Թեհրանը ողջունում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնությունը, այսօր Երևանում, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հայտարարեց Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ նշելով, որ կողմերին խրախուսում են հնարավորինս արագ ստորագրել վերջնական փաստաթուղթը։
«Մենք աջակցում ենք տարածաշրջանի երկրների անկախությանն ու տարածքային ամբողջակիանությանը և դեմ ենք ցանկացած միջազգային սահմանների փոփոխությանը», - հայտարարեց Արաղչին՝ շեշտելով՝ սա Իրանի կայուն դիրքորոշումն է։
Նա նաև ընդգծեց, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի ներսում՝ երկխոսության և դիվանագիտության միջոցով՝ առանց ուժի կիրառման։
Նշելով, որ Իրանն աջակցում է խաղաղության պայմանագիրը՝ Արաղչին հույս հայտնեց, որ այն շուտ կստորագրվի։
«Կովկասի կայունության ու խաղաղության համար այդ համաձայնությունը շատ կարևոր է, այդ թվում՝ տնտեսական հարաբերությունների զարգացման համար», - ասաց Իրանի արտգործնախարարը։
Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող» Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, վերջին օրերին էլ Հայաստանին մեղադրում հրադադարը խախտելու համար։
«Ազատության» հարցին, թե Ադրբեջանի հետ եղե՞լ են խորհրդակցություններ խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների շուրջ և արդյոք կա՞ համաձայնություն, թե երբ պայմանագիրը կստորագրվի, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը պատասխանեց․ - «Երևանն առաջարկել է սկսել խորհրդակցություններ՝ որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը, ժամը և մյուս մանրամասները։ Այս պահին մենք նույն պատրաստակամությունը պաշտոնական Բաքվից չենք լսել»։
Միրզոյանն ընդգծեց՝ պետք է շարունակեն աշխատել, «բանակցել և գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ՝ արժանապատիվ լուծումներ և երկարատև խաղաղություն ապահովող լուծումներ»։
«Այս պահին, այո՛, չկա ըմբռնում՝ որտեղ և երբ պետք է ստորագրվի, մենք պատրաստ ենք հնարավորինս արագ ներգրավվել այդ գործընթացում և դնել մեր ստորագրությունը», - ասաց Միրզոյանը։
Մանրամասներն՝ ավելի ուշ