Մատչելիության հղումներ

Ըստ ՔՊ պատգամավորի՝ խաղաղության պայմանագիրը պատրաստ է ստորագրման. Բաքուն էլ կրկին Սահմանադրությունից է խոսում


Սարգիս Խանդանյանը. արխիվ
Սարգիս Խանդանյանը. արխիվ

Բաքուն տարեսկզբից պարբերաբար հնչեցնում է Հայաստանի մայր օրենքը փոխելու ուղիղ պահանջ՝ դա համարելով խաղաղության պայմանագրի կնքման գլխավոր պայմանը։

Բլինքեն-Ալիև երեկվա հեռախոսազրույցը ևս բացառություն չէր։ Երբ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է անհապաղ խաղաղության համաձայնագրի կնքման կարևորությունը, ըստ Ադրբեջանի նախագահի գրասենյակի, որպեսզի խաղաղության օրակարգն առաջ մղվի, Ալիևն ընդգծել է «Հայաստանում Սահմանադրությամբ ու օրենքներով Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներին վերջ տալու կարևորությունը»։

Բաքուն տարածքային պահանջ է տեսնում Հայաստանի Սահմանադրությունում Անկախության հռչակագրի հղման մեջ, որտեղ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորման մասին հիշատակում կա։

Ըստ ԱԺ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ղեկավարող, իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» Սարգիս Խանդանյանի՝ հայ-ադրբեջանական պայմանագիրը պատրաստ է ստորագրման, իսկ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների հարց բարձրացնելով, Ադրբեջանը նպատակ ունի ձգձգել խաղաղության գործընթացը։

«Խաղաղության պայմանագրի վերջին խմբագրումներից հետո Հայաստանը պատրաստ է այն ստորագրել շատ սեղմ ժամկետներում, սակայն ադրբեջանական կողմը փորձում է ձգձգել այս գործընթացը, ցավոք սրտի, ու պրոցեսում նոր խոսույթ ու նոր նախապայմաններ է առաջ քաշում, ինչն անընդունելի է, որովհետև դա նաև միջազգային իրավունքի հայտնի նորմ է, որ ներպետական օրենսդրությունը չի կարող միջազգային պայմանագրերի նկատմամբ առավելություն ունենալ: Եվ դա կոնկրետ միջամտություն է Հայաստանի ներքին գործերին, ինչը ևս միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է», - ասաց Խանդանյանը:

«Ազատության» հարցին՝ «երեկ արտգործնախարար Միրզոյանն ասել է, որ Ադրբեջանն առաջ է քաշում նորանոր խնդիրներ, արդյո՞ք ԱԳ նախարարը սահմանադրական փոփոխությունների Բաքվի բարձրացրած հարցը նկատի ունի», պատգամավորը պատասխանեց. - «Այո, հարցերից մեկն էլ դա է, և դա անընդհատ լսում ենք վերջին շրջանում: Իսկապես ակնհայտ է, որ դա պրոցեսը դանդաղեցնելու, ձգձգելու նպատակ է հետապնդում»:

Սահմանադրության փոփոխությունների հարցը Բաքուն նաև բանակցության օրակարգ է մտցրե՞լ

Սահմանադրության փոփոխությունների հարցը Բաքուն նաև բանակցության օրակարգ է մտցրե՞լ. խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ասաց՝ ոչ, դրա շուրջ Հայաստանը չի բանակցում։

Իշխանության ներկայացուցիչներն Ադրբեջանից հնչող այս պահանջին արձագանքում են, թե՞ այդ հարցը Հայաստանի ներքին գործն է։ Այնուհանդերձ, Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի շարունակական պահանջի ֆոնին՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը նոր Սահմանադրության նախագիծ մշակել ու ներկայացնել իր աշխատակազմ։

«Դա մեր ներքին խոսակցությունն է, ու, այո, մենք քննարկել ենք այդ հարցը, որ կա անհրաժեշտություն նոր Սահմանադրության ընդունման և դրա շուրջ պետք է քննարկումներ ծավալվեն և այլն, բայց դա չի կարող լինել խաղաղության գործընթացի մաս ու խաղաղության գործընթացն արագացնելու նպատակով Հայաստանը չի պատրաստվում շատ արագ կերպով Սահմանադրությունը փոխել», - ընդգծեց նա:

Կա՞ որոշում՝ Սահմանադրության մեջ թողնել, թե՞ հանել Անկախության հռչակագրին հղումը

Իշխանությունն ունի՞ որոշում՝ պե՞տք է Սահմանադրության մեջ թողնել, թե՞ հանել Անկախության հռչակագրին հղումը։ Վտանգները ներկայացնելու համար Նիկոլ Փաշինյանն ինքը «ցլի ու կարմիր զգեստի» այլաբանությանն էր դիմել։

«Ընդհանուր պատկերացումն այն է, որ նոր Սահմանադրությունը պետք է արտացոլի Հայաստանի Հանրապետության իրավական իրողությունները ու նաև լուծի այն բոլոր խնդրահարույց մասերը թե՛ իրավական տեխնիկայի տեսանկյունից, թե՛ բովանդակության տեսանկյունից, որ գործող Սահմանադրությունն ունի: Երբ որ մասնագիտական հանձնաժողովը կկազմի Սահմանադրության նախագիծը, քաղաքական դաշտի դերակատարները պետք է իրենց դիրքորոշումները հայտնեն նոր նախագծի վերաբերյալ, բայց սա ապագայի խոսակցություն է, ես չեմ կարծում, որ դա առաջիկա ամիսների վերլուծելիք հարց է», - ասաց Խանդանյանը:

Վարչապետի որոշման համաձայն՝ նոր Սահմանադրության նախագիծը մինչ 2026-ի դեկտեմբեր պետք է մշակվի, բայց հնարավո՞ր է, որ փաստաթուղթն ավելի շուտ պատրաստ լինի։ Խորհրդում քաղհասարակությանը ներկայացնող Արթուր Սաքունցն ասաց՝ խորհուրդը դեռ չի հավաքվել, հիմա հանդիպման ժամկետներն են փորձում համաձայնեցնել։ Դեռ քննարկման հարց է համարում՝ արդյոք բարեփոխումների խորհուրդը պետք է նոր Սահմանադրություն մշակի։

Եթե Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանելու հարց դրվի, նա կմնա՞ խորհրդում, թե՞ կլքի:

«Ինքնին Ադրբեջանի կողմից նման հարցի բարձրացումը դառնա նույնիսկ քննարկման թեմա՝ աբսուրդ է, անթույլատրելի է, վիրավորական է նույնիսկ, մենք Ադրբեջանի գաղո՞ւթն ենք», - ասաց Սաքունցը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG