Ադրբեջանում բանտարկված, Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների ազատ արձակման հարցով դիմում է միջազգային հանրությանը։
Երեկ Բաքվի դատարանը ևս հիգ ամսով երկարաձգեց Արցախի նախկին պետնախարարի կալանքի ժամկետը։ Նախօրեին էլ ևս հինգ ամսով երկարաձգել էր Արցախի նախկին նախագահների՝ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, ՊՆ նախկին նախարար Լևոն Մնացականյանի, գեներալ Դավիթ Մանուկյանի, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքը։ Ադրբեջանում նրանք մեղադրվում են մի շարք ծանր հանցանքներում:
Այսօր տարածած հայտարարությունում վարդանյանի ընտանիքը նշել է, որ ութ ամիս շարունակ Ադրբեջանի իշխանություններն արհամարհել են միջազգային իրավունքը և մարդկային արժանապատվությունը՝ Ռուբեն Վարդանյանին պահելով անազատության մեջ՝ առանց դատավարության և պատշաճ գործընթացի։ Ըստ ընտանիքի՝ Բաքուն նաև չի հայտնում, թե երբ տեղի կունենա պատշաճ դատավարություն կամ լսումներ` իրենց, այսպես կոչված, «մեղադրանքների» հիման վրա: Վարդանյանի կալանքը ևս հինգ ամսով երկարաձգելու այս որոշումը, ըստ հայտարարության, տեղի է ունեցել առանց պատշաճ իրավական ընթացակարգի, և հանդիսանում է մարդու հիմնարար իրավունքների ևս մեկ կոպտագույն խախտում։
«Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ կառավարությունների, բիզնեսի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, պահանջել Ռուբեն Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը, եթե Ադրբեջանը ցանկանում է պահպանել COP 29-ը հյուրընկալելու արտոնությունը, որն Ադրբեջանը հռչակել է որպես «Խաղաղության COP», - ասված է ընտանիքի հայտարարությունում։