Մատչելիության հղումներ

Իսրայելն ու «Հեզբոլա»-ն շարունակում են փոխադարձ հարձակումները


Իսրայելի ավիահարվածի հետևանքով Իրանի դաշնակից զինված խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլայի մահվան լուրը հաստատվելուց ժամեր անց Իսրայելն ու «Հեզբոլա»-ն շարունակում են փոխադարձ հարձակումները:

Իսրայելի զինվորականները հաղորդել են Թել Ավիվի օդանավակայանում օդային հարվածների ազդանշանների մասին այն նույն ժամերին, երբ վարչապետ Բենիամին Նեթանյահուն վերադառնում էր Միացյալ Նահանգներից։ Իսրայելական կողմի պնդմամբ՝ բանակի օդուժին հաջողվել է վնասազերծել հրթիռները, տուժածների, ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Հստակ չէ՝ արդյոք հրթիռային հարձակման թիրախը Նեթանյահուն էր, ով երեկ ուշ երեկոյան Լիբանանի վրա Իսրայելի զանգվածային հարվածներից հետո որոշեց շտապ վերադառնալ։

Այսօր իսրայելական ուժերը շարունակեցին ավիահարվածները՝ պնդելով, որ թիրախը բացառապես «Հեզբոլա»-ի հրամանատարական և ռազմական հենակետերն են։

«Հեզբոլա»-ի առաջնորդի մահվան լուրը իրանամետ շիա խմբավորումը հաստատեց Իսրայելի զինվորականների հայտարարությունից ժամեր անց:

«Հեզբոլա»-ի գլխավոր քարտուղար Սայեդ Հասան Նասրալլան միացավ իր հզոր, անմահ նահատակ ընկերներին, որոնց նա ղեկավարել է մոտ 30 տարի», - ասված է Լիբանանի ռազմա-քաղաքական խմբավորման հայտարարության մեջ:

ԱՄՆ-ն «Հեզբոլա»-ն համարում է ահաբեկչական կազմակերպություն, թեև Եվրամիությունը միայն դրա զինված թևն է ներառել իր սև ցուցակում:

«Հեզբոլա»-ն խոստանում է շարունակել պայքարն իր գլխավոր հակառակորդ Իսրայելի դեմ։ Մինչ այս պահը, սակայն, հայտնի չէ՝ ով է փոխարինելու խմբավորման երկարամյա առաջնորդին։

Վաշինգտոնը հայտարարել է, որ Իսրայելը Միացյալ Նահանգների իշխանություններին չի տեղեկացրել նախապատրաստվող հարձակման մասին՝ շեշտելով, որ ԱՄՆ-ն որևէ դերակատարություն չի ունեցել այդ գործողություններում։

Պենտագոնը տարածած հայտարարությամբ տեղեկացնում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը իսրայելցի պաշտոնակից Յոավ Գալանտին հավաստիացրել է՝ Միացյալ Նահանգները վճռական է թույլ չտալ Իրանին և Իրանի հետ կապված խմբավորումներին շահարկել իրավիճակը Լիբանանում կամ ընդլայնել ռազմական գործողությունները:

Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերի փոխանցմամբ՝ Օսթինն իր աջակցությունն է հայտնել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին և «հստակ հասկացնել է տվել, որ Միացյալ Նահանգները պատրաստ է պաշտպանել ԱՄՆ-ի ուժերն ու օբյեկտները տարածաշրջանում և հավատարիմ է Իսրայելի պաշտպանությանը»:

Մոսկվան դատապարտել է Նասրալլայի սպանությունը

Մոսկվան մինչդեռ դատապարտել է Նասրալլայի սպանությունը՝ տեղի ունեցածը որակելով «հերթական քաղաքական սպանություն»:

«Այս ուժային գործողությունը հղի է ավելի մեծ դրամատիկ հետևանքներով Լիբանանի և ողջ Մերձավոր Արևելքի համար», - հայտարարել է ՌԴ արտգործնախարարությունը։

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակներից Ավիչայ Ադրեյն այսօր ավելի վաղ հայտարարել է, որ Նասրալլայից բացի սպանվել են նաև «Հեզբոլա»-ի մի խումբ այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում՝ խմբավորման հարավային ճակատի հրամանատար Ալի Քարքին։

«Ուղերձը պարզ է. մենք կհասնենք բոլորին, ովքեր սպառնում են Իսրայելի քաղաքացիներին հյուսիսում, հարավում և ավելի հեռավոր ճակատներում», - նշել է նա:

Իսրայելական լրատվամիջոցների պնդմամբ՝ Իսրայելի հարվածների հետևանքով սպանվել է նաև Նասրալլայի դուստրը՝ Զեյնաբ Նասրալլան։ «Հեզբոլա»-ն, սակայն, մինչ այս պահն այդ տեղեկությունը չի հաստատել։ Նասրալլայի որդին՝ Հադին, սպանվել է 1997 թվականին իսրայելական զորքերի դեմ մարտերում։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր հերթին հայտնում է ռազմական այդ կառույցի 58-ամյա գլխավոր հրամանատար Աբբաս Նիլֆորուշանի մահվան մասին, որը նույնպես սպանվել է իսրայելական ավիահարվածի հետևանքով։

ԱՄՆ-ն ավելի վաղ պատժամիջոցներ է կիրառել ինչպես Իրանի ամենաազդեցիկ ռազմական այդ կազմակերպության, այնպես էլ անձամբ Նիլֆորուշանի նկատմամբ։ Վաշինգտոնը պնդում է, որ իրանցի զինվորականը ղեկավարել է Իրանի ներսում բողոքների ճնշումը:

Իսրայելի երեկվա ուժգին հարվածների հետևանքով Բեյրութում ընդհանուր առմամբ 11 մարդ է սպանվել

Լիբանանի Առողջապահության նախարարության տվյալներով՝ Իսրայելի երեկվա ուժգին հարվածների հետևանքով Բեյրութում ընդհանուր առմամբ 11 մարդ է սպանվել, ավելի քան 100-ը վիրավորվել, հաղորդվում է մի քանի շենքերի ավերածությունների մասին, որոնց փլատակներում, ըստ լիբանանցի պաշտոնյաների, կարող են մարդիկ լինել։

Վերջին օրերին Իսրայելի հարվածների հետևանքով ՄԱԿ-ի տվյալներով ավելի քան 50,000 մարդ է լքել Լիբանանը, տեղահանվել է ավելի քան 100 հազար մարդ։

Թեհրանը Իսրայելի գործողությունները Լիբանանում «կոտորած» է որակել։

«Իսրայելցի հանցագործները պետք է իմանան, որ իրենք չափազանց փոքր են՝ Լիբանանում «Հեզբոլա»-ի հենակետերին որևէ զգալի վնաս պատճառելու համար», - հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։

Միաժամանակ Reuters-ը, վկայակոչելով իր աղբյուրները հայտնել է, որ Նասրալլայի սպանության լուրերի ֆոնին Խամենեին տեղափոխվել է ավելի անվտանգ վայր, ուժեղացված անվտանգության պայմաններում։

Հասան Նասրալլան Իրանի աջակցությունն ստացող «Հեզբոլա» զինված խմբավորման և քաղաքական կուսակցության երկարամյա ղեկավարն էր։ Հարավային Լիբանանի մեծ մասը վերահսկող խմբավորումը ղեկավարելու ավելի քան 30 տարիների ընթացքում Նասրալլան սերտ հարաբերություններ հաստատեց մեծամասնությամբ շիա բնակչություն ունեցող Իրանի հետ և Թեհրանի ֆինանսական և քաղաքական զգալի աջակցության շնորհիվ «Հեզբոլա»-ն վերածեց քաղաքական և ռազմական հզոր միավորի Լիբանանում և գլխավոր խաղացողի տարածաշրջանում:

Փորձագետների համոզմամբ՝ «Հեզբոլա»-ի առաջնորդի մահը մեծ կորուստ նաև Իրանի համար

Փորձագետների համոզմամբ՝ «Հեզբոլա»-ի առաջնորդի մահը մեծ կորուստ է ոչ միայն խմբավորման, այլև Իրանի համար։

Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Հեյկո Վիմմենը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում միաժամանակ կարծիք է հայտնում, որ «Հեզբոլա»-ին հասցված Իսրայելի վերջին հարվածները կստիպեն խմբավորմանը ուժգին պատասխան տալ, փորձելու ապացուցել, որ դեռ կա։

«Ակնհայտ է, որ դա ևս մեկ դրամատիկ հարված էր: Ընդհանուր առմամբ, այդ խմբավորումը չափազանց ինստիտուցիոնալացված է գլխատվելու համար, բայց իսրայելցիներն այնքան շատ կադրեր են վերացրել, որ ի վերջո նրանց մոտ վստահության պակաս կա», - նշել է փորձագետը:

Այս տեսակետը կիսում է Վաշինգտոնում գործող Ազգային անվտանգության ինստիտուտի վերլուծաբան Նորման Ռուլեն՝ նշելով, որ Իսրայելը «Հեզբոլա»-ին այնքան է թուլացրել, որ ի վերջո Լիբանանի կառավարությունը կարող է վերացնել խմբավորմանը:

«Իսրայելի պաշտպանական ուժերը արմատախիլ են արել «Հեզբոլա»-ի ղեկավարության մի ամբողջ սերունդ, որն իր հետ տանում է փորձառության հսկայական պաշար, ինչը անփոխարինելի է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Ռուլեն։

Նասրալլայի մահը մեծ ամոթ է նաև Իրանի ղեկավարության համար, նկատում է բեռլինցի վերլուծաբան Ալի Ֆաթհոլլահ-Նեժադը:

«Դա ամենածանր հարվածը կլինի Թեհրանի տարածաշրջանային դիրքին ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածից գեներալ Քասիմ Սոլեյմանիի սպանությունից հետո: Նասրալլան, Սոլեյմանին և Խամենեին հանդիսանում են Իրանի ընդլայնվող տարածաշրջանային հավակնությունների առանցքը», - ասում է Ֆաթհոլլահ-Նեժադը:

XS
SM
MD
LG