Մատչելիության հղումներ

Կառավարության նիստին զուգահեռ բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում


Կառավարության շենքի մոտ արդեն ոստիկանական պատ չկա, դեպի Հանրապետության հրապարակ մուտքերն էլ ազատ են, սակայն մի քանի ժամ առաջ բոլորովին այլ պատկեր էր այստեղ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր շարժումը, որն առաջնորդում է Բագրատ սրբազանը, այսօր առավոտից ավելի քան վեց ժամ բողոքի ակցիա էր իրականացնում Կառավարության շենքի շուրջ:

Նախ առավոտյան Կառավարության նիստին զուգահեռ մեքենաներով բոլոր կողմերից փակվեցին Հանրապետության հրապարակի մուտքերը: Հրապարակը մի քանի րոպե պարալիզացված վիճակում էր, ոստիկանությունը, սակայն, շատ արագ միջոցներ կիրառեց, և 9 մարդ բերման ենթարկվեց, 11 մեքենա տարվեց տուգանային հրապարակ:

Պտույտ Կառավարության շենքի շուրջ՝ այսպես կարելի է որակել ընդդիմության այսօրվա բողոքի ակցիան, որովհետև Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցները վեց ժամ շարունակ շրջեցին Կառավարության շենքի շուրջը՝ փորձելով փակել կամ հսկել բոլոր մուտքերը, որպեսզի կարողանան հանդիպել շենքից դուրս եկող վարչապետի հետ: Նիկոլ Փաշինյանը շենքից այդպես էլ դուրս չեկավ, համենայն դեպս՝ Կառավարության որևէ անդամի, այդ թվում՝ վարչապետին, բողոքի ակցիայի մասնակիցները չհանդիպեցին ակցիայի ժամանակ:շենքը մի քանի շարքով ոստիկանական պատ էր հսկում մինչև այս պահն էլ:

Բագրատ սրբազանը Կառավարության շենքը որակեց «բանտ»՝ նկատի ունենալով, որ եթե առաջ վարչապետ Փաշինյանը կարողանում էր հեծանվով շրջել մարդկանց մեջ, հիմա փակվել է այս շենքում և դուրս չի գալիս:

«Ինքը արդեն էս շենքը կալանավայրի է վերածել, տեսեք ոստիկանական շերտերը», - ասաց արքեպիսկոպոսը: - «Ես միշտ ասել եմ՝ մենք ի՞նչ ենք արել՝ ոչ մի բան: Մարդիկ պարզ եկել են, մեքենաները տանում են, չեն թողնում մուտք գործեն ազդանշանի համար, մենք էլ եկել ենք ասելու, որ «դու էս երկրում անելիք չունես»: Հիմա կալանավայր չի՞, հեծանիվով չէր ման գալի՞ս, հեծանիվով էր, չէ՞, բա հիմա ո՞ւր է հեծանիվը»:

Ավելի քան վեց ժամ ընթացող բողոքի ակցիան պետք է ամփոփվեր ժամը 18-ին, սակայն ավելի վաղ ավարտվեց. Բագրատ արքեպիսկոպոսն իր աջակիցներին հաղորդեց, թե վարչապետը վախեցել է և այլ ճանապարհով է դուրս եկել, և այլևս անիմաստ է մնալ մուտքերի մոտ և սպասել նրան:

Բողոքի ակցիայի ընթացքում Ազգային ժողովի «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավորները տնկիներով մոտեցան ցուցարարներին: Սա խորհրդանշական ակցիա էր, և պատգամավոր Քրիստինե Վարդանյանը բացատրեց, թե ինչ նկատի ունեն դրանով. - «Փաշինյանը իր հայտնի հարցազրույցներից մեկում ասաց, որ, օրինակ, տարբերակ կարող է լինել անվտանգության ապահովման, եթե Կիրանցի դպրոցի կողքին տնկեն ծառեր: Հիմա եթե Կիրանցի դպրոցի երեխաների անվտանգությունը հնարավոր է ապահովել տնկիներով, առաջարկում ենք Փաշինյանի անվտանգությունը երաշխավորող բերետների փոխարեն դնել ես տնկիները՝ թող հետ քաշվեն: Ոնց որ Տավուշից են առաջարկում զորքերը հետ քաշել, տեղը, օրինակ, տնկիներով ապահովել անվտանգություն, թող իրենք գոնե իրենց դնեն էն պայմաններում, որ առաջարկում են, օրինակ, կիրանցեցիներին»:

XS
SM
MD
LG