ԱՄՆ նախկին հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կուսակցությունը հիմա ուսումնասիրում է Ուկրաինային օգնության տրամադրումը վերսկսելու հնարավորությունը, սակայն դա պետք է արվի բացառապես որպես վարկ։
Նա այդ հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան խոսնակ Մայք Ջոնսոնի հետ հանդիպման ընթացքում, որը հեռարձակվել է Fox News հեռուստաալիքով։
«Մենք քննարկում ենք հարցը, մտածում ենք, որ այն {օգնությունը} պետք է լինի վարկ, այլ ոչ թե պարզ նվեր»,- ասել է նախկին նախագահը, ով այս տարվա նոյեմբերին պայքարելու է Սպիտակ տուն վերադառնալու համար:
Միաժամանակ Թրամփը եվրոպական երկրներին կոչ է արել «քայլ առաջ անել» և ավելի շատ գումար տրամադրել Կիևին՝ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ծավալը ԱՄՆ-ի տրամադրած ծավալին համապատասխանեցնելու համար։
«Ինձ շատ կվրդովվեցնի, եթե նրանք դա չանեն»,- զգուշացրել է Դոնալդ Թրամփն, ով մշտապես վերապահումներով է խոսում Ուկրաինային ռազմական և նյութական աջակցություն հատկացնելու մասին: