Մատչելիության հղումներ

Էսկալացիայի վտանգ մշտապես կա, քանի դեռ խաղաղության պայմանագիր չի կնքվել․ ՀՀ փոխարտգործնախարար


Փոխարտգործնախարար Վահան Կոստանյան, արխիվ
Փոխարտգործնախարար Վահան Կոստանյան, արխիվ

Էսկալացիաների վտանգը մշտապես շարունակում է լինել, քանի դեռ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման պայմանագիր, կամ այլ կերպ ասած՝ խաղաղության պայմանագիր չի կնքվել, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

Հարցին, թե խաղաղության պայմանագիրը երաշխիք տալի՞ս է, որ պատերազմ չի լինի, փոխարտգործնախարարը պատասխանեց․ - «Մենք կարծում ենք, որ դա հավելյալ կերպով մեծացնելու է կայունության հնարավորությունները Հարավային Կովկասում»։

Երևանն ու Բաքուն հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի մոտ 80 տոկոսի շուրջ ընդհանուր հայտարարի են եկել։

Կոստանյան այսօր ասաց՝ այն կետերը, որոնք համաձայնեցված են, բավարար են երկու երկրների միջև դիվանագիտական հրաբերություններ հաստատելու և մնացյալ հարցերի վերաբերյալ քննարկումներ շարունակելու համար։

Ադրբեջանը պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։ Երևանն էլ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակում։

Վկայակոչելով հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխան լինելու մասին ՍԴ որոշումը՝ փոխարտգործնախարարն ՝ընդգծեց՝ Բաքվի կողմից բարձրաձայնվող մտահոգությունները որևէ աղերս չունեն իրականության հետ։

«Գերիների հարցն ԱԳՆ ուշադրության կենտրոնում է»

Խոսելով գերիների վերադարձի խնդրից՝ Կոստանյանն ասաց, որ հարցն արտգործնախարարության ուշադրության կենտրոնում է և բոլոր հանդիպումների ժամանակ հարցը բարձրացվում է։

Ադրբեջանի հետ բանակցվող խաղաղության պայմանագրի նախագծում, ըստ իշխանականների, գերիների հարցը ներառված չէ, այն ընդգրկված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Այն 44-օրյա պատերազմից հետո համաձայնեցված միակ փաստաթուղթն է, որում հստակ ամրագրված է գերիների վերադարձը, բայց անգամ այս դեպքում հարցը լուծում չի ստացել:

Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարվածներից 8-ը Արցախի նախկին ղեկավարներն են։ Բաքուն նրանց ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։

Բաքվում, պաշտոնական տվյալներով, ևս 15 հայ գերի է պահվում:

«ՀՀ ինքնիշխան տարածքից որևէ քառակուսի մետր չի հանձնվել»

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից որևէ քառակուսի մետր չի հանձնվել, սահմանազատման գործընթացն էլ բնականոն ուղիով ընթանալու է, ասաց Կոստանյանն՝ լրագրողների խնդրանքով անդրադառնալով ընդդիմադիրների պնդումներին, թե այս իշխանությունները տարածքներ են հանձնում։

Երեկ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էր հարց ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե ի՞նչ հիմքով էին դեռ 2021-ին Շուռնուխում հանձնվում Հայաստանի իրավազորության տակ գտնվող տարածքները, երբ քաղաքացիները ունեին կադաստրի վկայականներ՝ շեշտելով՝ նույնը տեղի ունեցավ նաև Կիրանցում։

Փաշինյանն էլ պատասխանել է՝ քննությունը կպարզի, թե ինչպես են առանց հիմքերի քաղաքացիներին ժամանակին սեփականության վկայաններ տրվել, հավելելով, գուցե չարաշահումներ են եղել։

Սահմանազատման հետևանքով Կիրանցի 100 ընտանիքների մոտ 30 տոկոսը սեփական տուն, տարածք կամ բիզնես է կորցրել​։ Հայկական Շուռնուխ գյուղն էլ 2 մասի կիսվեց 2020 թվականի պատերազմից մի քանի ամիս անց՝ 2021-ի հունվարին, երբ Սյունիքում սկսվեցին սահմանային ճշգրտումները: Գյուղի ներքևի թաղամասը՝ 12 տուն անցավ Ադրբեջանին, թե ինչ իրավական փաստաթղթերի հիման վրա, մինչև հիմա պարզ չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG