Մատչելիության հղումներ

Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է հայտարարել


Ռուբեն Վարդանյանը կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ, արխիվ
Ռուբեն Վարդանյանը կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ, արխիվ

2023-ի սեպտեմբերի 28-ից Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել, տեղեկացնում է Վարդանյանի ընտանիքը։

Արցախի նախկին պետնախարարը պահանջում է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։

Ընտանիքը նշում է, որ հացադուլն սկսելուց հետո դադարեցվել են նրա հեռախոսազանգերը։ Ընտանիքը սա միջազգային իրավունքի բոլոր նորմերի բացահայտ խախտում է որակում նաև նշելով, որ հունվարին սպասվող դատաքննությունն առանց պատճառի տեղափոխվել է մինչև մայիս:

Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը հայտարարել է, որ խորապես մտահոգված է հոր առողջությամբ և վիճակով: «Ավելի քան 200 օր մենք չենք տեսել նրան: Ապրիլի 5-ից՝ հացադուլն սկսելուց ի վեր, նրա հետ բացարձակապես կապ չենք ունեցել», - նշել է Դավիթ Վարդանյանը։

Վարդանյանի ընտանիքը պահանջում է, որ Ադրբեջանի կառավարությունն անհապաղ մուտքի հնարավորություն տա Միջազգային կարմիր խաչին՝ Ռուբեն Վարդանյանի և մյուս բանտարկյալների վիճակը գնահատելու համար, վերականգնի հեռախոսակապը, Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է ներառի բոլոր հայ բանտարկյալների ազատ արձակումը, COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում՝ առանց նշված քայլերի իրագործման։

Ադրբեջանական կողմը Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին չի հայտնել:

Ռուբեն Վարդանյանը սեպտեմբերի 27-ին Լաչինի միջանցքի Հակարիի կամրջի անցակետում ձերբակալվեց, ապա 4 ամսով կալանավորվեց։ Նա մեղադրվում է «ահաբեկչության ֆինանսավորման», «ապօրինի զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծմանը և գործունեությանը մասնակցելու», «Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու» հոդվածներով։

Ադրբեջանի կողմից Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով 16 անձ է գերեվարվել։ Գերեվարվածների շարքում են նաև արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Բաքուն նրանց ևս ծանր մեղադրանքներ է առաջադրել։

Ռուբեն Վարդանյանը 2022-ի սեպտեմբերին հայտարարեց, որ հրաժարվում է Ռուսաստանի քաղաքացիությունից և տեղափոխվում է Արցախ։ 2022-ի նոյեմբերին նշանակվեց Արցախի պետնախարար։ Նա ղեկավարեց ընդամենը երեք ամիս՝ 2023-ի փետրվարին ազատվեց պաշտոնից։

XS
SM
MD
LG