Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել, «Իզվեստիա»-ին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն։
Հարցին, թե Եվրամիության դռները բա՞ց են Հայաստանի առջև, Ստանոն, մասնավորապես, պատասխանել է․ - «Երկրներն իրավունք ունեն ձգտելու իրենց ժողովուրդների համար ավելի լավ ապագայի: Նրանք ազատ են նման ապագան ապահովելու որոշման համար։ Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցությանը, եվրոպական ցանկացած երկիր ինքը պետք է որոշի արդյոք ցանկանում է դիմել ԵՄ-ին անդամակցության համար»։
ԵՄ ներկայացուցիչն ընդգծել է՝ երբ երկիրը Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացնում, ԵՄ անդամ երկրները քննարկում են հայտը, այնուհետև ԵՄ պայմանագրերի և սահմանված չափանիշների հիման վրա համապատասխան որոշում են կայացնում։
Երկու օր առաջ ձաների 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ հարաբերակցությամբ Եվրախորհրդարանն ընդունեց Եվրամիության և Հայաստանի միջև կապերի մասին հատուկ բանաձևը, որով Եվրամիության օրենսդիր մարմինը գործադիր իշխանությանն առաջարկում է դիտարկել Հայաստանի՝ Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը:
«Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար», - ասված է բանաձևում։
Պաշտոնական Երևանը ողջունեց բանաձևը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ այն Հայաստանում հանրային քննարկման առարկա պետք է դառնա։
Պարտադիր կատարման ուժ չունեցող բանաձևը դարձավ Եվրամիության առաջին պաշտոնական արձագանքը եվրոպական ընտանիքին մերձենալու ցանկությունների մասին Երևանից վերջին շրջանում հնչող հայտարարություններին։
Նախ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, թե Հայաստանը պատրաստ է մոտենալ Եվրամիությանն այնքան, որքան Բրյուսելը հնարավոր համարի, ապա արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր անցած շաբաթ ասել՝ Հայաստանը քննարկում է Եվրամիությանն անդամակցության հնարավորությունը։