Մատչելիության հղումներ

Ովքեր են չեղարկել, և ովքեր Բաքվում չեն մասնակցում COP29-ին


Ադրբեջանում մեկնարկել է COP29-ը` ՄԱԿ-ի կլիմայական փոփոխություների շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովը, որ կշարունակվի 2 շաբաթ։ Նախատեսվում է, որ գագաթնաժողովին կմասնակցեն ավելի քան 100 պետությունների ու կառավարությունների ղեկավարներ։

Բաքու է մեկնել նաև Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Նա արդեն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Բայց, Բաքվում ընթացող գագաթնաժողովի դեպքում ավելի հետաքրքիր է, թե ովքեր և ինչ պատճառով չեն մասնակցում, և դրանք հիմնականում կլիմայի և ոչ միայն կլիմայի հարցում նշանակալի դեր ունեցող պետությունների ղեկավարներն են։

Այսպես Բաքվում կլիմայի փոփոխությունները չի քննարկի Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Բաքվի ու Փարիզի սրված հարաբերությունների ֆոնին Ֆրանսիայի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջան չի մեկնի։

Այնտեղ չի մեկնի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, իսկ COP29-ում երկրի պատվիրակությունը կգլխավորի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Մինչ այդ Ուկրաինայի ներկայացուցիչն էր կոչ արել միջազգային հանրությանը բոյկոտել համաժողովը Պուտինի մասնակցության դեպքում։


Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որ Ալիևին իրենց վստահելի գործընկերն էր անվանել, իր բացակայությունը պատճառաբանել է իր ղեկավարման երկրորդ ժամկետը սկսելու պատրաստություններով։ Ի դեպ, Եվրոպան ավելացրել է գազի ներկրումն Ադրբեջանից։ Ակնկալվում է, որ այս տարի Ադրբեջանի գազի արտահանումը Եվրոպա կգերազանցի արդեն 12 միլիարդ խորանարդ մետրը՝ անցյալ տարվա 11,8 միլիարդ խորանարդ մետրի փոխարեն:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չեղարկել է իր մասնակցությունը COP29-ին՝ երկրում ներքաղաքական ճգնաժամի պատճառով։ Քանի որ COP29-ը տեղի է ունենում ԱՄՆ ընտրություններից մի քանի օր անց, նախագահ Ջո Բայդենը նույնպես չի մասնակցի համաժողովին։ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան չեղարկել է իր ուղևորությունը՝ առողջական խնդիրների պատճառով։

Բաքու դարձյալ առողջական խնդիրների պատճառով չի մեկնի Չարլզ III թագավորը, չնայած երկար տարիներ հենց նա էր մասնակցում Կլիմայի փոփոխությունների վերաբերյալ համաժողովներին։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Հարավային Աֆրիկայի ու Ավստրալիայի վարչապետները նույնպես բաց կթողնեն այս տարվա կլիմայի համաժողովը:

Որոնք են քննարկման հիմնական թեմաները

Իսկ մասնակից երկրների ղեկավարներն ու ներկայացուցիչները բավական բարդ բանակցությունների են պատրաստվում այս տարվա կլիմայական աղետներից հետո։ Համաժողովի հիմնական թեման ֆինանսներն են՝ Բաքվում հավաքված պատվիրակները հույս ունեն համաձայնության հասնել COP29 գագաթնաժողովի օրակարգի գլխավոր հարցի շուրջ՝ զարգացող երկրների համար տարեկան մինչև 1 տրիլիոն դոլար ֆինանսավորման թիրախ սահմանել 100 միլիարդ դոլարի փոխարեն։

ՄԱԿ-ի կլիմայի հարցերով ղեկավար Սայմոն Սթիլը Բաքվի մարզադաշտում ունեցած իր ելույթում հայտարարել է, որ պետք է հրաժարվել մտայնությունից, թե կլիմայի ֆինանսավորումը բարեգործություն է, և որ կլիմայի հարցով ֆինանսավորման հավակնոտ նոր նպատակը լիովին բխում է բոլոր պետությունների՝ ներառյալ ամենամեծ և ամենահարուստների
շահերից:

«Մենք պետք է համաձայնենք կլիմայի ֆինանսավորման նոր գլոբալ նպատակի շուրջ: Եթե աշխարհի երկրների առնվազն երկու երրորդը չկարողանա իրեն թույլ տալ արագ կրճատել արտանետումները, ապա յուրաքանչյուր պետություն դաժան գին է վճարելու: Եթե երկրները չկարողանան ճկուն մատակարարման շղթաներ ստեղծել, ապա ողջ համաշխարհային տնտեսությունը ծնկի կգա։ Որևէ երկիր իմունիտետ չունի այս հարցում», - ասել է նա։

Ադրբեջանի նման երկիրը չի կարող հյուրընկալել այսպիսի միջոցառում. Գրետա Թունբերգ

Բայց, օրակարգի հարցերին զուգահեռ կլիմայական հարցերի գագաթնաժողովը հյուրընկալող Ադրբեջանը քննադատության է ենթարկվում իր երկրում մարդու իրավունքների վիճակի, Արցախում իրականացրած էթնիկ զտումների համար։ Հնչում են նաև մեղադրանքներ, որ իրականում Բաքուն հանդիպումն օգտագործում է հանածո վառելիքի նոր գործարքներ կնքելու համար:

Քննադատներից մեկը՝ շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգն, այսօր Վրաստանի մայրաքաղաքում՝ Թբիլիսիում, միացել էր Ադրբեջանի դեսպանատան դիմաց ընթացող բողոքի ցույցին, որ կազմակերպել էր ադրբեջանցի լրագող Աֆղան Սադիգովի ընտանիքը։ Վրաստանի իշխանությունները Բաքվի պահանջով Սադիգովին ձերբակալել են երեք ամիս առաջ, քաղաքական ապաստանի խնդրանքը մերժել են, և հիմա լրագրողին արտահանձնում ու բանտարկություն է սպառնում։

«Բացարձակապես անընդունելի է, որ Կլիմայի վերաբերյալ համաժողովը հյուրընկալում է Ադրբեջանը, մի երկիր, որ շարունակաբար ճնշում է քաղաքացիական հասարակությանը, բռնաճնշումների ենթարկում իր բնակչությանը և հատկապես նրանց, ովքեր փորձում են պաշտպանել մարդու տարրական իրավունքները, երկիր, որ էթնիկ զտումներ է իրականացնում հայերի դեմ, երկիր, որի տնտեսությունը լիովին կախված է հանածո վառելիքից, և որը ծրագրում է ընդլայնել դրա արտադրությունն ու արտահանումը։ Նման երկիրը չի կարող հյուրընկալել այսպիսի միջոցառում և դրանով միջազգային հանրությունից լեգիտիմություն ստանալ ու շարունակել այդ հանցագործությունները», - հայտարարել է նա։

2024 թվականը լինելու է աշխարհի ռեկորդային ամենատաք տարին։ Գլոբալ միջին ջերմաստիճանը հունվար-սեպտեմբեր ամիսներին մոտ 1,54 աստիճանով գերազանցում է 19-րդ դարի վերջին ջերմաստիճանը։

Դեռևս 2015 թվականին Փարիզում գրեթե 200 երկրներ խոստացան, որ կփորձեն սահմանափակել ջերմաստիճանի բարձրացումները երկարաժամկետ կտրվածքով։

XS
SM
MD
LG