Մատչելիության հղումներ

Արցախի նախկին պաշտոնյաներին Բաքուն նոր մեղադրանք է առաջադրել, գործը դեռ դատարան չի հասել


Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, Լևոն Մնացականյան, Դավիթ Մանուկյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Բաբայան
Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, Լևոն Մնացականյան, Դավիթ Մանուկյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Բաբայան

Ադրբեջանում պահվող Արցախի նախկին պաշտոնյաներին Բաքուն նոր մեղադրանք է առաջադրել՝ պատմամշակութային հուշարձանների ոչնչացում, այսօր հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազը, բայց այլ մանրամասներ չի ներկայացրել։ Քամրան Ալիևը կրկին ասել է, որ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, նյութերը, սակայն, դեռ դատարան չեն ուղարկվել։

Սեպտեմբերի սկզբին էր Բաքուն հայտարարել, որ Արցախի նախկին պաշտոնյաները շուտով կկանգնեն դատարանի առջև։ Բոլորը մեղադրվում են ծանր հանցանքների մեջ՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում ու ֆինանսավորում: Եթե դատարանն այդ մեղադրանքները հաստատի, նրանց մինչև ցմահ ազատազրկում է սպառնում։

«Հիմա քրեական գործի նյութերին ծանոթանալու փուլն է: Դա բավականին շատ ժամանակ է պահանջում, քանի որ տուժողները շատ են։ Մեղադրանքները բավականին լուրջ են՝ դրանք անջատողականության, մեր պատմամշակութային հուշարձանների ոչնչացման մեղադրանքներ են», - ասել է Քամրան Ալիևը՝ չհստակեցնելով՝ երբ գործը կհասնի դատարան։

Արցախի վրա անցած տարվա հարձակումից հետո գերեվարվեցին նաև Լեռնային Ղարաբաղի ութ պաշտոնյաները՝ նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

«Ադրբեջանական դատական ակտերը առոչինչ են, բոլորին հայտնի է, որ մարդը չունի արդար դատաքննության իրավունք», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց միջազգային դատարաններում հայ գերիների շահերը ներկայացնող Արտակ Զեյնալյանը:

Նա կարծում է՝ արցախցի նախկին պաշտոնյաների մեղադրանքն ավելի ծանրացնելով՝ Բաքուն փորձում է Երևանից քաղաքական զիջումներ կորզել։

«Ադրբեջանի արածը որևէ աղերս չունի օրինականության, արդարության, մարդու իրավունքների հետ, դրանք ընդամենը քաղաքական դիվիդենտներ, քաղաքական հետևանքներ ակնկալող, գեներացնող պրոցեսներ են: Նրանք իրականում պատանդ են՝ իրենց բովանդակությամբ հանդերձ, շորթում իրականացնելու համար», - ասաց Զեյնալյանը՝ շարունակելով. - «Սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը մեզ հետ պատերազմ է վարում, իր համար Հայաստանի հետ պատերազմը ավարտված չի»:

Մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով հայտնի երկրի գլխավոր դատախազը կրկին պնդել է, թե Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների գործը դատարանը քննելու է «միջազգային չափանիշներին և Ադրբեջանի քրեական օրենսդրությանը համապատասխան»։

«Նրացից յուրաքանչյուրն ունի մի քանի փաստաբան ու նյութերին ծանոթանալու իրավունք, քանի որ մեղադրանքները բավական լուրջ են», - ասել է Ալիևը:

«Պատրանք», - Արտակ Զեյնալյանը կարճ այսպես է նկարագրում ադրբեջանական արդարադատությունը: - «Ադրբեջանի որևէ դատաքննություն միջազգային ստանդարտներին չի համապատասխանում, չի համապատասխանում նույնիսկ Ադրբեջանի սահմանադրությանը: Հետևաբար՝ այն պաշտպաններին, որ Ադրբեջանն է տրամադրել, դա ձևական բնույթ է կրում: Ոչ միայն հայերի համար, նաև Ադրբեջանի քաղաքացիների համար էլ դա չկա՝ դրա մասին են վկայում Եվրոպական դատարանի վճիռները Ադրբեջանի դեմ կայացված»:

Օրերս Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն էր կարծիք հայտնել, որ Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ չեն կարող իրականացվել անկողմնակալ ու անկախ դատավարություններ:

Հայաստանը չի կարող ուղիղ ներգրավվել Բաքվում մեկնարկելիք դատավարություններին, ոչ էլ միջազգային փաստաբանները կարող են արցախցի պաշտոնյաների շահերի պաշտպանությամբ զբաղվել: Միջազգային դատարաններում հայ գերիների հարցերով զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն էր ավելի վաղ բացատրել, որ Ադրբեջանում դա օրենքով է սահմանափակվում, իսկ ձերբակալվածների շահերի պաշտպանության ճանապարհը, ըստ իրավապաշտպանների, միջազգային հարթակներում հայկական կողմի ակտիվ աշխատանքը պետք է լինի։

«Գիտեք, Ադրբեջանում գտնվող գերիներին պաշտպանելու համար մենք միջոցներ ձեռնարկել էինք, որ հենց մեկնեինք Ադրբեջան և տեղում իրականացնեինք մեր վստահորդների պաշտպանությունը: Մենք մերժում ենք ստացել, փորձել ենք դա իրականացնել Եվրոպական դատարանի ճնշմամբ, Եվրոպական դատարանը հրաժարվեց իր վրա վերցնել այդպիսի պարտավորություն և պարտադրել Կոնվենցիայի կողմ հանդիսացող Ադրբեջանին, որպեսզի նա ապահովի մեր մասնակցությունը մեր վստահորդների պաշտպանության պրոցեսին Ադրբեջանի տարածքում», - ասաց Արտակ Զեյնալյանը:

Պաշտոնական տվյալներով՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից բացի Ադրբեջանում այս պահին ևս 15 հայ գերի կա։ Նրանց վիճակի, պահման պայմանների մասին հրապարակային տվյալներ չկան։ Հարազատների հետ կապը գերիները պահում են Միջազգային Կարմիր Խաչի միջոցով, որի ներկայացուցիչները պարբերաբար տեսակցում են ադրբեջանական բանտերում պահվող հայերին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG