Մատչելիության հղումներ

Հրաժարական է տվել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան


Հրաժարական հրաժարականի ետևից՝ Ուկրաինայի գործադիր մարմնում․ արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հրաժարականի մասին այսօր ֆեյսբուքյան գրառումով տեղեկացրեց Գերագույն ռադայի ղեկավար Ռուսլան Ստեֆանչուկը՝ ներկայացնելով Կուլեբայի ձեռքով գրված դիմումը։ Օրենսդիր մարմինն արդեն այսօր սկսել է քվեարկել կաբինետի անդամների հնարավոր պաշտոնանկությունների առիթով։

Մեկնաբանելով Կուլեբայի հրաժարականը՝ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ասել է՝ «նոր էներգիա է անհրաժեշտ»:

«Ես արդեն նշել եմ կառավարության վերագործարկման մասին։ Ես շատ երախտապարտ եմ նախարարներին և կառավարության ողջ թիմին, որոնք աշխատեցին Ուկրաինայի և ուկրաինացիների համար: Մեզ այսօր նոր էներգիա է պետք, և այդ քայլերը կապված են միայն տարբեր ուղղություններով մեր պետության հզորացման հետ։ Միջազգային քաղաքականությունը, դիվանագիտությունը բացառություն չեն», - նշել է Զելենսկին։

Կուլեբան արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնում է ավելի քան 4 տարի՝ 2020-ի մարտից։ Զելենսկիից հետո 43-ամյա Կուլեբան Ուկրաինայի ամենահայտնի դեմքն է արտերկրում, որը հանդիպում էր աշխարհի առաջնորդների հետ, սահուն անգլերենով լոբբինգ անում ռազմական և քաղաքական աջակցության համար:

Երեկ էլ հրաժարականներ էին ներկայացրել երկու փոխվարչապետներ և երեք նախարարներ․ եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլհա Ստեֆանիշինան և ժամանակավոր օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը, ինչպես նաև ռազմավարական արդյունաբերության, արդարադատության, շրջակա միջավայրի նախարարները։

Ուկրաինայի կառավարությունում նոր փոփոխությունների մասին Զելենսկին ավելի վաղ ևս հայտարարել էր՝ ընդգծելով, որ աշունը չափազանց կարևոր է լինելու Ուկրաինայի համար:

«Մի շարք կադրային փոփոխություններ կլինեն նախարարների կաբինետում և նախագահի աշխատակազմում», - հայտարարել էր Զելենսկին՝ թվարկելով, թե ինչ առաջնահերություններ ունի այսօր Ուկրաինան՝ ավելի շատ փոխգործակցություն կենտրոնական կառավարության և համայնքների միջև, ընդլայնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, բանակցություններ Եվրամիության՝ իրական անդամակցության հարցում, ամրապնդել գործընկերների հետ Ուկրաինայի նկատմամբ վստահությունը:

«Մեզ անհրաժեշտ է տեղեկատվական, մշակութային և դիվանագիտական աշխատանքի նոր մակարդակ», - ընդգծել է նա։

Չի ուշացել ռուսական կողմի արձագանքը Ուկրաինայի գործադիրի կաբինետում տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ։ Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Կուլեբայի հրաժարականը մեկ նախադասությամբ է մեկնաբանել՝ «աշուն, տերևաթափ, ճյուղերը մերկանում են»։

Փաստացի առնվազն հինգ պորտֆել թափուր է այս տարվա սկզբից նախարարների պաշտոնանկությունից կամ հրաժարականից հետո, այդ թվում՝ գյուղատնտեսության և ենթակառուցվածքների նախարարությունները: Ընդդիմությունը լուրջ թերացումներ է տեսնում Զելենսկու այս մարտավարության մեջ։ «Սա կառավարություն է առանց նախարարների», - «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ՝ ասել է ընդդիմադիր պատգամավոր Իրինա Հերաշչենկոն՝ իրավիճակը գնահատելով մտավոր և կադրային ճգնաժամ, որի վրա իշխանությունները աչք են փակում։

Հրաժարականների ֆոնին մարտերն էլ ավելի են թեժանում ռազմաճակատում

Հրաժարականների այս ֆոնին մարտերն էլ ավելի են թեժանում ռազմաճակատում։ Ռուսաստանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Կիևի և արևմտյան Լվով քաղաքի ուղղությամբ: Ուկրաինական կողի փոխանցմամբ՝ Լվովի վրա հարձակման հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել, 19-ը վիրավորվել են։ Վնասվել են բնակելի շենքեր։

Ռուսաստանը վերջին 10 օրվա ընթացքում հարյուրավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Ուկրաինայի վրա, երեկ էլ երկու բալիստիկ հրթիռներով հարվածել կենտրոնական Պոլտավա քաղաքի ռազմական ինստիտուտին, որի հետևանքով զոհվել է 50 մարդ, հարյուրավորները վիրավորվել են:

Այսօր Իռլանդիայի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Զելենսկին ասել է՝ Միացյալ Նահանգներ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, այս չորս երկրները կարող են տրամադրել հեռահար զենքեր և փրկել ուկրաինացիներին։

«Նրանք կարող են օգնել մեզ դուրս մղել Ռուսաստանին Ուկրաինայի տարածքից, փրկել խաղաղ բնակիչներին։ Մենք ամեն օր մարդկանց ենք կորցնում, և այդ խնդիրները լուծելու մեր կարողությունը կախված է այս չորս երկրներից», - նշել է Ուկրաինայի նախագահը։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ երկիրը գտնվում է օդային տագնապի տակ, նաև նախազգուշացումներ են արել Լվովի շրջանի վրա նոր հրթիռային հարձակումների սպառնալիքի մասին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG