Իրանը տարածաշրջանում էսկալացիայի վտանգ է տեսնում: Արտգործնախարարի պաշտոնում առաջին անգամ Երևան ժամանած Սեյեդ Աբբաս Արաղչին այսօր հույս հայտնեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորինս շուտ կստորագրեն խաղաղության համաձայնագիրը:
Մի քանի անգամ կրկնեց Թեհրանի արդեն տարիներ շարունակ հնչող տեսակետը՝ Իրանն աջակցում է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը և դեմ է ցանկացած միջազգային սահմանի փոփոխության, խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանում երկխոսությամբ, առանց ուժի կիրառման:
«Գտնում ենք, որ Կովկասի խաղաղության և կայունության համար այդ համաձայնությունը շատ կարևոր է, այդ հարցը շատ կարևոր է նաև տնտեսական հարաբերությունների զարգացման համար, և հուսով ենք, որ այն խնդիրները, որոնք գոյություն ունեն, շուտով կլուծվեն, և համաձայնագիրը կստորագրվի։ Էսկալացիայի վտանգը տարածաշրջանում գոյություն ունի, և մենք հույս ունենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում այդ վտանգները նվազագույնին կհասնեն, և մենք ականատես կլինենք կայունությանը, որը բխում է բոլորի շահերից», - այսօր ՀՀ արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսին ասաց Աբբաս Արաղչին:
«Դեմ ենք տարաձայնությունները լուծելու համար ցանկացած ռազմական քայլի»
Սյունիքով միջանցքի գաղափարից Ադրբեջանը չի հրաժարվում, Հայաստանի իշխանության առաջարկած ապաշրջափակման տարբերակն ամիսներով անպատասխան է թողնում: Հարցին՝ ի՞նչ քայլի կդիմի Իրանը, եթե Ադրբեջանը փորձի ռազմական ճանապարհով լուծել հարցը, իրանցի պաշտոնյան պատասխանեց՝ դրան դեմ են: Կարծում է՝ Հայաստանի իշխանության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ»-ը մեծ հնարավորություն կստեղծի ՀՀ-ի և Իրանի հարաբերությունների զարգացման համար:
«Մենք գտնում ենք, որ խնդիրները տարածաշրջանում պետք է լուծվեն երկխոսության և դիվանագիտության միջոցով, և դեմ ենք տարաձայնությունները լուծելու համար ցանկացած ռազմական քայլի», - նշեց նա, շարունակելով, - «Հաղորդակցությունների և տրանզիտային ուղիների բացումը ընդունելի է, բայց դրանք պետք է լինեն երկրների ինքնիշխանության ներքով, պետք է հարգվեն երկրների տարածքային ամբողջականությունը և ազգային օրենքները:
Իրանը միանգամայն կողմ է, որ տարածաշրջանի երկրները օգտագործեն հաղորդակցության և տրանզիտային ուղիները, բայց ինչպես նշեցի, միջազգայնորեն ճանաչված սահմանների հարգման և երկրների ազգային ինքնիշխանության շրջանակներում: Բացի սրանից, որևէ այլ ուղի ընդունելի չէ»:
Այս պահին չկա ըմբռնում՝ որտեղ և երբ պետք է ստորագրվի խաղաղության պայմանագիրը
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասաց՝ այս պահին չկա ըմբռնում՝ որտեղ և երբ պետք է ստորագրվի խաղաղության պայմանագիրը:
Տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարած Բաքուն անմիջապես էլ պայմաններ դրեց դրա ստորագրման համար, ինչպես ձևակերպեցին՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, տարիներով Ղարաբաղյան խնդրով զբաղված Մինսկի խմբի լուծարում:
Վերջինին Երևանը դեմ չէ: Իշխանությունը և պնդում է՝ Սահմանադրության փոփոխությունը ներքին հարց է, Բաքվի պահանջը չի կատարում, և հայտարարում է, որ նոր Սահմանադրությունը չպետք է վտանգի խաղաղության պայմանագիրը:
Արարատ Միրզոյանն այսօր կրկնեց՝ Երևանը պատրաստ է հնարավորինս արագ դնել իր ստորագրությունը պայմանագրի տակ: Հայտարարություն, որ հայկական կողմն անցած 12 օրերին բազմիցս է կրկնել, Բաքվից, սակայն, լուռ են, զուգահեռ Հայաստանին մեղադրում էին իրենց դիրքերի ուղղությամբ կրակելու մեջ: Երևանը այդ պնդումները կեղծ է որակել:
Ադրբեջանի հետ եղե՞լ են արդեն խորհրդակցություններ խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների մասով, կա՞ համաձայնություն՝ երբ կստորագրվի, թե՞ Բաքուն չի հրաժարվում նախապայմաններից, և այդ դեպքում ի՞նչ է անելու Երևանը, Միզոյանին հարցրեց «Ազատություն»-ը:
«Այս պահին մենք նույն պատրաստակամությունը պաշտոնական Բաքվից չենք լսել: Իրավացիորեն նշեցիք, որ խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմանը զուգահեռ և դրանից հետո արդեն նորից Ադրբեջանը որոշակի այլ նախապայմաններ է տեսնում: Մինչև զուգահեռ կամ հետո խաղաղության համաձայնագրի ստորագրումից ի՞նչ պետք է անենք, պետք է շարունակենք աշխատել, բանակցել և գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, արժանապատիվ լուծումներ և երկարատև խաղաղություն ապահովող լուծումներ, այլընտրանք չկա», - պատասխանեց նախարար Միրզոյանը:
Իրանը դեռ չի արձագանքել Թրամփի նամակին
Իրանի արտգործնախարարն այսօր հայտարարեց, որ Իրանը դեռ չի արձագանքել ԱՄՆ նախագահի նամակին, բայց պատասխանը պատրաստման փուլում է, և այն կուղարկեն: Այս ամիս Դոնալդ Թրամփ Թեհրանին երկու ամիս տվեց՝ որոշելու՝ նոր բանակցությունների մեջ կմտնի, թե կբախվի ավելի խիստ պատժամիջոցների: «Ազատություն»-ը հետաքրքրվեց՝ Իրանը պատրա՞ստ է ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել:
«Ամերիկայի հետ բանակցություններում մեր դիրքորոշումը հստակ է, մենք ճնշումների ու ռազմական սպառնալիքների, տնտեսական պատժամիջոնցերի խստացման պայմաններում Ամերիկայի հետ չենք ունենա ուղիղ բանակցություն, բայց Իրանի Իսլական Հանրապետությունը միշտ պատրաստ է իր խաղաղ միջուկային ծրագրի շուրջ թափանցիկություն ստեղծելու համար բանակցել: Հենց հիմա էլ մենք եվրոպական երեք և շահագրգիռ մյուս երկրների հետ ունենք բանակցություններ, և ընդհանուր առմամբ, մեր միջուկային ծրագրի հարցով մենք երբեք չեն լքել և չենք լքի բանակցությունների սեղանը», - պատասխանեց Աբբաս Արաղչին:
Երևանում այսօր նաև տեղի ունեցավ Իրանի արտգործնախարարի «Բանակցության ուժը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, որի նախաբանը, պարզվեց, գրել է Արարատ Միրզոյանը: