Մատչելիության հղումներ

Իրանը հայտարարում է՝ Իսրայելի վրա հրթիռային հարձակումն ավարտել է, Իսրայելը հակահարվածով է սպառնում


Իսրայել - Իրանական հրթիռները Երուսաղեմի երկնքում, 1-ը հոկտեմբերի, 2024թ.
Իսրայել - Իրանական հրթիռները Երուսաղեմի երկնքում, 1-ը հոկտեմբերի, 2024թ.

Թեհրանը հայտարարում է՝ Իսրայելի վրա իր զանգվածային հրթիռային հարձակումն ավարտել է՝ կանխելով հետագա սադրանքները։

Մինչ այդ, տարածաշրջանում ավելի լայն պատերազմի մտավախությունների ֆոնին, Իսրայելն Իրանին հակահարվածով է սպառնում:

Իրանի իշխանությունները պնդում են՝ եթե Թեհրանը վերստին ստիպված լինի գործի դնել իր զինանոցը, ապա հարվածը կլինի ավելի հուժկու: Արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդգծել է՝ Իրանի զինուժը երեկ Իսրայելին հարվածել է «գրեթե երկու ամիս ահռելի զսպվածություն ցուցաբերելուց հետո»:

«Մեր գործողությունները կավարտվեն, քանի դեռ Իսրայելի ռեժիմը չի որոշել հետագա պատասխան գործողություններ հրահրել: Այս դեպքում, սակայն, մեր պատասխանն ավելի ուժեղ և հզոր կլինի», - վստահեցրել է Արաղչին:

Ըստ Իսրայելի պաշտոնական աղբյուրների՝ Իրանն արձակել է ընդհանուր առմամբ 180 հրթիռ, որոնց մեծ մասը խոցվել է իսրայելական, արևմտյան մի շարք երկրների օդուժի կողմից:

Հարվածների հետևանքների ամբողջական պատկերը հստակ չէ: Իսրայելական կողմը կցկտուր տեղեկություններ է հայտնում՝ նշելով, որ Իրանի հարձակման հետևանքով երկու մարդ է վնասվածքներ ստացել Իսրայելում, մեկ պաղեստինցի է զոհվել, Հորդանան գետի Արևմտյան ափին իսրայելական բնակավայրերից մեկում դպրոցի շենք է վնասվել, Թել Ավիվում էլ՝ ռեստորան:

Պաշտոնական Թեհրանը, մինչդեռ, հայտարարել է, թե արձակված հրթիռների 90 տոկոսը հասել են իրենց նպատակին, առանց մանրամասներ ներկայացնելու:

Հարձակումների հետևանքների մասին մինչ այս պահը անկախ գնահատականներ չկան:

Իրանական դիվանագիտության ղեկավարն իսրայելական տարածքների հրթիռակոծությունն անվանել է ինքնապաշտպանական գործողություն, որը երկիրը ձեռնարկել է ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն՝ թիրախավորելով միայն ռազմական և անվտանգության օբյեկտներն Իսրայելում, որոնք պատասխանատու են Գազայում ավելի քան 40 հազար մարդու կյանք խլած պատերազմի, Լիբանանում Իրանի առանցքային դաշնակիցների սպանությունների համար:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, մինչդեռ, հաջորդ հարվածի մասին է խոսում, պնդում, որ Իրանը պետք է պատասխան տա «իր սխալների համար»:

«Իրանը մեծ սխալ է գործել և կվճարի դրա համար։ Մենք հավատարիմ կմնանք մեր հաստատած կանոններին՝ ով մեզ վրա հարձակվի, մենք էլ նրա վրա կհարձակվենք», - հայտարարել է Նեթանյահուն:

Երբ և ինչպես կարձագանքի Իսրայելը՝ այդ երկրի պաշտոնյաները չեն հստակեցնում։ Ամերիկյան Axios լրատվական կայքի տվյալներով՝ Իսրայելը կարող է թիրախավորել իրանական նավթի արդյունահանման օբյեկտները և ռազմավարական այլ վայրեր։
Էներգառեսուրսներով հարուստ Իրանում գտնվող նավթի կամ գազի օբյեկտի վրա իսրայելական հնարավոր հարվածն, ըստ վերլուծաբանների, վիզուալ առումով միայն կարող է տպավորիչ լինել, սակայն դրա ռազմավարական վնասը դժվար թե ցավոտ լինի Թեհրանի համար:

Նախորդ անգամ՝ այս տարվա ապրիլին, Իրանի ավելի լայնածավալ հարձակմանն ի պատասխան՝ Իսրայելը շարքից հանեց երկրի կենտրոնական Սպահան քաղաքում տեղակայված հակաօդային պաշտպանության ռադիոտեղորոշիչ համակարգը։

Պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին, արձագանքելով Իսրայելի հնարավոր պատասխանի շուրջ քննարկումներին, միայն ասել է՝ գործողություններ նախատեսված են, կիրականացվեն երբ անհրաժեշտ կհամարեն:

Մինչ այդ, հավելել է նա, Իսրայելի ռազմաօդային ուժերը կշարունակեն «գործել ողջ ուժով և հզոր հարվածներ կհասցնեն Մերձավոր Արևելքի տարածաշրջանում»:

Հզոր հարվածներն Իսրայելը շարունակում է նաև այս րոպեներին՝ օդային հարձակումներ իրականացնելով Լիբանանում՝ իրանամետ «Հեզբոլա» խմբավորման կառույցների վրա, այդ թվում՝ մայրաքաղաք Բեյրութում:

ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Հեզբոլա»-ի դեմ Իսրայելի հարձակումների հետևանքով Լիբանանում ավելի քան հազար մարդ է զոհվել, որոնց գրեթե մեկ քառորդը կանայք և երեխաներ են՝ ըստ պաշտոնական Բեյրութի, վիրավորվել են տասնյակ հազարավոր մարդիկ, մոտ մեկ միլիոն մարդ տեղահանվել է:

Զուգահեռաբար, երեկվանից Իսրայելը նաև ցամաքային ռազմական գործողություններ է սկսել հարևան երկրի տարածքում՝ այսօր հաղորդելով զինվորականների շրջանում ութ զոհի մասին:

Իսրայելի իրավապահները ժամեր առաջ էլ յոթ մարդու կյանք խլած զինված հարձակման մասին էին մանրամասներ ներկայացրել, որը տեղի էր ունեցել երեկ երեկոյան Թել Ավիվում՝ իրանական հրթիռակոծությունից բառացիորեն րոպեներ առաջ։ Ըստ Իսրայելի ոստիկանության, երկու պաղեստինցի տղամարդ կրակ են բացել անցորդների վրա՝ սպանելով նրանցից յոթին։ Հարձակման հեղինակները ըստ իսրայելական աղբյուրների՝ «տեղում վնասազերծվել են»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG