագրման շանսը բաց չթողնելու համար Ադրբեջանը պետք է օր առաջ առաջարկի տեղ ու վայր և համաձայնեցնի մեզ հետ, ու դա ստորագրվի: Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխման պահանջին կամ նախապայմանին, Հայաստանը բազմիցս ասել է, որ դա լեգիտիմ պահանջ չէ»:

Հայաստանում պատրաստվում են Սահմանադրություն փոխել, բայց դա անելու իշխանականների հիմնավորումներն այլ են, այդ թվում՝ լեգիտիմության հարցը: Վարչապետ Փաշինյանն, այդուհանդերձ,թաքցրել՝ նոր Սահմանադրությունը կունենա տարածաշրջանային նշանակություն, իսկ արդարադատության նախարարը բացատրել էր՝ կլինի այնպիսին, որ չվտանգի խաղաղության պայմանագիրը:

Ռուստամյանի կարծիքով՝ Ադրբեջանի ղեկավարությանն էր ուղղված Փաշինյանի՝ երեկ արած հայտարարությունը

Արմեն Ռուստամյան
Արմեն Ռուստամյան

Բանակցված փաստաթուղթը ստորագրելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարագացնի՞ Սահմանադրության փոփոխությունը, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի գնահատմամբ՝ իշխանությունը պահելու տեսանկյունից դա մեծ ռիսկ կլինի Փաշինյանի համար:

«Պատկերացրեք ընտրություններից առաջ ինքը անի սահմանադրական հանրաքվե, ակնհայտ է, չէ՞, այդ հանրաքվեն ինչ արդյունք կտա: Այսինքն՝ բնականաբար, ինքն էս վտանգը տեսնում է, դրա համար է ասում, որ Սահմանադրությունը... 26-27 թվի մասին է խոսքը գնալու, այսինքն, ինքը մի հատ վերարտադրվի, ժողովրդի աչքերին հերթական անգամ թոզ փչի ու էս մանդատը նորից ստանա ու դրանից հետո նոր ավելի մեծ հնարավորություն կունենա հանրաքվեով Սահմանադրություն փոխել: Բայց տեղերը փոխել, ընտրություններից առաջ բերել սահմանադրական հանրաքվեն իր համար մեծ ռիսկ է: Դրա համար դա ուզում է բացատրի, ասի՝ էս հնարավորությունը ինձ տվեք, տվեք թուղթ, որ ես գնամ վերընտրվեմ, որից հետո մնացած ամեն ինչը, ինչ պայմանավորվել ենք, կանենք»,- ասաց Ռուստամյանը:

Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ Ադրբեջանի ղեկավարությանն էր ուղղված նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում երեկ արած մեկ այլ հայտարարություն:

«Ես առանց սեթևեթանքի ուզում եմ հստակ ու աներկբա ասել, որ ես կարծում եմ, որ մենք Ղարաբաղյանը շարժումը չպետք է շարունակենք», - ասել է վարչապետը:

Փաշինյանը խոստովանեց, թե խորհրդարան գալուց առաջ ծրագրել էր այս մասին խոսել: Երեկ պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում նա նույն միտքը մի քանի անգամ կրկնեց: Բացատրեց, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն էլ հետաձգում են միայն այն պատճառով, որ ուզում են համոզվել` ինչպես հայկական կողմն ունի քաղաքական որոշում Ղարաբաղյան շարժումը չշարունակելու, այնպես էլ Ադրբեջանում չկա քաղաքական որոշում, օրինակ, «Արևմտյան Ադրբեջան» շարժում սկսելու:

Արմեն Ռուստամյանն ընդգծում է՝ Հայաստանի խորհրդարանից Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևի հետ էր խոսում. - «Ղարաբաղի հարցից հրաժարվում եմ, շարժումն եմ ընդհանրապես դադարեցնում, էլ ի՞նչ ձևով ես ձեզ ասեմ, որ, եղբայր, ես Ղարաբաղի հարց այլևս չունեմ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի մասին առհասարակ չի խոսում, բայց դա, ըստ Ռուստամյանի, չի նշանակում, որ Արցախի հարցը փակված է: Բաքվում էլ գիտեն, որ այդպես է, դրա համար էլ փորձում են հասնել նաև հանրաքվեով Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը:



Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG