Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը շարունակում է կենտրոնացած մնալ Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակման խնդրի վրա․ Պատել


ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատել, արխիվ
ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատել, արխիվ

Թե՛ ԱՄՆ պետքարտուղարը, թե՛ պետքարտուղարի օգնականը շարունակում են կենտրոնացած մնալ Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակման խնդրի վրա, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Բաքվի և Վաշինգտոնի միջև բարձր մակարդակի հանդիպումներն ընթանում են առանց քաղբանտարկյալների ազատ արձակման։

Պատելը շեշտել է, որ սա երկար գործընթաց է և Վաշինգտոնից պահանջում է շարունակական ներգրավվածություն։

Ադրբեջանցի իրավապաշտպանները պնդում են, որ 2000-ականներից ի վեր առաջին անգամ երկրում քաղբանտարկյալների թիվն անցել է 300-ը։ Ադրբեջանցի իրավապաշտպանների ուսումնասիրության համաձայն, ճաղերի ետևում են գտնվում տասնյակ լրագրողներ, բլոգերներ, իրավապաշտպաններ, ընդդիմադիր քաղաքական գործիչներ, հավատացյալներ։

Ադրբեջանական բանտերում նաև դեռ 23 հայ կա, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG