«Ոչ կառուցողական մոտեցում է», - Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսպես է մեկնաբանում Ֆրանսիայի շրջակա միջավայրի նախարարի՝ Բաքու այցից հրաժարվելը ու պնդում, թե իրենք կլիմայի վերաբերյալ հարցերը Ֆրանսիայի հետ հարաբերություններին չեն խառնում:
«Մենք միջոցառումներ ունեինք նաև մինչև COP29-ը, ֆրանսիացի բանագնացներն ու ներկայացուցիչները միշտ հրավիրվել ու մասնակցել են դրանց, COP-ի մեր թիմը նրանց հետ շատ կառուցողական աշխատանք է տարել», - նշել է Բայրամովը:
Բաքվում ընթացող կլիմայական փոփոխությունների համաժողովն Ադրբեջանի ու Ֆրանսիայի միջև դիվանագիտական սկանդալով է ուղեկցվում։ Օրերս նախագահ Իլհամ Ալիևը, որևէ կերպ չանդրադառնալով իր իսկ ղեկավարած երկրում մարդու իրավունքների խախտումների, քաղբանտարկյալների ու հետապնդումների վերաբերյալ աղաղակող փաստերին, Ֆրանսիային մեղադրեց «ճնշելու», «սպանելու», գաղութատիրական քաղաքականությունը շարունակելու ու քաղբանտարկյալներ պահելու մեջ։
Աղմկահարույց այս հայտարարությունից հետո Փարիզը չեղարկեց նախարարի այցը Բաքու՝ Ալիևի մեղադրանքներն անընդունելի որակելով։
Արձագանքելով Փարիզի որոշմանը՝ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարն էլ այսօր պնդեց՝ սխալ քայլ է․ - «Եվրամիության առաջատար երկրի համար, որը իրեն կլիմայի հարցերով առաջամարտիկ է համարում, ցանկացած պատճառաբանությամբ կլիմայական օրակարգից հեռու մնալը սխալ քայլ է»:
Համաժողովն առանց միջադեպերի չի անցնում
Ըստ «Թուրան» գործակալության՝ COP 29-ի սրահներից մեկում փողոցային շների գնդակահարության դեմ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացի է ձերբակալվել, տեսանյութում երևում է՝ ինչպես են մի խումբ տղամարդիկ ուժով հեռացնում ցուցարարի: Ըստ լրատվամիջոցի ուժ է կիրառվել նաև նրան նկարահանող 2 լրագրողի նկատմամբ։
COP 29-ի շրջանակում նախագահ Ալիևը շարունակում է տարբեր երկրներից ժամանած հյուրերի հետ հանդիպումներ ունենալ. պետությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Մի շարք առաջնորդներ, սակայն, համաժողովին չեն մասնակցում, ռուսական պատվիրակության կազմում, օրինակ, վարչապետ Միխայիլ Միշուստինն էր Բաքու ժամանել։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսով է խոսել Ալիևի հետ: Կրեմլի հաղորդմամբ՝ քննարկել են «արդյունաբերական համագործակցության և տրանսպորտի ոլորտում փոխշահավետ նախագծերի» իրականացմանը վերաբերող հարցեր։
Ի՞նչ են քննարկել այսօր Բաքվում
Ադրբեջանի պետական SOCAR նավթային ընկերությունն Արաբական Միացյալ Էմիրություններից «Մասդար»-ի ու Սաուդիան Արաբիայի ACWA Power -ի հետ հուշագիր է ստորագրել Կասպից ծովի ադրբեջանական հատվածում 3․5 գիգավատտ հողմային էլեկտրաէներգիա արտադրելու վերաբերյալ։ Այս նախագծով Ադրբեջանում առաջին ծովային հողմաէլեկտրակայանները կկառուցվեն։
«Մասդար» ընկերության արևային էլեկտրակայաններ կառուցելու նախագծերից մեկն Ադրբեջանում արդեն իրագործվել է, արաբական ընկերությունը նման պայմանավորվածություն նաև Հայաստանի հետ ունի, նախատեսվում էր կայանը շահագործել 2025 թվականից, բայց առայժմ շինարարությունն անգամ չի մեկնարկել։ ԱՆԻՖ-ը՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, որն էլ իր հերթին պետք է ներդրում կատարեր, այս տարի լուծարվեց։
COP 29-ին մասնակցող ԱՄՆ էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրանհոլմի կարծիքով՝ Ադրբեջանը կարող է ավելի շատ վերականգնվող էներգիա արտադրել:
Բաքվում այսօր ֆինանսական հարցեր են քննարկել․ ադրբեջանական բանկային ոլորտը պարտավորություն ստանձնեց մինչ 2030 թվականը 2 միլիարդ մանաթի մոտ 1,2 միլիարդ դոլարի չափով կանաչ ծրագրեր ֆինանսավորել, ինչն ըստ Ադրբեջանի բանկերի ասոցիացիայի նախագահի, կնպաստի երկրի անցումը դեպի քիչ ածխածին ծախսող տնտեսության։