Պաշտոնական Բաքուն արդեն ավելի քան կես տարի է՝ պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը, ընդգծելով, թե առանց դրա խաղաղության պայմանագրի կնքումն ուղղակի անհնար կլինի։
Ադրբեջանը, մասնավորապես, խնդրահարույց է համարում Հայաստանի Սահմանադրության հղումը Անկախության հռչակագրին, որը հենվում է «Խորհրդային Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» դեռևս 1989-ին ընդունված որոշման վրա: Բաքուն այստեղ տարածքային պահանջներ է տեսնում։
Երևանի պատասխանը
Երևանը պնդում է, թե Մայր օրենքի փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է։ Մյուս կողմից հենց ինքը՝ Փաշինյանն էր ամիսներ առաջ հրապարակավ ասել, թե «մենք այսօր պետք է կարգավորենք մեր հարաբերությունները Անկախության հռչակագրի հետ»։
«Հիմա հարց՝ մեր պետական քաղաքականությունն արդյոք պիտի հղվի դրա վրա և արդյոք մեր պետական քաղաքականությունները պետք է այդ ուղերձով առաջնորդվեն և պետք է ելնեն Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի՝ Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման որոշման վրա: Սա քաղաքական ընտրության հարց է: Եթե այո, սա նշանակում է, որ մենք խաղաղություն երբեք չենք ունենա», - հայտարարել էր Փաշինյանը։
Ադրբեջանի Սահմանադրությունն էլ հղում է անում իրենց Անկախության ակտին, ըստ որի Ադրբեջանը ոչ թե Խորհրդային, այլ 1918 թվականի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդն է, որի իշխանությունը տարածվում էր Արևելյան և Հարավային Անդրկովկասի վրա։ Ներկայիս քարտեզներով դա ներառում է Հայաստանի Սյունիքի մարզը, ինչպես նաև Գեղարքունիքի և Վայոց ձորի որոշ տարածքներ։
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ ավելի վաղ հայտարարել էր. - «Յուրաքանչյուրը մյուսի Սահմանադրության մեջ էական խնդիրներ ու խոչընդոտներ է տեսնում։ Սա ամենևին չի նշանակում, որ, օրինակ, ՀՀ-ում Սահմանադրական փոփոխությունների հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների առարկա է կամ օրակարգի մաս»։
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանադրությունների միջև զուգահեռներ տանելու փորձն անընդունելի է, ի պատասխան հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարը։ Նախագահ Ալիևն էլ դրանից օրեր անց կրկնել է Հայաստանի Մայր օրենքը փոխելու պահանջը, Երևանը հակադարձել՝ դա տորպեդահարում է խաղաղության շուրջ բանակցությունները. - «Չեմ բացառում, որ այդտեղ կան նաև որոշակի միտումներ՝ միջամտություններ իրականացնելու Հայաստանի ներքին գործերին», - ասել է վարչապետ Փաշինյանը։
Այս ֆոնին՝ անցած մայիսի վերջին, վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը պետք է ոչ թե բարեփոխի գործող Սահմանադրությունը, այլ՝ նոր Սահմանադրություն մշակի ու ներկայացնի։
«Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում», - ավելի վաղ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։
Ըստ ընդդիմախոսների, իշխանությունը գնում է այս ճանապարհով, քանի որ բարեփոխումները չէին կարող տարածվել գործող Սահմանադրության նախաբանի և դրանում հիշատակված Անկախության հռչակագրի վրա։
Իշխանությունը շարունակում է հակադարձել, թե սա ներքին խնդիր է, որը բարձրացվել է մի քանի անգամ՝ անցած տարիներին։ Փաստ է, սակայն, որ այդ ընթացքում երբևէ չի խոսվել Հայաստանի Մայր օրենքն ամբողջությամբ փոխելու մասին։