Ադրբեջանի նախագահը հայտարարում է՝ խաղաղության պայմանագրի նախագծի 17 կետերից 15-ը համաձայնեցված են, իսկ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ կազանյան վերջին հանդիպման ժամանակ լսածից ու զգացածից Ալիևը եզրակացրել է՝ երկու չհամաձայնեցվածների մասով ադրբեջանական պահանջները ևս Հայաստանը կարող է ընդունել։
Ռուսաստանյան պետական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ալիևն ասել է՝ Երևանն ու Բաքուն դեռևս չեն համաձայնեցրել միմյանց նկատմամբ միջազգային հայցերից ձեռնպահ մնալու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու մասին կետերը։
Ալիևն ադրբեջանական հաշվարկներն է հնչեցրել, ինչպես ձևակերպել է, «օկուպացիայի տարիներին իր երկրին հասցված վնասը ավելի քան 150 միլիարդ դոլար է կազմել», ու հայտարարել՝ այնպես որ, հայցերից հրաժարումը փոխադարձ ընդունելի է։ Իսկ թե ի՞նչ կշահի Ադրբեջանը, այդ մասին լռել է։
Արցախի վրա 2020 և 2023 թվականների հարձակումներն Ադրբեջանի համար որևէ քաղաքական հետևանք չունեցան, իսկ իրավականի ակնկալիքով Հայաստանը 4 միջպետական գանգատ է ներկայացել ՄԻԵԴ, ևս մեկը՝ Հաագայի արդարադատության դատարան։
Իսկ սահմանին երրորդ երկրների ներկայության բացառումն, ըստ Ալիևի, Ադրբեջանի համար կարևոր է, քանի որ եվրոպացի դիտորդների անվան տակ Հայաստանի կողմից սահմանին ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք է ստեղծվել։ Նա մեղադրել է, թե առաքելությունը սահուն ՆԱՏՕ-ի առաքելության է վերածվել, երբ այնտեղ նաև Կանադայի ներկայացուցիչներ են ընդգրկվել։ Բացի այդ, չնայած եվրադիտորդները Հայաստանի տարածքում են, Ադրբեջանի ղեկավարը պնդել է, երկարաժամկետ տեղակայումը իրենց հետ չի համաձայնեցվել։
Ի՞նչ են ասել Երևանից մինչ այս պահը պայմանագրի չհամաձայնեցված կետերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին հարցազրույցում ընդունելի էր համարել միջազգային իրավական հայցերի փոխադարձ հետկանչը։ Ուստի որն է Երևանի ու Բաքվի տարաձայնությունը՝ ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի ղեկավարների բացատրություններից պարզ չի դառնում։
Փաշինյանը նաև ասել էր, որ Երևանը Բաքվին առաջարկել է ԵՄ դիտորդներին հեռացնել սահմանազատված հատվածներից:
Արդյո՞ք բանակցություններում տարակարծության բուն պատճառը հենց դա է, որ եվրոպացիների ներկայությունը սահմանին կայունության երաշխիք համարող Երևանը փորձում է նրանց առաքելությունը դեռ պահպանել, իսկ Ադրբեջանն անհապաղ հեռացում է պահանջում։
Ալիևը այլ պահանջներ էլ է ներկայացրել
Մինչև խաղաղության պայմանագրի ստորագրելը Ադրբեջանն էլի պահանջներ ունի. ըստ Ալիևի՝ Հայաստանը պետք է Սահմանադրությունը փոխի, որտեղ հղում կա Անկախության հռչակագրին, որն էլ իր հերթին, ըստ Բաքվի, «տարածքային պահանջներ է պարունակում» Ադրբեջանի նկատմամբ, համաձայնի ղարաբաղյան հարցով զբաղվող Մինսկի խմբի լուծարմանը. «Հարցը հետևալն է՝ եթե Հայաստանը Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս, իսկ Մինսկի խումբը ղարաբաղյան հարցի լուծման համար էր ստեղծվել, ինչի՞ համար է այն պետք, այսինքն՝ այն, որ Հայաստանը մեզ հետ չի դիմում ԵԱՀԿ-ին Մինսկի խումը լուծարելու համար, խոսում է այն մասին, որ ռևանշիստների ծրագրերը բավականաչափ լուրջ են»։
Ալիևն ասել է՝ Ադրբեջանը ծրագրում է Մոսկվայից կրկին զենք գնել, մեղադրանքներ ներկայացրել ԱՄՆ-ին Հայաստանին «զինելու» համար
Չբավարարվելով՝ Ալիևը զուգահեռաբար մյուս հին պահանջներն է վերակենդանացրել՝ անհամատեղելի համարելով Հայաստանի ռազմական գնումներն ու խաղաղության պայմանագիրը։
«Հայաստանը չի կարող դիմանալ մեզ հետ սպառազինության մրցավազքին։ Չնայած Մակրոնի ու Միացյալ Նահանգների պետդեպի օգնությանը, Ադրբեջանի դեմ սադրանք նախապատրաստելու դեպքում ոչ մեկը Հայաստանին չի օգնի։ Ինչպե՞ս նրանց օգնեց Մակրոնը 2020 թվին կամ 2023-ին», - ասել է նա։
Հայաստանի զենքի գնումները քննադատելուն զուգահեռ Ադրբեջանի նախագահը չի թաքցրել՝ երբ Ռուսաստանի ռազմական արդյունաբերությունը պատրաստ լինի, Ադրբեջանը ծրագրում է Մոսկվայից կրկին զենք գնել։ Չնայած ո՛չ Երևանը, ո՛չ Վաշինգտոնը երբևէ զենքի առևտրի մասին չեն խոսել, բայց Ալիևը ԱՄՆ-ի իշխանությանը Հայաստանին զինելու կոնկրետ մեղադրանքներ է ներկայացրել. «Հայաստանի տարածքի խորությունը հաշվի առնելով դժվար չէ հետևելը. զենքի մատակարարման հարցում առաջատարը Ֆրանսիան է, երկրորդ տեղում Հնդկաստանն է, երրորդում՝ ԱՄՆ-ը։ Ֆրանսիան ու Հնդկաստանը չեն թաքցնում, որ Հայաստանի մահաբեր զենք են մատակարարում, ԱՄՆ-ը չի խոստովանում, բայց մենք հետևել ենք ռազմական բեռնատար ինքնաթիռներին, որոնք վայրէջք են կատարել հայկական օդանավակայաններում ու զինամթերք տարել»։
Դա է, ըստ Ադրբեջանի ղեկավարի, պատճառը, որ իրենք «ստիպված» ռեկորդային մեծ գումարներ են հատկացրել ռազմական ծախերին. - «2025-ի համար դա 5 միլիարդի կարգի գումար է»։
Լեռնային Ղարաբաղում այժմ 20 հայ է ապրում՝ ըստ Ադրբեջանի նախագահի
Ադրբեջանի ղեկավարը խոսել է նաև Հայաստան ուղարկված մի անպատասխան դիմումի մասին, որն, ըստ նրա, հղել են 80-ականների վերջին 90-ականների սկզբին Հայաստանից դուրս եկած մոտ 300 հազար ադրբեջանցիները, որպեսզի Երևանը նրանց համար վերադարձի, վերաինտեգրման պայմաններ ապահովի։ Նա ասել է, որ Հայաստանի ղեկավարությունից մինչև հիմա պատասխան չեն ստացել։
Ի դեպ, ըստ Ալիևի, երկու ամիս առաջվա տեղեկություններով՝ Լեռնային Ղարաբաղում այժմ 20 հայ է ապրում։ Ռուս խաղաղապահները պատերազմից հետո պարտավորվել էին Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ապահովել, Արցախի հայաթափումից մեկ տարի անց Իլհամ Ալիևը խոսում է արդեն «Ղարաբաղի վերականգնման գործում» ռուսական ներգրավվածությունից. առաջին օտարերկրյա ներդրումային ծրագիրն, ասել է, հենց ռուսական էր։
Իսկ Ֆրանսիայի ու Միացյալ Նահանգների գործող իշխանությունների մասին Ալիևի գնահատականները այս հարցազրույցում անցնում էին քաղաքական կոռեկտության սահմանները։ Արդեն 21 տարի Ադրբեջանում իշխող Ալիևը Մակրոնին «դիկտատոր» էր անվանում, Բայդենի վարչակազմին՝ «կպչուններ», ԵՄ արտգործնախարար Բորելին՝ Իսպանիայի «դիկտատոր Ֆրանկոյի կառավարության լավ արտգործնախարարացու»։