«Մենք, ըստ էության, աննախադեպ մոտ ենք խաղաղության պայմանագիր ստորագրելու», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը:
Ներկայացնում ենք հատված hարցազրույցից.
«Ազատություն». - Տապալվեցին ամերիկյան նախաձեռնությամբ բանակցությունները. Բաքուն մերժել է Մալթայում հանդիպել արտգործնախարար Միրզոյանի հետ, պատճառաբանելով, թե ամերիկյան կողմը անարդարացի և կանխակալ քաղաքականություն է վարում, սա ինչպե՞ս կմեկնաբանեք:
Քոչինյան. - Իրենք ավելի կոնկրետ են ասել, ասել են՝ այս ադմինիստրացիան: Շատ ակնհայտ է, քանի որ ադմինիստրացիան հեռանում է, մի ամիս է մնացել, ըստ էության, պաշտոնավարելու, Բաքուն Ա. առանձնապես այլևս հետաքրքրված չէ այս ադմինիստրացիայի հետ լավ հարաբերություններով, Բ. շատ ավելի հետաքրքրված է նոր ադմինիստրացիայի հետ հարաբերություններով և կուզենար, օրինակի համար, այդպիսի ժեստով փոխանցել բանակցությունների էստաֆետը կամ հնարավոր դերը, որ Միացյալ Նահանգները կարող են ունենալ հաջորդ ադմինիստրացիային: Եվ վերջապես երրորդը՝ առանձնապես իրենք չեն էլ ցանկանում որևէ երրորդ կողմ, այսինքն, էդ ադմինիստրացիաների միջև տարբերությունը մի հարց է, բայց ադրբեջանական կողմը գաղտնիք չէ, որ միշտ ցանկացել է ուղիղ երկկողմ բանակցություններ:
«Ազատություն». - Նրանք դրական ակնկալիքներ ունեն Թրամփի վարչակազմի՞ց, որի օրոք եղավ 44 օրյա պատերազմը:
Քոչինյան. - Որի օրոք եղավ 44-օրյա պատերազմը, բայց դրան զուգահեռ նաև մենք տեսանք նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարությունների բովանդակությունը և մակարդակը, դա բավականին լարվածություն է առաջացրել Բաքվում: Իրենք չէին սպասում, նման հայտարարություն էր: Ավելին՝ ընտրությունների արդյունքում առաջ եկած պաշտոնների թեկնածությունները և արդեն հաստատված նշանակումները նույնպես լավագույնս չեն ընկալվել Բաքվում, դրանք խնդրահարույց են առնվազն. մարդիկ, որոնք խոսել են Արցախի մասին, պետքարտուղար, որը օրենսդիրում եղել է համահեղինակ, նույնիսկ պրոհայկական որոշակի նախաձեռնությունների, Էնպես որ եթե Բաքվում կային որոշակի սպասելիքներ հնարավոր Թրամփի երկրորդ ադմինիստրացիայի հետ, ապա այդ սպասելիքներն առնվազն չեն արդարացել:
«Ազատություն». - Իսկ խաղաղության պայմանագրի հեռանկար իսկապես կա՞, ինչպես Երևանն է պնդում:
Քոչինյան. - Ես կարծում, որ՝ այո, իսկապես կա: Մենք, ըստ էության, աննախադեպ մոտ ենք խաղաղության պայմանագիր ստորագրելու: Եվ սա ոչ թե ինչ-որ տենց հերթական հերթապահ հայտարարությունն է, իսկապես, երբևիցե կողմերն այսքան մոտ չեն եղել խաղաղության:
Հարցազրույցն ամբողջությամբ ստորև.