Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանն ընդունեց ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկել առաջարկող բանաձևը


Եվրախորհրդարանի քվեարկության արդյունքները
Եվրախորհրդարանի քվեարկության արդյունքները

Եվրամիության օրենսդիր մարմինը գործադիր իշխանությանն առաջարկում է դիտարկել Հայաստանի՝ Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը:

«Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար», - ասված է Եվրախորհրդարանի պատգամավորների կողմից համատեղ ներկայացված բանաձևում, որն այսօր երեկոյան ընդունվեց քվեների 504 կողմ, 4 դեմ և 32 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Փաստաթղթում Եվրախորհրդարանը Եվրոպական հանձնաժողովին և Խորհրդին կոչ է անում ակտիվորեն աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման գործում՝ ընդ որում ոչ միայն տնտեսական հարցերում, այլև անվտանգության, քաղաքական երկխոսության, մարդկանց միջև շփումների ոլորտներում։

Խորհրդատվական բնույթի, պարտադիր կատարման ուժ չունեցող բանաձևն, այդուհանդերձ, դարձավ Եվրամիության առաջին պաշտոնական արձագանքը եվրոպական ընտանիքին մերձենալու ցանկությունների մասին Երևանից վերջին շրջանում հնչող հայտարարություններին։

Նախ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, թե Հայաստանը պատրաստ է մոտենալ Եվրամիությանն այնքան, որքան Բրյուսելը հնարավոր համարի, ապա արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր անցած շաբաթ ասել՝ Հայաստանը քննարկում է Եվրամիությանն անդամակցության հնարավորությունը։ Միաժամանակ, Հայաստանի իշխանությունները չեն հստակեցնում՝ արդյոք Եվրամիությանը հնարավոր անդամակցության ճանապարհին պատրաստվո՞ւմ են լքել Մոսկվայի մասնակցությամբ տնտեսական ու ռազմական դաշինքները:

Մինչ այդ, Եվրախորհրդարանի պատգամավորները, ինչպես ընդգծում էին բանաձևի նախագծում, հաշվի են առել և ողջունում են ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցումը և անվտանգության ոլորտում Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելուն ուղղված ջանքերը, աջակցում են «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերմանն ուղղված Երևանի քայլերին:

«Աջակցել Հայաստանին հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու համար»

Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրամիության ղեկավարությանը Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցել Հայաստանին իր անվտանգային տարածքը ՀԱՊԿ-ից դուրս ընդարձակելու և հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու համար։

«Լիովին տեղյակ ենք սպառնալիքների մակարդակի և բազմազանության մասին, որոնք Ռուսաստանի Դաշնությունը կարող է փորձել կիրառել Հայաստանի դեմ՝ պատժելու նրան իր անկախ քաղաքական և ռազմավարական ընտրությունների համար: Եվրամիությունը պետք է պատրաստ լինի արագ օգնություն ցուցաբերել Հայաստանին՝ մեղմելու ցանկացած նման ոչ բարեկամական քայլերի բացասական հետևանքները», - հայտարարում են Եվրամիության անդամ երկրների պատգամավորները:

Անցած ամիս այս բանաձևին նախորդել էր քննարկում Եվրախորհրդարանում պատգամավորների և Եվրամիության պաշտոնյաների մասնակցությամբ։ Եվրամիության միջազգային գործընկերության հարցերով հանձնակատար Յուտա Ուրպիլայնենը դեռ այն ժամանակ էր հայտարարում՝ Երևանի և Բրյուսելի հարաբերությունները երբեք այդքան ամուր չեն եղել։

«Նախկինում Հայաստանի ընդունած որոշումները հանգեցրել են քաղաքական և տնտեսական դժվարությունների և կախվածության անվտանգային բնագավառում, դրանք չեն կարող մեկ գիշերում հաղթահարվել: Սակայն երկու կողմերի հստակ քաղաքական կամքը կընձեռի առաջ շարժվելու և մեր գործընկերությունը խորացնելու և ընդլայնելու հնարավորություն», - ասել է Յուտա Ուրպիլայնենը:

Էստոնացի պատգամավոր Մարինա Կալյուրանդը շեշտում էր՝ ճիշտ ժամանակն է Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել, շտապելով պնդել՝ Հայաստանն էլ իր տնային աշխատանքը պետք է անի․ - «Խոսքս ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և Ռուսաստանից մեծ կախվածության մասին է՝ ներառյալ առևտուրը, և Հայաստանում ռուսական ռազմակայանը»։

«Հայաստանը հիրավի եվրոպական է՝ իր արժեքներով, մշակույթով և ապագայով»

Գերմանացի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելն առհասարակ կասկածի տակ չդրեց Հայաստանի եվրոպական հեռանկարը՝ ընդգծելով, որ Հայաստանը Եվրամիության արժեքները կիսող պետությունը կարող է միանալ կառույցին. - «Հայաստանը հիրավի եվրոպական է՝ իր արժեքներով, մշակույթով և համոզված եմ՝ նաև ապագայով»:

Եվրախորհրդարանի խմբակցությունների համատեղ բանաձևում պատգամավորները բացի ԵՄ-ի և Հայաստանի միջև կապերից նաև հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին են խոսում։

Ողջունելով Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ եվրոպացի օրենսդիրները կոշտ քննադատություն են հնչեցնում Ադրբեջանի իշխանությունների հասցեին՝ ինչպես սեփական քաղաքացիների իրավունքները ոտնահարելու, այնպես էլ Հայաստանի և հայերի նկատմամբ իրականացվող քաղաքականության համար՝ ևս մեկ անգամ պնդելով, որ Ադրբեջանն է պատասխանատուն Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումների համար:

Եվրամիության օրենսդիր մարմինը նաև դաշինքի ղեկավարությանն է քննադատում՝ անընդունելի համարելով Շառլ Միշելի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի շնորհավորանքները Իլհամ Ալիևին՝ նախագահի պաշտոնը հինգերորդ անգամ ստանձնելու կապակցությամբ։

«Այդ հայտարարությունները չեն արտացոլում Եվրամիության դիրքորոշումը և երբեք չպետք է հնչեին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումներից հետո, որի պատասխանատուն Ադրբեջանն է», - պնդում են Եվրախորհրդարանի պատգամավորները և կոչ անում դաշինքի ղեկավարությանը վերանայել Բաքվի հետ համագործակցությունը՝ հիմք ընդունելով Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը հարգելու, Երևանի հետ խաղաղության առաջընթացի հասնելու Ալիևի կառավարության պատրաստակամությունը:

Եվրամիության օրենսդիր մարմնի ներկայացուցիչները լուրջ մտահոգություն են հայտնում Լեռնային Ղարաբաղում հայաթափմանը հաջորդած՝ Բաքվի նախաձեռնած գործողությունների՝ «հայկական բազմադարյա ներկայության մասին հիշեցնող վայրերի ոչնչացման, վանդալիզմի և պղծման դեպքերի» կապակցությամբ։

Պատգամավորները հորդորում են ՅՈՒՆԵՍԿՕ-ին անհապաղ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում վտանգի տակ գտնվող հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու և պաշտպանելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG