ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի հայտարարեց անօրինական միգրանտներին սատարելու որոշման մասին։ Ըստ դրա՝ ամերիկացիների հետ ամուսնացած հարյուր հազարավոր անօրինական ներգաղթյալներ չեն արտաքսվի, կարող են աշխատելու օրինական իրավունք, ԱՄՆ-ի քաղաքացիություն ստանալ՝ քայլ, որը խստորեն հակադրվում է անօրինական ներգաղթյալներին զանգվածաբար արտաքսելու Դոնալդ Թրամփի ծրագրերին։
Սպիտակ տանը երեքշաբթի կայացած միջոցառմանը Բայդենը նաև քննադատել է Թրամփին՝ ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ընտանիքների անդամներին բաժանելու մոտեցման, ԱՄՆ հասած միգրանտների հասցեին վրդովեցուցիչ արտահայտություններ թույլ տաու համար, ներառյալ, որ «նրանք թունավորում են մեր երկրի արյունը կամ նրանց կենդանիներ անվանելը»։
«ԴԺվար է հավատալ, որ դա ասվում է, բայց նա իսկապես բարձրաձայն ասել է դա, և դա վրդովեցուցիչ է։ Ես շահագրգռված չեմ քաղաքականություն խաղալ սահմանին կամ ներգաղթի հետ, ես շահագրգռված եմ շտկել դա»,- ասել է Բայդենը։
Նոյեմբերի 5-ի նախագահական ընտրություններից ամիսներ առաջ Բայդենի ընդունած որոշումից, վարչակազմի հաշվարկներով, կարող է օգտվել շուրջ կես միլիոն մարդ, այն տարածվում է նաև 21 տարին չլրացած 50 հազար անչափահասների վրա։ Բայդենի այս որոշումը համարվում է նախկին նախագահ Բարաք Օբամայից հետո անօրինական միգրանտներին աջակցեու ամենամեծ ծրագիրը։ Դեմոկրատական կուսակցությունից Օբաման կասեցրել էր անօրինական ճանապարհով երկիր մտած երեխաների արտաքսումը։ Այդ կարգից օգտվեցին ավելի քան 530 հազար ներգաղթյալներ, որոնք Ամերիկա էին մուտք գործել անչափահաս տարիքում։ Մոտավորապես նույնքան մարդ հիմա կարող է օգտվել դեմոկրատ նախագահ Բայդենի նոր որոշումից։
Բայդենի հայտարարությունից ժամեր անց հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Վիսկոնսին նահանգում նախընտրական հանդիպմանը հայտարարեց, որ ընտրվելու դեպքում չեղարկելու է Բայդենի որոշումը։
«Երբ ես վերընտրվեմ, Բայդենի համաներման պլանը պատռվելու և դեն է նետվելու», - հայտարարեց Թրամփը։
Առաջիկա ընտրություններում ներամերիկյան գլխավոր խնդիրներից մեկը համարվում է անօրինական ներգաղթը։
Ամերիկյան «Գելափի» անցկացրած հարցումների համաձայն՝ հանրապետականների կողմնակիցների 90 տոկոսը համարում է, որ անօրինական միգրացիան հիմնական սպառնալիքներից մեկն է ամերիկյան արժեքներին և կենսակերպին։ Դեռևս չկողմնորոշված ընտրողների շրջանում նման կարծիքին է 54 տոկոսը, իսկ դեմոկրատների մոտ 29 տոկոսը։ Անօրինական ներգաղթի դեմ բացասական վերաբերմունքն աճելու միտում է ցուցաբերում։
Նախորդ ընտրություններում Ջո Բայդենը ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը՝ խոստանալով չեղարկել ներգաղթը սահմանափակող Թրամփի քաղաքականության քայլերից շատերը, բայց տեսնելով ԱՄՆ-Մեքսիկա սահմանը անօրինական հատողների ձերբակալությունների ռեկորդային մակարդակը՝ խստացրել է իր դիրքորոշումը։
Անօրինական ներգաղթի հոսքը սահմանափակելու նպատակով մայիսի վերջին Բայդենը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ սահմանը անօրինական հատողների մեծ մասը չի կարող ապաստան խնդրել Միացյալ Նահանգներում։ Միգրացիոն ծառայության աշխատակիցներն իրավունք են ստացել նրանց վտարել երկրից դուրս՝ չընդունելով ապաստան տրամադրելու խնդրագրերը։