Մատչելիության հղումներ

Բայդենը Նասրալլայի սպանությունն անվանել է «արդար դատաստան», ՄԱԿ-ի ղեկավարը «խիստ անհանգստություն» է հայտնում


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «Հեզբոլա» արմատական խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլայի սպանությունն անվանել է «արդար դատաստան»՝ հիշեցնելով, որ իրանամետ այդ խմբավորման զոհ են դարձել հազարավոր ամերիկացիներ, իսրայելցիներ և Լիբանանի խաղաղ բնակիչներ, այս մասին ասված է Սպիտակ տան կայքում հրապարակված հաղորդագրությունում։

«Հեզբոլա»-ն և՛ զինված խմբավորում է, և՛ քաղաքական կուսակցություն, որը ներկայացված է Լիբանանի խորհրդարանում և որը վերահսկում է Լիբանանի շիաներով բնակեցված հարավային շրջանների մեծ մասը։ Միացյալ Նահանգները «Հեզբոլա»-ն ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն, իսկ ԵՄ-ն՝ միայն դրա զինված թևն է ներառել իր սև ցուցակում:

«Միացյալ Նահանգները լիովին աջակցում «Հեզբոլա»-ից, «Համաս»-ից, հութիներից և Իրանի կողմից աջակցվող ցանկացած այլ ահաբեկչական խմբավորումներից պաշտպանվելու Իսրայելի իրավունքին», - հայտարարել է նախագահ Բայդենը հավելելով, որ ԱՄՆ պաշտպանության նախարարին հանձնարարել է «ավելի ուժեղացնել ԱՄՆ ռազմական ուժերի պաշտպանական դիրքերը Մերձավոր հատվածում»։

Նասրալայի սպանությանն արձագանքել է նաև Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ հայտարարելով, որ «լրջորեն անհանգստացած» է Լիբանանում վերջին 24 ժամերի «դրամատիկ սրացմամբ»։

ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հավելել է, որ Գուտերեշի համոզմամբ «բռնության այս ցիկլը պետք է կանգնեցնել հիմա․ Լիբանանի ժողովուրդը, Իսրայելի ժողովուրդը, ինչպես նաև ողջ տարածաշրջանը չի կարող իրեն թույլ տալ լայնածավալ պատերազմ»։

Մոսկվան դատապարտել է Նասրալլայի սպանությունը, ՌԴ ԱԳՆ-ն տեղի ունեցածն անվանել է «հերթական քաղաքական սպանություն»:

«Այս ուժային գործողությունը հղի է ավելի մեծ դրամատիկ հետևանքներով Լիբանանի և ողջ Մերձավոր Արևելքի համար», - ասված է ՌԴ դիվանագիտական գերատեսչության հայտարարություն։

Այլ երկրների մեկնաբանություններ.

Իրաք. Վարչապետ Մուհամմադ Շիա ալ-Սուդանին դատապարտել է իրանամետ խմբավորման առաջնորդի սպանությունը՝ այն անվանելով «հանցագործություն» և «ամոթալի հարձակում», որը «ցույց է տալիս, որ սիոնիստական կազմակերպությունը հատել է բոլոր կարմիր գծերը»։

Թուրքիա. Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Իսրայելի հարձակումները «ցեղասպանության, օկուպացիայի և ներխուժման» այդ երկրի քաղաքականության մի մասն են: Թուրքիայի առաջնորդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և այլ կառույցների հորդորել է կանգնեցնել Իսրայելին։

Իրան - Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կոչ է արել մուսուլմաններին «կանգնել Լիբանանի ժողովրդի և հպարտ «Հեզբոլա»-ի կողքին՝ հնարավոր բոլոր միջոցներով, և աջակցել նրանց՝ դիմակայելու [Իսրայելի] չար ռեժիմին»:

«Այս տարածաշրջանի ճակատագիրը կորոշեն դիմադրության ուժերը՝ «Հեզբոլա»-ի առաջնագծում»,- ասել է այաթոլլլա Խամենեին։

Նասրալլայի սպանության կապակցությամբ Խամենեին Իրանում հնգօրյա սուգ է հայտարարել:

Ֆրանսիա. - Արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն Իսրայելին կոչ է արել անհապաղ դադարեցնել օդային հարվածները Լիբանանում, «Հեզբոլլային» և Իրանին հորդորել զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է էլ ավելի ապակայունացնել տարածաշրջանը:

Գերմանիա. Դիվանագիտական գերատեսչության ղեկավար Աննալենա Բաերբոքը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը «չափազանց վտանգավոր» է գնահատել, քննադատել Իսրայելի գործողությունները:

«Ամբողջ Լիբանանը ապակայունացնելու վտանգ կա: Եվ դա ոչ մի կերպ չի բխում Իսրայելի անվտանգության շահերից», - ասել է Բերբոքը:

Գերմանիայի արտգործնախարարը հիշեցրել է, որ Բեռլինը, Վաշինգտոնը, Փարիզը արաբական մի շարք երկրներ սեպտեմբերի 26-ին պահանջել են տարածաշրջանում 21-օրյա հրադադար հաստատել և դիվանագիտական լուծում գտնել։

«Տեղի է ունեցել հակառակը», - նշել է գերմանացի պաշտոնյան:

Պաղեստինի ինքնավարություն. Առաջնորդ Մահմուդ Աբասը ցավակցություն է հայտնել «Հեզբոլա» խմբավորմանը Նասրալլայի սպանության կապակցությամբ, նաև «խորին ցավակցություն հայտնել Լիբանանի կառավարությանը և եղբայրական լիբանանցի ժողովրդին Իսրայելի դաժան ագրեսիայի հետևանքով զոհված խաղաղ բնակիչների նահատակության կապակցությամբ»:

Չինաստան. Արտաքին գործերի նախարար Վան Ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի իր ելույթում դատապարտել է Իսրայելի և «Հեզբոլա»-ի զինյալների միջև լարվածությունը:

Սիրիա. «Հեզբոլա»-ի դաշնակից Դամասկոսը դատապարտել է Իսրայելի կողմից Նասրալլահի սպանությունը և հայտարարել, որ Իսրայելը «այս նողկալի ագրեսիայի միջոցով ևս մեկ անգամ հաստատում է իր բարբարոսությունը և միջազգային բոլոր չափանիշներն ու օրենքները արհամարհումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG