Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ «Հեզբոլա» զինյալ խմբավորման առաջնորդի սպանությունն անհրաժեշտ քայլ էր՝ ուղղված «տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը գալիք տարիների ընթացքում փոխելուն»:
Հասան Նասրալլայի մահվան լուրի հաստատումից հետո իր առաջին հայտարարության մեջ Նեթանյահուն նախազգուշացրել է սպասվող դժվար օրերի մասին:
Լիբանանյան շիա ռազմաքաղաքական խմբավորումը (ուժը ներկայացված է երկրի խորհրդարանում), որը Միացյալ Նահանգները ահաբեկչական կառույց է ճանաչել, իսկ ԵՄ-ն դրա զինված թևը ներառել սև ցուցակում, երեկ հաստատեց իսրայելական բանակի պնդումները՝ խմբավորման առաջնորդը սպանվել է, պնդեց, թե Նասրալլայի կորստից հետո էլ Իսրայելի դեմ պայքարը կանգ չի առնի։
Նեթանյահուն Նասրալլային մեղադրել է բազմաթիվ իսրայելցիների, ինչպես նաև այլ երկրների հարյուրավոր քաղաքացիների սպանության մեջ և ասել, որ նա ուժեղացրել է «Հեզբոլա»-ի գլխավոր հովանավոր Իրանի վտանգավոր ազդեցությունն ու քաղաքականությունը:
Խմբավորման առաջնորդը սեպտեմբերի 27-ին Բեյրութին հասցված ծանր հարվածների զոհերի թվում է։
Սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը նամակով կոչ է արել Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել: