Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ, հաղորդում է վարչապետի աշխատակազմը։
Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Բերսեն քննարկել են տարածաշրջանային կայունությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ընթացքին վերաբերող հարցեր։
Մինչ Երևանից շատ մոտ են համարում խաղաղության պայմանագրի կնքումը, Բաքվից այսօր դարձյալ թվարկել էին փաստաթղթի ստորագրման իրենց պահանջները՝ Սահմանադրության փոփոխությունից մինչև Հայաստանի սահմանից Եվրամիության դիտորդների դուրսբերում։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պնդել է՝ Հայաստանի Սահմանադրությունը խաղաղության հաստատման ճանապարհին շարունակում է խոչընդոտ մնալ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչդեռ երկու օր առաջ հղում էր արել Սահմանադրական դատարանի որոշմանը, ընդգծել, թե Հայաստանի Սահմանադրության ոչ մի դրույթ տարածքային պահանջներ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ: Բաքվին սա չի համոզում: Փաշինյանը նոր Սահմանադրություն ունենալու հանձնարարություն ամիսներ առաջ տվել է, բայց երբ այն պատրաստ կլինի, և կհանվի արդյոք Ադրբեջանի համար խնդրահարույց համարվող հղումն Անկախության հռչակագրին, դեռ պարզ չէ:
Բայրամովը նաև ասել է, թե հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախագծի 17 կետից 15-ն արդեն համաձայնեցված են, բայց չի հստակեցրել՝ արդյոք չհամաձայնեցված կետերից է Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը: Պաշտոնական Երևանից ավելի վաղ նշել էին, թե պայմանագրի նախագծում այդպիսի կետ չկա:
Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Բերսեն հանդիպել էին սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակներում։ Այդ ժամանակ Ալեն Բերսեն ընդգծել էր Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը` ընդլայնելու համագործակցությունը Հայաստանի հետ` ի նպաստ ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետ իրականացման: