Մատչելիության հղումներ

Ալիևը զգուշացնում է Հայաստանին «չզինվել ու չմոռանալ վերջին պատերազմները», Երևանն արձագանքում է


Խաղաղության շուրջ՝ արդեն երկու տարի շարունակվող բանակցությունների ֆոնին Ադրբեջանի նախագահն այսօր զգուշացրել է Հայաստանին, ինչպես ինքն է ձևակերպել, վտանգավոր խաղերի մեջ չներքաշվել, չզինվել ու չմոռանալ վերջին պատերազմները և «կապիտուլյացիան»։ Ելույթը հնչել է Ջաբրայիլում, որն ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ անցավ 44-օրյա պատերազմից հետո։

«Մենք մեր ուզածին հասանք՝ առանց որևէ մեկից վախենալու, որևէ մեկին հաշվի չառնելով», - հայտարարել է նա՝ դիվանագիտական բառապաշարը շրջանցելով։

«Թող չմոռանան Ղարաբաղյան երկրորդ պատերազմի պատմությունը։ Թող չմոռանան, թե ինչպես էին մեզնից ծնկաչոք ողորմություն աղաչում, ինչպես էին օրական տասն անգամ ամենաբարձր մակարդակով դիմում Ռուսաստանին՝ խնդրելով դադարեցնել պատերազմը։ Թող չմոռանան հակաահաբեկչական գործողության մասին։ Չմոռանան, որ նույնիսկ այդ աշխարհագրական պայմաններում մենք կարողացանք հասնել մեր ուզածին՝ արմատախիլ անելով անջատողականությունն ընդամենը մի քանի ժամում», - նշել է Իլհամ Ալիևը։

Ելույթից ուղիղ մեկ շաբաթ առաջ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները բանակցել էին Նյու Յորքում՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարի մասնակցությամբ։ Ավարտին թե՛ Երևանը, թե՛ Բաքուն խոստացել էին լրացուցիչ ջանքեր գործադրել՝ ամենասեղմ ժամկետում Խաղաղության պայմանագիրը կնքելու համար։ Այսօր, սակայն, Ալիևը նաև Միացյալ Նահանգներին ու պետքարտուղար Բլինքենին է քննադատել։

«Այսօր առավոտյան ինձ տեղեկացրին, որ 60 հայամետ կոնգրեսականներ դիմել են Ամերիկյան կառավարությանը՝ Ադրբեջանի նկատմամբ հավելյալ պատժամիջոցներ սահմանելու խնդրանքով։ Երբ նայեցի այդ փաստաթղթին, կռահեցի, որ դրա հեղինակն ու հասցեատերը միևնույն մարդն է՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարը», - նշել է Ադրբեջանի նախագահը։

Կոնգրեսում պահանջում են Պետդեպարտամենտից պատասխանատվության կանչել Ադրբեջանին. Politico

Ամերիկյան Politico-ն այսօր հաղորդել էր, որ Կոնգրեսի հանրապետական ու դեմոկրատ ներկայացուցիչները պահանջում են Պետդեպարտամենտից պատասխանատվության կանչել Ադրբեջանին։

«Չնայած բազմաթիվ ապացույցներին ու միջազգային քննադատությանը՝ Ադրբեջանի հանդեպ էական քայլեր չձեռնարկվեցին էթնիկ զտման ու մյուս գործողությունների համար», - պետքարտուղարին գրել է հանրապետական Ֆրենկ Փալոնը։

«Չնչին կասկած անգամ չունեմ, որ այդ դիմումը գրվել է Պետդեպարտամենտում։ Իրենք իրենց նամակ են գրում, մեզ սպառնում ու մեղադրում», - այսօր պնդել է Ալիևը։

«Միացյալ Նահանգները շահարկում է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները։ Մեր հանդեպ սահմանափակումներ մտցրին 1992-ին, երբ կորցնում էինք մեր հողերը, հետո, 2001-ին չեղարկեցին։ Քանի դեռ Աֆղանստանում էին, և մենք նրանց պետք էինք, ու Ամերիկայի նախագահները ամեն տարի չեղարկում էին այդ պատժամիջոցները։ Հիմա, երբ աշխարհի աչքի առաջ փախել են Աֆղանստանից, վերականգնում են մեր նկատմամբ սահմանափակումները, ու դրանից հետո մեզ ասում՝ ամրապնդենք բարեկամությունը։ Ի՞նչ բարեկամության մասին կարող է խոսք լինել». - հայտարարել է նա։

Ալիևը նաև արևմտյան մյուս երկրներին, հատկապես Ֆրանսիային է քննադատել՝ հորդորելով հեռու մնալ Հարավային Կովկասից։ «Ադրբեջանի ամրապնդումը այս տարածաշրջանում ու դրա սահմաններից դուրս կշարունակվի նաև առաջիկայում», - ասել է նա, զգուշացնելով՝ «մեր քաղաքական կշիռն ու ռազմական ուժը տարեցտարի միայն ավելանալու է»։

«Ես նաև Հայաստանին եմ նախազգուշացնում՝ այստեղ կանգնած․ դադարեցրեք այդ վտանգավոր խաղերը։ Մի կողմից խոսում են խաղաղությունից, մյուս կողմից՝ զանգվածաբար զինվում։ Ո՞վ է նրանց զենք տալիս՝ Ֆրանսիան ու նրա նման՝ հակաադրբեջանական երկրները։ Ինչո՞ւ են այդ զենքը ձրի տալիս։ Որքան էլ փորձեն, ոչնչի չեն հասնի։ Թող հանգիստ թողնեն Հարավային Կովկասն ու գնան, զբաղվեն իրենց խնդիրներով։ Սա իմ նախազգուշացումն է, և կարծում եմ, նրանք, որ կհետևեն իմ խորհրդին, չեն սխալվի», - նշել է Իլհամ Ալիևը։

«Բաքվի վերջին շրջանի հայտարարություններն առնվազն մի շարք կարևոր հարցեր են առաջացնում»

«Պաշտոնական Բաքվի վերջին շրջանի հայտարարություններն առնվազն մի շարք կարևոր հարցեր են առաջացնում», - այսօր արձանագրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակը, առանձնացնելով դրանցից երկուսը․ «Արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչելու պայմանավորվածություններից: Եվ երկրորդ՝ արդյոք Ադրբեջանը հրաժարվում է Խաղաղության օրակարգից»:

Բաքվից դեռ չեն արձագանքել Երևանի այս հարցերին։

Մինչ այդ, Հայաստանի արտգործնախարարությունը այսօր կրկին վստահեցրել է՝ Հայաստանը սպառազինություն է ձեռք բերում միայն ինքնապաշտպանության նպատակով, ինչը նախատեսված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ։

«Երևանը որևէ հարևանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի, ճանաչում է նրանց բոլորի տարածքային ամբողջականությունը, իր օկուպացված տարածքներն էլ չի պատրաստվում վերադարձնել ռազմական ճանապարհով», - հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG