Չնայած Երևանը Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական հայտ չի ներկայացրել, դեպի Եվրամիություն ձգտող հայաստանյան մի խումբ ուժեր այսօր դիմեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ անդամակցության հարցով ստորագրահավաքի հնարավորություն ստանալու համար: Եթե հանձնաժողովը տասնօրյա ժամկետում գրանցի նախաձեռնող խմբին, ապա նրանք, ըստ Սահմանադրության, կունենան 60 օր՝ անհրաժեշտ 50 հազար ստորագրությունը հավաքելու և իրենց հեղինակած՝ «Եվրոպայի միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի» մասին օրինագիծը խորհրդարան ներկայացնելու համար:
«Մենք առաջարկում ենք դիտել դա որպես քաղաքացիների կամարտահայտություն և հույս ունենք, որ դա չի խանգարի, այլ կօգնի Կառավարությանը այն դեպքում, եթե իշխանությունը անկեղծ է, և եթե, մենք վերջերս լսել ենք բազմաթիվ խոսքեր այն մասին, որ ուզում են, հույս ունեն, կամ եթե կարող են, նույնիսկ այս տարի կմիանան Եվրոպային: Թող միանան՝ մենք միայն օգնելու ենք դրան: Եթե չեն ցանկանա դա, կամ եթե դա կեղծավորություն է, ուրեմն՝ մենք ցույց ենք տալիս, որ ժողովուրդը ավելի առաջադեմ է, քան իշխանությունը», - հայտարարեց Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը:
Հայաստանում եվրաինտեգրման ջատագովներն ամիսներ առաջ նույն այս հարցով խորհրդարանական լսումներ էին անցկացրել, առաջարկել եռամսյա ժամկետում հանրաքվե անցկացնել, սակայն դրական արձագանք իշխանությունից չեղավ: Ավելին՝ այս ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անգամ խոստովանեց՝ չունի հարցի պատասխանը, թե ԵՄ-ն ինչքանո՞վ է պատրաստ մոտ թողնել Հայաստանին: Օր առաջ դեպի Եվրամիություն ձգտող ուժերը, սակայն, անդրդվելի են: Եթե ստորագրությունները հավաքեն, հասնեն Ազգային ժողով, բայց իշխող մեծամասնությունը դեմ քվեարկի, միևնույն է չեն հրաժարվի իրենց օրակարգից:
«Մենք պատրաստ ենք գնալ երկրորդ փուլի և հավաքել 300 հազար, որը դարձնելու է հանրաքվեն պարտադիր՝ ըստ օրենքի», - ընդգծեց Խզմալյանը:
Օրենսդիրների հնարավոր մերժումից հետո նախագիծը կդրվի հանրաքվեի, եթե 60 օրվա ընթացքում դրան միանա ընտրական իրավունք ունեցող ևս 300 հազար քաղաքացի: Նախագիծը դեռ չի հրապարակվել, և դրա բովանդակությունը հայտնի չէ, մինչ այդ էլ Ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահը հայտարարում է՝ Եվրամիության անդամակցության հարցը օրենքով չի կարգավորվում:
«ԵՄ անդամակցության հայտ տալիս է Կառավարությունը, Կառավարությունը ցանկացած պահի էլ կարող է նման հայտ ուղարկել Եվրամիություն: Դա օրենքով լուծվող հարց չի, դա Կառավարության որոշմամբ լուծվող հարց է», - ընդգծեց Արման Եղոյանը:
Իսկ Հայաստանի կառավարությունն առաջիկա առնվազն կես տարում, ինչպես Եղոյանն ասաց, Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի: Պատգամավորը հերթական անգամ արտախորհրդարանական ուժերին հիշեցրեց՝ հանրաքվեն անդամակցության գործընթացում վերջին փուլն է, այժմ դրա մասին խոսակցությունները ժամանակավրեպ են:
«Բայց եվրաինտեգրմա՛ն գործընթացը, ինչպես տեսնում եք, ամբողջ թափով առաջ է գնում, մի ինչ-որ փուլում, բնականաբար, հանրաքվեի հերթ էլ է հասնելու, բնականաբար, բայց հիմա այդ փուլը չի», - նշեց ԱԺ հանձնաժողովի նախագահը:
ԿԸՀ հաստատումից հետո թաղապետարանների և համայնքապետարանների շենքերում բացվելու են ստորագրահավաքի կետեր: