«Շատ կարևոր հարցեր կան. իսկ ի՞նչ տեղի ունեցավ, ինչպե՞ս ստացվեց, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց», - շաբաթ օրը ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետը:
Ի՞նչ է անում վարչապետ Փաշինյանը, որ Բաքվի բանտերից Արցախի նախկին ռազմական ու քաղաքական ղեկավարները դուրս գան, Հայաստան վերադառնան, արդյո՞ք երբևէ ուղիղ այդ մասին խոսել է Ադրբեջանի ղեկավարի հետ։ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրվա ասուլիսում այս հարցերին ուղիղ պատասխանելու փոխարեն ինքը հարցեր բարձրացրեց.
«Ո՞վ նրան խորհուրդ տվեց կամ հանձնարարեց անել էդ քայլը, ո՞վ նրան ուղարկեց, այդ իմաստով, գործուղեց Հայաստանի Հանրապետություն, ո՞վ նրան գործուղեց Լեռնային Ղարաբաղ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով, ի՞նչ հավաստիացումներով, ի՞նչ խոստումներով ու վերջում ասեց՝ «գիտե՞ք ինչ, մենք էդքան էլ լավ չենք ճանաչում ինքն ով է»:
Հայաստանի թիվ մեկ բանակցողը իրեն հուզող այդ հարցերից բացի այլ բովանդակային մանրամասներ չհայտնեց։ Իսկ ինչո՞վ օգնեց գերիներին վերադարձնելու գործընթացին, բանակցություններին։ Որքանո՞վ էր նպատակահարմար այդ հարցերն այս փուլում հնչեցնել, երբ հասցեատերերը Բաքվի բանտերում, իր հերթին, հարցնում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:
«Անդրադառնալ մարդու և անել հարցադրումներ՝ բավական բազմիմաստ տողատակերով, և անել դրանք մի պայմաններում, երբ նա բանտված է կամ փաստացի պատանդառված է Բաքվում, ես կարծում եմ՝ այդպիսի քայլը, մեղմ ասած, բարոյական չէ, որովհետև այդ մարդը չունի պատասխանելու հնարավորություն, այդ մարդը չունի ի՛ր հարցերը տալու, ի՛ր պատասխանները հնչեցնելու հնարավորություն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բադալյանը:
11 ամիս է՝ ադրբեջանական բանտերում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և նախկին բարձրաստիճան զինծառայողներ:
«Այդ հարցերը չունեն իրավական նշանակություն, ՀՀ քաղաքացի հանդիսացող յուրաքանչյուր անձ ունի հայրենիք վերադառնալու իրավունք, և այս իրավունքի իրացման առնչությամբ քաղաքացիության երկիրը պետք է ձեռնարկի դրական գործողություններ, ընդ որում, նշեմ, որ այդ գործողությունները ձեռնարկել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարությունը», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Եվրոպական դատարանում հայ գերիներին ներկայացնող Սիրանուշ Սահակյանը:
Իրավապաշտպանը վարչապետի խոսքերը չի համարում Կառավարության ընդհանրական դիրքորոշում: Նրա տպավորությամբ՝ Փաշինյանի հարցադրումները քաղաքական նշանակություն ունեն: «Այս հարցերի պատասխանները քաղաքական առումով կարող են նպաստել կամ խոչընդոտել գործընթացի տեմպին: Բայց ես որևէ կերպ չեմ ընկալում խոսքը այն կոնտեքստում, որ այն ուղերձ էր, որ Հայաստանի իշխանությունները հետաքրքրված չեն, կամ այս գործոնների պարագայում նրանք չեն հիմնական հասցեատերը պարտականությունների, կամ որ հրաժարվում են այդ գործընթացները իրականացնել, և այլն», - նշեց Սահակյանը:
Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվել ու Արցախ էր տեղափոխվել ուղիղ երկու տարի առաջ։ Պետնախարար նշանակվելուց հետո, Ադրբեջանը պահանջում էր նրա պաշտոնանկությունը, որն ի վերջո տեղի ունեցավ Արցախի շրջափակումից երկու ամիս անց։ Ռուսաստանցի գործարարի Արցախ տեղափոխվելու հարցում ի՞նչ դեր ուներ Մոսկվան։ Լավրովը դեռ Վարդանյանի պետնախարար նշանակվելուց ամիսներ անց էր հայտարարել, թե նրա հետ կապ չունի Ռուսաստանը։
«Ադրբեջանի քարոզչամիջոցները արդեն իսկ օգտագործել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ նույնիսկ վերնագրեր դնելով, որ Փաշինյանը անուղղակիորեն առնվազն աջակցեց Ադրբեջանին Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու հարցում: Որովհետև փաստացի երբ հայտարարում է, որ կան այս, այս, այս հարցերը, ըստ էության, ստացվում է, որ ինչ-որ մեկը ուղարկել է Ռուբեն Վարդանյանին, և դրա համար էլ ձերբակալվել է Վարդանյանը», - շեշտեց Հակոբ Բադալյանը:
Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը, որ այսօր Եռաբլուր էր այցելել , Փաշինյանի մեկնաբանությանը հպանցիկ անդրադարձավ. - «Ինձ թվում է՝ այդ հայտարարություններ անողները պետք է ավելի բաց և ավելի ճիշտ խոսեն հանրության հետ, որպեսզի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը»:
Բաքուն Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան ղեկավարներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։ Երկու ամիս առաջ Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարեց, թե քրեական գործերն առաջիկայում կփոխանցվեն դատարան։ Դատավարությունները դեռ չեն սկսվել։
Եվրոպական դատարանում հայ գերիներին ներկայացնող Սիրանուշ Սահակյանը ակնկալիք չունի, որ Բաքվում հնարավոր կլինի ապահովել Արցախի նախկին պաշտոնյաների շահերի պաշտպանությունը, իսկ Բաքվի առաջադրած մեղադրանքներով նրանց սպառնում է տասնյակ տարիներից մինչև ցմահ ազատազրկում։