Հայաստանի քաղաքացիական հասարակությունը եկող շաբաթ կակտիվանա Եվրամիությանը Հայաստանի անդամակցության օրակարգով։ Արևմտամետ քաղաքական ուժերն ու հասարակական կազմակերպությունները համաժողով կանեն։ Նախորդ շաբաթ վարչապետ Փաշինյանն էր հորդորել, որ արտախորհրդարանական ուժերն արձագանքեն Եվրախորհրդարանի բանաձևին։
«Նման ուղերձները ունեն շատ ավելի լայն արձագանքի կարիք, քան Կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը», - ասել էր վարչապետը:
Խորհրդատվական բանաձևը կոչ է Եվրամիության գործադիր մարմիններին՝ դիտարկել Հայաստանի Եվրամիությանն անդամակցելու հնարավորությունը։ Արևմտամետ քաղաքական ուժերը նույն օրն արձագանքեցին ու բանաձևը որակեցին պատմական հնարավորություն։
«Շատ փոքր պատուհան է բացվել, որը Հայաստանը պետք է օգտագործի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փաշինյանի նախկին թիմակից, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության նախկին ղեկավար Գայանե Աբրահամյանը:
Թե այդ պատուհանը որքան լայն կբացվի, Կառավարությունից է կախված, ոչ թե հանրությունից, ասում է Աբրահամյանը. - «Հատկապես հիմա, ըստ էության, հիմնական գնդակը իշխանության դաշտում է: Այն, որ այո, հիմա է ժամանակը, և հիմա է ստեղծվել այդ հնարավորությունը՝ հաշվի առնելով նաև աշխարհաքաղաքական փոփոխությունները, ուղղակի հարցական չի առաջացնում»:
Նրա տպավորությամբ՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է արտաքին դիվանագիտության փոփոխության պատասխանատվությունը հանրության ուսերին դնել, բայց հանրությունն, ըստ նախկին պատգամավորի, կարող է փորձագիտական կարծիք ասել, Կառավարությո՛ւնը պետք է գնահատի Ռուսաստանից Արևմուտք թեքվելու ռիսկերն ու դրանք մեղմող քայլեր անի։
«Եվրոպական միության անդամ դառնալ կամ ընդհանրապես անդամակցության մասին խոսել առանց տնտեսական նաև դիվերսիֆիկացիայի՝ անհնար է ուղղակի», - ընդգծեց Աբրահամյանը:
Քաղհասարակության ներկայացուցչի կարծիքով՝ Եվրամիությանը մերձենալու հայտարարություններից բացի Կառավարությունը պետք է հանրությանը ներկայացնի հնարավոր վտանգներն ու դրանց դեմն առնելու քայլերը։ Օրինակ՝ ի՞նչ կարող է լինել Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալուց հետո, կամ այդ միությանը ի՞նչն է փոխարինելու։
Մարդիկ պետք է տեղյակ լինեն՝ ինչի միջով են անցնելու, ասում է Գյանե Աբրահամյանը. - «Այդ թվում նաև տնտեսական, այդ թվում նաև ճգնաժամային ինչ-որ իրավիճակներ, և էս ռիսկերի մասին, այո, պետք է բացեիբաց խոսել: Բայց ես կարծում եմ, որ, այո, կլինեն ռիսկեր և կլինեն հարցեր, որոնց մասին շատ բաց հնարավոր չի լինելու խոսել: Բայց սրանք պետք է գնահատել, և սրանց նաև հակազդման գործողությունների որոշակի պլան պետք է լինի»:
Փաշինյանը Եվրախորհրդարանի բանաձևից կես տարի առաջ էր դեռ հայտարարել՝ Հայաստանը պատրաստ է Եվրամիությանն այնքան մոտ լինել, որքան Եվրամիությունը հնարավոր կհամարի: Արտաքին գործերի նախարարն էլ է հայտնել Եվրոպայի հետ մերձենալու ցանկության մասին։ Ռուսաստանյան կառույցները լքելու մասին կոնկրետ հայտարարություններ չեն արել։ Ռազմական դաշինքում՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամությունը դե ֆակտո սառեցնելու մասին է Փաշինյանը խոսել, և օդանավակայանից ռուս սահմանապահներին հանելու համար են դիմել Ռուսաստանին։ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մտադրության մասին պաշտոնյաները չեն խոսում, ֆինանսների նախարարը «Ազատության» հետ զրույցում այն ռիսկային էր համարել։