Առավոտյան սուրբ Աննա եկեղեցուց Բագրատ արքեպիսկոպոսը աջակիցների հետ երթով շարժվեց Ներքին գործերի նախարարություն՝ Վահե Ղազարյանից բացատրություններ պահանջելու։
Մինչ սրբազանի տեղ հասնելը, նախարարության շենքի բոլոր մուտքերը ոստիկանական ուժերը շղթայել էին։
Ընդդիմության առաջնորդը պահանջեց՝ Վահե Ղազարյանը ներքև իջնի ու պարզաբանի՝ ինչո՞ւ են ոստիկանները Հանրապետության տոնի օրը փակել Կաթողիկոսի մուտքը Սարդարապատ, ի՞նչ պատժի են արժանացել պատգամավոր Աշոտ Սիմոնյանին հարվածող ու ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառող ոստիկանները։ Բագրատ սրբազանն այս հարցերի պատասխաններն էր ուզում լսել Ներքին գործերի նախարարից, որին անձամբ ճանաչում է, իր ընկերն է համարում։
Ներքև իջավ ներքին անվտանգության վարչության պետը։ Փոխանցեց՝ պատգամավորին հարվածելու գործով մեկ ոստիկանի ծառայությունը կասեցվել է։ Ծառայողական քննություններ են նշանակվել։
Այս պարզաբանումները չգոհացրին Բագրատ սրբազանին, նա շարունակեց պահանջել Վահե Ղազարյանին։ Նա իր տեղակալի՝ Արամ Հովհաննիսյանի միջոցով առաջարկեց հանդիպել ոչ այստեղ։
Արքեպիսկոպոսը մերժեց Վահե Ղազարյանի առաջարկն ու իր աջակիցների հետ շուրջ հինգ ժամ մնաց նախարարության մոտ։ Ակցիան խաղաղ շարունակվեց, ոստիկանների հետ միջադեպ չեղավ։
Վահե Ղազարյանը կեսօրին պետք է խորհրդարան գնար՝ քննարկման, բայց տեղակալն էր Ազգային ժողով հասել։ Նախարարին հինգ ժամ սպասելուց հետո Բագրատ սրբազանը հուսահատվեց. - «Հույսս խափանվեց, կարծում էի տղամարդկությունն ի վերջո տեղ է գտել ձեր կյանքում, բայց էն կողքի մարդիկ լավ մարդ չեն, մի լսի իրենց»:
Ցուցարարները երթով վերադարձան եկեղեցի։
Կառավարության հրաժարականը պահանջող արքեպիսկոպոսը Նիկոլ Փաշինյանին էլ հանդիպման հրապարակային առաջարկ էր արել, վարչապետն այսօր խորհրդարանում արձագանքել է, թե ցանկացողները կարող են հերթագրվել։
Երեկոյան Բագրատ սրբազանն ու աջակիցները կրկին կհավաքվեն եկեղեցու մոտ՝ օրն ամփոփելու ու անելիքները քննարկելու։