Մատչելիության հղումներ

Նոր պահանջներ դնելու, հավելյալ բանակցություններ անցկացնելու գործելաոճը պետք է դադարեցվի. Ջեյմս Օ’Բրայեն


Նոր պահանջներ դնելու, հավելյալ բանակցություններ անցկացնելու գործելաոճը պետք է դադարեցվի, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենը:

«Ազատություն». - Գիտենք, որ զբաղված եք, ուստի ես անմիջապես կանցնեմ Ձեր այցի հիմնական նպատակներից մեկին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին: Պետդեպարտամենտը նշել էր, որ Դուք ժամանում եք՝ աջակցելու գործընթացին, այդ թվում՝ Ալմաթիի հռչակագրի օգտագործմանը որպես հիմք սահմանազատման համար: Փաստացի, Երևանը բազմիցս է համաձայնել այս սկզբունքին։ Քանի որ Դուք ժամանել եք դրան աջակցելու, կարո՞ղ ենք եզրակացնել, որ Բաքուն դեռ տատանվում է համաձայնելու հարցում:

Ջեյմս Օ'Բրայեն. - Կարծում եմ՝ երկու կողմն էլ ասում են, որ հավատարիմ են խաղաղությանը: Դա խիստ կարևոր պայմանավորվածություն է, որն ազդեցություն կունենա գալիք սերունդների վրա, ուստի տեղին է զգույշ լինել և չշտապել: Երկու երկրները մի շարք քննարկումներ են ունեցել ղեկավարների, փոխվարչապետների, արտաքին գործերի նախարարների, ազգային անվտանգության խորհրդականների, տեխնիկական թիմերի մակարդակով, որպեսզի վստահ լինեն, որ տեղյակ են այն ամենից, ինչ ենթադրվում է համաձայնագրով: Կարծում եմ, որ սահմանազատման վերջին պայմանավորվածությունը շատ լավ առաջընթաց էր: Դրանով ընդունվեց, որ Ադրբեջանին պատկանող որոշ տարածքներ պետք է փոխանցվեն, բայց նաև, որ հետագա սահմանազատման հիմքը կլինի Ալմաթիի համաձայնագիրը։ Եվ դա, կարծում եմ, շատ կառուցողական հիմք է հետագա քայլերի համար։ Ուստի, մենք ակնկալում ենք, որ հաջորդ շաբաթների կամ ամիսների ընթացքում կողմերը կարող են համաձայնության հասնել: Դա հնարավոր կդարձնի առևտուրն ու խաղաղությունը բազմաթիվ մարդկանց համար տարածաշրջանով մեկ, ինչին մենք մեծապես աջակցում ենք, եթե Ադրբեջանն ու Հայաստանը կարողանան համաձայնության գալ։

«Ըստ իս, հաջող համաձայնագրի մոտավոր ուրվագիծն արդեն գիտենք»

«Ազատություն». - Մի քանի ամիս առաջ Կոնգրեսում դուք նշեցիք, որ առաջիկա շաբաթները քննություն են լինելու՝ կողմերի մտադրությունները ստուգելու համար։ Այս ընթացքում, ինչպես նշեցիք, Հայաստանը առանց կրակոցի փոխանցեց չորս ադրբեջանական գյուղեր՝ չնայած ներքին և հիմա էլ շարունակվող ճգնաժամին, մինչդեռ նախագահ Ալիևը բազմաթիվ նոր պահանջներ է ներկայացրել՝ հասնելով անգամ Հայաստանի Սահմանադրությանն ու ազգային խորհրդանիշներին։ Եթե այս շրջանը համարում էիք ստուգատես, ի՞նչ եզրակացություններ կարելի է անել դրանից։

Ջեյմս Օ'Բրայեն. - Կարծում եմ, որ մենք իրապես երկու կողմից էլ տեսնում ենք կոշտ սակարկություններ, և նաև հետաքրքիր մարտավարական հնարքների մի շարք՝ համաձայնության հասնելու ուղիների շուրջ: Այնպես որ, կրկին, սահմանազատման վերաբերյալ այս վերջին պայմանավորվածությունը որոշակի առևտուր էր. Հայաստանը գիտեր, որ պետք է հրաժարվի դրանցից, Ադրբեջանն էլ համաձայնեց սահմանազատման մի գծի, որը նրանք գիտեին, որ Հայաստանը կընդունի` Ալմաթիի հռչակագիրը: Ուստի, յուրաքանչյուր կողմ գնաց փոխզիջման: Կարծում եմ, որ այս՝ նոր պահանջներ դնելու, ապա հավելյալ բանակցություններ անցկացնելու գործելաոճը ինչ-որ պահի պետք է դադարեցվի։

Ըստ իս, հաջող համաձայնագրի մոտավոր ուրվագիծն արդեն գիտենք: Եվ, հիմա, իսկապես, խնդիրն այն է, որ կողմերը ընդունեն՝ ժամանակն է համաձայնության գալ։ Ինչու՞ է ժամանակը: Մեր կարծիքով, սերնդի կամ գուցե մի քանի սերնդի ընթացքում մեկ անգամ լինող հնարավորություն կա Կենտրոնական Ասիայից դեպի Միջերկրական ծով առևտրային երթուղի կառուցելու համար: Դա կարող է լինել միայն այն դեպքում. եթե խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Եվ դա կբացի ոչ միայն հիմնական առևտուրը, այլև նոր արդյունաբերությունները այդ երթուղու ողջ երկայնքով։ Դա կարող է տեղի ունենալ հիմա: Մի քանի տարի անց կարող է այլևս այդքան կարևոր չլինել: Մի քանի տարի առաջ դա հնարավոր չէր: Ես նաև կարծում եմ, որ այժմ հիանալի պահ է, քանի որ այդ երթուղու երկայնքով ընկած երկրները ցանկանում են կրճատել ռուսական ազդեցությունը: Եվ ժողովրդավարական հանձնառությունը, որը մենք տեսնում ենք Հայաստանում, բարեփոխումները, որոնց հայ ժողովուրդը կրկին ու կրկին աջակցել է 2018 թվականից ի վեր, նշանակում են, որ Հայաստանը գտնվում է մի փուլում, երբ կարող է նման որոշում կայացնել: Ու կարծում եմ՝ երբ կա այդ երկու գործոնների միահյուսումը՝ առևտրի ավելի մեծ հասանելիություն և հնարավորություններ ընձեռող քաղաքական պահ, ղեկավարությունը դա պետք է ըմբռնի և եզրակացնի, որ հիմա խաղաղության ժամանակն է: Դա է մեր ուղերձը երկու մայրաքաղաքներում:

«Մենք չենք հավակնում տարածաշրջանում լինել գերտերություն, կամ՝ միջամտող»

«Ազատություն». - Կողմերի պայմանավորվելու դեպքում արդյո՞ք ԱՄՆ-ը հանդես կգա որպես Երևանի և Բաքվի միջև համաձայնագրի երաշխավոր։

Ջեյմս Օ'Բրայեն. - Դե, ոչ մի կողմ մեզ չի խնդրել այդ դերն ունենալ: Մենք շատ ուրախ կլինենք աջակցել խաղաղության այն համաձայնագրին, որին կողմերը կհասնեն ։ Իսկ թե կոնկրետ ինչ դեր մենք կարող ենք ունենալ, կամ՝ չունենալ, իրականում պետք է որոշեն երկու կողմերը: Մենք չենք հավակնում տարածաշրջանում լինել գերտերություն, կամ՝ միջամտող։ Մենք այստեղ ենք՝ աջակցելու տարածաշրջանի ժողովուրդների օրինական ցանկությանը՝ կնքել խաղաղության համաձայնագիր, որը տևական կլինի: Այս պահին կողմերը բավականին լավ են խոսում ուղիղ՝ միմյանց հետ:

«Ազատություն». - Եթե Վաշինգտոնը հանդես չի գալու որպես երաշխավոր, ապա ի՞նչ տեսքով է աջակցությունը խաղաղության գործընթացին՝ հաշվի առնելով, որ Բաքուն արդեն մի քանի ամիս է՝ մերժում է նաև ԱՄՆ միջնորդությունը բանակցություններին։

Ջեյմս Օ'Բրայեն. - Այո՛, ես ընդհանուր առմամբ կարծում եմ․․․ նկատի ունեմ, որ մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք տրամադրել այն աջակցությունը, որին կողմերը կհամաձայնեն: Մեր զգացմունքները չեն վիրավորվում այն դերակատարությունից, որ մենք ունենք: Կարծում եմ, որ դուք տեսնում եք, թե ինչ աջակցություն մենք կառաջարկեինք: Ես այսօր այստեղ եմ՝ Երևանում՝ մեր ռազմավարական երկխոսության համար: Մենք հայտարարել ենք, որ բարձրացնում ենք այն՝ հասցնելով ռազմավարական գործընկերության մակարդակի: Իսկ դա նշանակում է աշխատել Հայաստանի հետ՝ ամրապնդելու նրա ժողովրդավարությունը, նրա անվտանգությունը, օրինակ՝ ոստիկանությունը և սահմանապահ զորքերը, և նրա տնտեսական դիվերսիֆիկացումը: Որովհետև Հայաստանը պետք է կարողանա գլոբալ առևտուր անել և կախման մեջ չլինի Ռուսաստանից այնքան, որքան եղել է։ Այս ամենը երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի համար կայուն գործընկեր ստեղծելու մի մասն է: Սրանք մի քանիսն են այն ուղղություններից, որոնցով կշարունակենք աշխատել: Մենք նաև հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ, որոնք ևս արդյունավետ և կառուցողական են շատ առումներով։ Եվ մենք կհամագործակցենք երկու կողմերի հետ էլ: Եվ հետո, ինչպես ես ասացի դեռևս անցյալ տարվա աշնան իմ ելույթում, եթե երկու կողմերը համագործակցեն, օրինակ, առևտրի ոլորտում, մենք շատ երջանիկ կլինենք օգնել ՝ ֆինանսապես կամ աշխատելով ընկերությունների հետ, որպեսզի նրանք գան և օգտվեն խաղաղ տարածաշրջանի հնարավորություններից։ Խաղաղության համաձայնագրի դեպքում մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ բոլոր այն միջոցներով, որոնցով գործընկերները օգնում են միմյանց:

«Ազատություն». - Վերջերս էլ նախագահ Ալիևը մեկ այլ պահանջ առաջ քաշեց՝ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Համաձա՞յն եք նրա հետ, որ հակամարտությունը այլևս լուծված է, և միջազգային հանրությունը՝ ներառյալ ԱՄՆ-ը, այսուհետ անելիք չունի։

Ջեյմս Օ'Բրայեն. - Դե, ես կարծում եմ, որ կողմերն են, որ պետք է համաձայնության գան։ Ալիևը նման խնդրանքով է դիմել: Ես կարծում եմ, որ որոշումը, թե ինչպիսի միջազգային դերակատարում պետք է լինի Խաղաղության համաձայնագրին սատարելու հարցում, երկու կողմերը պետք է կայացնեն։ Եվ այդ ժամանակ մենք մեծապես կաջակցենք ձեռք բերված համաձայնությանը:

«Մենք վճռականորեն պաշտպանում ենք վերադարձի իրավունքը»

«Ազատություն». - Անցած սեպտեմբերին՝ Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Դուք հայտարարեցիք, որ Վաշինգտոնը կհորդորի Ադրբեջանի իշխանություններին դյուրացնել հայերի վերադարձը և վերականգնել Լաչինի միջանցքով անխոչընդոտ երթևեկությունը: Փոխարենը ադրբեջանցիները քանդում են դարերով այնտեղ ապրած ժողովրդի ընտրված ներկայացուցիչների շենքերը։ Ադրբեջանի դեմ պատժամիջոցները մնո՞ւմ են սեղանին, ինչպես նշել էիք անցյալ տարվա նոյեմբերին:

Ջեյմս Օ'Բրայեն. - Մենք նշել ենք, որ անկախ քննություն ենք անցկացնելու սեպտեմբերին տեղի ունեցածի, նաև դրանից հետո շարունակվող հարաբերությունների շուրջ, և հիմա զբաղված ենք դրանով։ Պատասխանատու միջազգային կազմակերպությունները մուտք ունեն այդ վայրեր, և կարող են մեզ անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել: Մենք վճռականորեն պաշտպանում ենք վերադարձի իրավունքը։ Դա նախատեսված է միջազգային իրավունքով։ Եվ կշարունակենք աշխատել, որպեսզի նրանք, ովքեր ցանկանում են վերադառնալ, դրա իրավունքն ունենան։ Կրկին, կարծում եմ, այս բոլոր հարցերը շատ ավելի հեշտ կլուծվեն խաղաղության համաձայնագրի համատեքստում։ Դա կարող է որոշ ժամանակ պահանջել, բայց մի բան է, որին մենք հանձնառու կմնանք, որպեսզի առաջընթացի հասնենք։

«Ազատություն». Այսինք, Վաշինգտոնում Դուք դեռ հստակ գնահատական չունե՞ք՝ Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե՞ էթնիկ զտում:

Ջեյմս Օ'Բրայեն. ԿԽՄԿ-ն և ՄԱԿ-ը կանոնավոր մուտք ունեն այդ վայր և ներգրավված անձանց: Եվ նրանք տվել են որոշ նախնական տեղեկատվություն, բայց ոչ վերջնական: Մենք պատվիրել ենք անկախ քննություն դրսի մի խմբի կողմից, որը պաշտպանում է մարդու իրավունքները ամբողջ աշխարհում, և դեռ սպասում ենք, որ այդ խումբը իր եզրակացությունները ներկայացնի: Անկախ քննության խնդիրներից մեկն այն է, որ մենք չենք կարող շտապեցնել, ուստի դեռ սպասում ենք արդյունքներին:

«Ազատություն». Անցած շաբաթ նախագահներ Բայդենն ու Մակրոնը հայտարարություն տարածեցին՝ աջակցելով Կովկասում խաղաղ գործընթացին ու նաև՝ հետագա տարածաշրջանային ինտեգրմանը։ Կարո՞ղ եք մանրամասնել, թե ինչպիսի ինտեգրացիա կարող է լինել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև:

Ջեյմս Օ'Բրայեն. - Ես անպայմանորեն չէի օգտագործի «ինտեգրում» բառը այդ երեքի միջև: Ե՛վ Վրաստանը, և՛ Հայաստանը շահագրգռված են ավելի մոտ լինելու Եվրամիությանը և միասնական շուկային՝ լինի դա ազատ առևտրի պայմանավորվածություն, թե այլ բան: Եվ, նման ինտեգրումը, կարծում եմ՝ կարագանա խաղաղության համաձայնագրի կնքումից հետո, և թույլ կտա ներդրումներ կատարել Հայաստանում , Վրաստանում և այլուր։ Խաղաղության համաձայնագրի օգուտներից կլինի ոչ միայն անվտանգությունը, որը այն կբերի տարածաշրջանում ապրող մարդկանց, այլ նաև առևտրային երթուղի ունենալու հնարավորությունը, որը կանցնի Ղազախստանից դեպի Թուրքիա՝ դուրս գալով Միջերկրական ծով կամ Սև ծով: Եվ այդ երթուղին կլրացնի մեկ այլ երթուղի, որն արդեն գոյություն ունի՝ անցնելով Ադրբեջանի տարածքով դեպի Վրաստան՝ դեպի Սև ծով: Այս երկու երթուղիները միասին կապահովեն Կենտրոնական Ասիայի երկրներին առաջին մուտքը համաշխարհային շուկա, որը կախված չէ Ռուսաստանից կամ Չինաստանից: Եվ դա մի հնարավորություն է, որին մենք մեծապես աջակցում ենք ։ Դրանով դուք կտեսնեք, թե ինչպես են տարածաշրջանի տնտեսությունները շահում՝ ավելի բաց լինելու, մարդկանց ազատ տեղաշարժի , իրենց նաև իրենց ցանկացած վայրում ապրելու հնարավորությունից։

«Ազատություն». Իսկ դուք համաձա՞յն եք «Զանգեզուրի միջանցքի» այն բանաձևի հետ, որը Բաքուն է առաջ քաշում։

Ջեյմս Օ'Բրայեն. Մենք սովորաբար դրա մասին խոսում ենք որպես առևտրային մի ճանապարհ՝ շատ նման «Խաղաղության խաչմերուկի» հայաստանյան գաղափարին: Այժմ կան արդեն գոյություն ունեցող երթուղիներ, որտեղ արդեն փորված են թունելներ ու կան երկաթուղային գծեր։ Ուստի, իմաստ ունի սկսել դրանք դիտարկելով: Բայց հնարավոր է, որ ի հայտ գան մի քանի երթուղիներ, որոնք կնախատեսեն, որ ապրանքների մի մասը կգնա Հայաստանով մինչև Վրաստան, մյուսները՝ Թուրքիայի տարածքով։ Եվ կսկսեք զարգացնել ճանապարհների ցանց, ոչ թե պարզապես մեկ երթուղի: Այսպիսով, սա լայն հասկացություն է, ինչին մենք աջակցում ենք:

«Հուլիսին մենք Ուկրաինայի համար կամուրջ կկառուցենք դեպի ՆԱՏՕ»

«Ազատություն». - Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ նախագահ Բայդենը բացառեց Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին՝ հայտարարելով. «Խաղաղությունը չի նշանակում ՆԱՏՕ»: Սա զգալի շեղում է անցյալ տարվա գագաթնաժողովից, որտեղ անդամ երկրները համաձայնեցին, որ Ուկրաինայի տեղը ՆԱՏՕ-ում է։ Ի՞նչ գործոնների պատճառով է Վաշինգտոնը փոխել դիրքորոշումը:

Ջեյմս Օ'Բրայեն. - Մեր դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չկա։ Կարծում եմ՝ այն, ինչ ասաց նախագահը, եթե կարող եմ, պարզապես վերաշարադրեմ՝ նա ասաց, որ չի հավատում, որ Ուկրաինան կանդամակցի ՆԱՏՕ-ին հենց հիմա: Մեր դիրքորոշումը 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովից ի վեր, որը նաև կրկնվեց Վիլնյուսում, այն է, որ Ուկրաինան կլինի դաշինքում, երբ պայմանները թույլ տան: Իսկ նախագահը նկատի ուներ հուլիսին նախատեսված գագաթնաժողովը, և մեկնաբանությունները, կարծում եմ, սկսեցին այդ բառերից։ Ուստի, մեր դիրքորոշումն է, որ հուլիսին մենք Ուկրաինայի համար կամուրջ կկառուցենք դեպի ՆԱՏՕ։ Եվ այդ կամուրջը կլինի կարճ, լավ լուսավորված և անխոչընդոտ: Պարզ է, որ Ուկրաինան պետք է որոշ բարեփոխումներ իրականացնի։ Եվ որոշ ժամանակ կպահանջվի, որպեսզի իր զինուժը արդիականացնի՝ հասցնելով ՆԱՏՕ-ի անդամակցության անհրաժեշտ աստիճանի: Մենք կներկայացնենք, թե ինչպես ՆԱՏՕ-ն կօգնի Ուկրաինային պատրաստվել: Մի քանի անելիքներ կան՝ ՆԱՏՕ-ն կաջակցի Ուկրաինայի ապագա զորքերի ձևավորմանը, որպեսզի Կիևը իմանա, որ ունի ռազմական ուժ, որը կարող է զսպել և հետ մղել ռուսական հետագա ագրեսիան: Բայց նաև, ՆԱՏՕ-ն կաջակցի Ուկրաինայի բարեփոխումներին:

Այժմ խոսվում է , որ դաշինքի բարձրաստիճան քաղաքացիական ներկայացուցիչը կաշխատի Ուկրաինայի հետ՝ ապահովելու զինված ուժերի նկատմամբ արդյունավետ քաղաքացիական վերահսկողություն: Այնուհետև Ուկրաինային պետք կլինի աշխատել ՆԱՏՕ-ի հետ՝ անդամակցության դիտարկման համար անհրաժեշտ վերջնական քայլերը ձեռնարկելու համար: Դա է լուծումը: Կարծում եմ՝ այսօր Ուկրաինայում՝ մարտի դաշտում, էական փոփոխություն ենք տեսնում ։ Ութ ամիս շարունակ Ռուսաստանը կարողանում էր այն ձևով պատերազմել, որն ուզում էր, հիմնականում այն պատճառով, որ մեր օգնությունը դանդաղում էր: Ուկրաինան ստիպված էր պաշտպանվել արևելքում ցամաքային հարձակումներից, ինչպես նաև ռուսական օդուժից, որը կարողանում էր ռմբակոծել շատ մոտիկից, երբեմն թիրախից ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետրերի հեռավորությունից: Իսկ հիմա իրավիճակը փոխվում է։ Ռուսական գրոհը, որ նրանք շտապեցին նախաձեռնել մայիսին, կարծես դադարել է` նվազագույն նվաճումներով ու սարսափելի կորուստներով: Ռուսական կողմում օրական 1400, 1500 մարդ է զոհվում՝ հանուն ոչնչի։ Դրանից բացի, ռուսական օդուժն էլ հետ է մղվում։ Ուկրաինան այժմ սկսում է չեզոքացնել կրակային կետերը, որոնք Ռուսաստանը օգտագործել է ուկրաինական փոքր բնակավայրերը ավերելու, ինչպես նաև Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա հարձակվելու համար: Հիմա Ռուսաստանը ապակայունացվում է։ Այս ամենի շնորհիվ Սև ծովը բաց է մնում ուկրաինական առևտրի համար։ Եվ դուք տեսնում եք, որ Ուկրաինայի տնտեսությունը սկսում է վերականգնվել, որովհետև կրկին կարողանում է արդյունավետ առևտուր անել: Դրանով և շնորհիվ այն որոշումների, որոնք կընդունվեն հաջորդ շաբաթ Մեծ յոթնյակի գագաթնաժողովում և հուլիսին տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, Ռուսաստանին 2024 թվականին սպասում է ոչ թե հաղթանակ, այլ 2025 թվականի ընթացքում շարունակվող պատերազմի հեռանկար, եթե Պուտինը իր առավելապաշտական որոշ պահանջներից չհրաժարվի։ Ես ներկայացրի այս մանրամասները ձեր լսարանին, որովհետև դա շատ ակտուալ է Կովկասի համար, քանի որ Ռուսաստանը ցանկանում է ասել․ «մենք կհաղթենք Ուկրաինայում և կվերադառնանք Կովկաս»։ Բայց Ռուսաստանը չի հաղթում Ուկրաինայում։ Եվ չի վերադառնում Կովկաս այնպես, ինչպես դա եղել է տևական ժամանակ: Եվ հիմա ժամանակն է, որ, մասնավորապես, օրինակ, Հայաստանի քաղաքացիները նորից ասեն՝ մենք որոշել ենք՝ ուզում ենք առաջ գնալ, ոչ թե հետ։ Եվ հիմա հնարավորություն կա առաջ գնալու, քանի որ Ռուսաստանը խրվել է Ուկրաինայում:

«Ազատություն». - TIME-ին տված իր վերջին հարցազրույցում նախագահ Բայդենը նաև ընդգծեց, որ Պուտինի պատերազմն Ուկրաինայի դեմ ոչ թե Կիևի նկրտումների պատճառով է, այլ Խորհրդային Միությունը վերականգնելու նրա կայսերական երազանքի: Հաշվի առելով ԱՄՆ-ի գալիք ընտրություններն ու քաղաքականության հնարավոր փոփոխությունները, ինչպե՞ս կարող են Ուկրաինան, Հայաստանը, Մոլդովան և Ռուսաստանի կողմից վտանգված այլ երկրներ, ինչպես Դուք նշեցիք, վստահ լինել, որ ամերիկյան աջակցությունը կմնա շարունակական և անսասան ՝ անկախ ընտրությունների արդյունքից: Ձեռնարկվե՞լ են կոնկրետ քայլեր՝ երաշխավորելու, որ ԱՄՆ-ի հանձնառությունը այս երկրների նկատմամբ մնա անխախտ:

Ջեյմս Օ'Բրայեն. - Կարծում եմ՝ երկու բան կա։ Մեկն այն է, որ մենք բոլորս պետք է մեր գործն անենք հիմա: Այդ իսկ պատճառով եմ ասում, որ այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիր կնքելու հնարավորություն քանի, քանի որ Ռուսաստանը մեծ դժվարությունների է բախվում ու առկա են տնտեսական հնարավորություններ, որոնք կարող են չլինել մեկ տարի անց: Այսպիսով, կա հնարավորության պատուհան: Մենք հիմա զբաղված ենք դրանով, եթե գործընթացը հիմա սկսվի, հետագայում այն կշարունակվի: Կարծում եմ, որ նույնը վերաբերում է անվտանգությանը՝ եթե Ուկրաինան հաջորդ ամիսներին մարտնչի այնպես, ինչպես արել է վերջին ամսվա ընթացքում և մշտապես, երբ զենք է ունեցել, եթե անցկացնի բարեփոխումներ, որոնք կարևոր են ՆԱՏՕ-ին անդամակցելու և դեպի ԵՄ-ն շարժվելու համար, ապա կլինեն գործընթացներ, որ նույնիսկ ԱՄՆ-ի այլ քաղաքականության դեպքում Վաշինգտոնը մնա աջակցող: Երկրորդը՝ ԱՄՆ պատմության մեջ մենք միշտ էլ ունեցել ենք իզոլացիոնիզմի ժամանակաշրջաններ: 1941 թվականին, երբ Եվրոպան պատերազմի մեջ էր, ԱՄՆ-ն ուներ օրենք, որը պահանջում էր մեզնից կրճատել մեր բանակը, և մենք հազիվ կարողացանք փոխել այդ օրենքը` Երկրորդ համաշխարհային պատերազմին միանալուց ընդամենը մի քանի ամիս առաջ: 1953-ին իշխանության եկան նոր Կոնգրես և նախագահ, և Կոնգրեսը խոստացավ դուրս բերել Նահանգները ՆԱՏՕ-ից և վերադարձնել երկիրը նախապատերազմական մեկուսացման: Բայց երբ այդ մարդիկ ստանձնեցին իրենց պաշտոնները, հասկացան, որ դա անխոհեմություն կլինի, ինչն իրենք չեն ուզում: Ես հիմա կարող եմ անցնել այլ տասնամյակների միջով՝ ամերիկյան քաղաքականության մեջ միշտ են եղել նման վեճեր, բայց մենք միշտ կատարել ենք ճիշտ ընտրություն և կանգնել ենք մեր բարեկամների կողքին, երբ գործը հասել է դրան: Եվ ես մեծ վստահություն ունեմ ամերիկացի ժողովրդի հանդեպ, որ մենք նորից դա կանենք՝ այստեղ: Բայց եկեք այդ ընթացքում մենք մեր գործով զբաղվենք և այնուհետև պատրաստ լինենք հաջորդ տարի շարունակել աշխատանքը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG