Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի: Այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը մի քանի անգամ կրկնեց այս միտքը՝ հիմնավորելով, թե արդյունավետը խաղաղության իրենց ընտրած ճանապարհն է: Հենց այդ պատճառով է Երևանը պատրաստ կատարել խաղաղության պայմանագրի ստորագրման ադրբեջանական պայմանն ու լուծարել Մինսկի խումբը, բայց Փաշինյանը կրկին ժամկետ չնշեց:
«Ուզում եմ հստակ և աներկբա ասել՝ ես կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք, բայց ինչո՞ւ ենք հետաձգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման հարցով որոշումը, որովհետև ասում ենք՝ մենք ուզում ենք համոզված լինել, որ ինչպես մենք ունենք քաղաքական որոշում, որ Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, Ադրբեջանում էլ չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում, ասենք, օրինակ՝ «Արևմտյան Ադրբեջանի» շարժում, և այս պատմությունը ոչ թե խաղաղություն հաստատելու մասին է, այլ կոնֆլիկտային տրամաբանությունն Ադրբեջանի տարածքից Հայաստանի տարածք արտահանելու մասին», - ասաց նա:
Շուրջ չորս տասնամյակ շարունակվող Ղարաբաղյան շարժումը դադարեցնելու մասին հայտարարությունը դահլիճում կրքեր բորբոքեց, դաշնակցական Գեղամ Մանուկյանը զայրացավ. «Հայ ժողովուրդը որոշում չի կայացրել, հայ ժողովուրդը 21 թվականին ուրիշ որոշում է կայացրել, այն, ինչ որ չեք կատարել ձեր ծրագրում»,- ասաց նա:
«Այո, մենք չենք շարունակելու Ղարաբաղի շարժ, ուզում եք՝ թռեք վերև, ուզում եք՝ իջեք ցած: Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը, եթե Հայաստանի ժողովուրդը համաձայն չլինի իմ այս դիրքորոշման հետ, վաղը, վաղը չէ, մյուս օրը, որևէ պահի կդադարեմ լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ»:
Երկու շաբաթ առաջ ավարտելով խաղաղության պայմանագրի բանակցությունները՝ Երևանը հայտարարեց, որ պատրաստ է ստորագրել փաստաթուղթը, Բաքուն մինչդեռ Մինսկի խմբի լուծարումից բացի, նաև Հայաստանի Սահմանադրությունը փոխելու նախապայման դրեց:
Վարչապետն այդպես էլ չպատասխանեց ընդդիմադիրների հարցին՝ խաղաղության պայմանագրով ինչ է զիջել Ադրբեջանը:
«Դուք ասում եք՝ ես ճանաչեցի իրանց չգիտեմ ինչքանը, իրենք՝ մեր 29 հազար 743-ը, որովհետև ճանաչել են տարածքային ամբողջականությունը, ո՛չ, տարածքային ամբողջականությունը լրիվ ուրիշ բան է, դուք հերոսական զիջումներ եք անընդհատ անում, իսկ Ադրբեջանը, լավ, էդքան տղամարդկություն չունի ձեր կիրթ և կառուցողական գործընկեր Ալիևը, մի քաջ զիջում էլ ինքը աներ», - ասաց «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը:
«Նիստից առաջ դոպինգ եք խմում, ինչ եք անում, որ գաք, էստեղ ցնցվելով, բան անելով, ձեզ թվո՞ւմ է՝ պաթոսով ձեր ասածի մերկությունը թաքցնելու եք», - արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:
«Ձեզ համար շատ նորություն կլինի՞, որ այս երկրում եթե մի մարդ կա, ում վերագրվում է որոշակի դեղեր խմելը, ապա դա Դուք եք, փաստացի չկարողացաք գոնե մի կետ ասել, որ Ադրբեջանը զիջում է», - իր հերթին հավելեց Ագնես Խամոյանը:
Փոխարենը Փաշինյանն այսօր կրկին բացեց նախկին նախագահների հետ բանավեճի թեման՝ այս անգամ ուղիղ սպառնալով Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգյանին:
«Երեք մտքի տիտան ասում են՝ մենք իր հետ բանավիճելու բան չունենք: Հետո իրենց երեխաներին, թոռներին, ծոռներին, խնամիներին, հարսներին ու բաջանաղներին ուղարկում են ասուլիսներ տալու: Արա, եթե բան չկա բանավիճելու, վեր ընկեք տեղներդ, ձեններդ կտրեք: Եթե բանավիճում եք, եկեք, խոսենք: Ես ձեզ հետ չեմ բանավիճի, ես ձեզ պատերով կտամ, և այդտեղից ձեր քաղաքական դիակների մնացորդները դուրս կհանեն, երեքիդ էլ վերաբերվում է: Ես ձեզ ոտքի տակ կտամ, ոչ թե կբանավիճեմ ձեզ հետ: Դրա համար էլ չեն գալիս», - ասաց նա:
Վաշինգտոնում էլ են համոզված, որ խաղաղության պայմանագիրը պետք է արագ ստորագրվի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը երեկ հեռախոսազրույց էր ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, ասաց՝ Վաշինգտոնում էլ են համոզված, որ խաղաղության պայմանագիրը պետք է արագ ստորագրվի:
Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության օրակարագը, ըստ Փաշինյանի, շարունակում է նույնքան հրատապ լինել նաև Միացյալ Նահանգների նոր վարչակազմի համար:
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.