Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Ըստ Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության՝ կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ։
Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ հաղորդագրությունում նշված չեն:
Նույնպիսի հաղորդագրություն Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունն է տարածել:
Սրանք հայ ու ադրբեջանցի պաշտոնյաների առաջին դեմ առ դեմ բանակցություններն են արդեն համաձայնեցված 16 կետերով խաղաղության պայմանագիր ստորագրելու Հայաստանի առաջարկից հետո, որն Ադրբեջանը գրեթե մեկ ամիս է հետևողականորեն մերժում է։